0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հայաստանում ժողովրդավարության նահանջը հիմնավոր է. պետք է հրաժարվել աբսուրդ օրենսդրական նախաձեռնություններից

February 6, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Ըստ հեղինակավոր «Էկոնոմիստ Ինթելիջենթ Յունիթի» հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության վերաբերյալ ամենամյա հաշվետվության՝ 2020 թվականին Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով հետընթաց է ապրել: Հայաստանը, 2019 թվականի համեմատ, 0.19 կետով անկում է գրանցել։ 2019-ին Հայաստանը ուներ 5.54 միավոր։

 

2020-ին՝ արդեն 5.35։ «Էկոնոմիստ Ինթելիջենթ Յունիթի»-ն ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն աշխարհի 165 երկրներում և 2 անկախ տարածքային միավորներում ժողովրդավարության նախորդ տարվա ընթացքում եղած միտումների մասին։ Անցյալ տարի Հայաստանում, Մակեդոնիայում, Էկվադորում, Հայիթիում և Թունիսում արձանագրվել է ժողովրդավարական զգալի բարելավում, ինչը Հայաստանի մասով այս տարի չես ասի։

 

Նշենք, սակայն, որ նույն այս հետազոտական ընկերության ցուցանիշների համաձայն՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը՝ ավելի կոնկրետ 2017-ին, Հայաստանը «ավտորիտար ռեժիմների» շարքում էր՝ ունենալով 4.11 միավոր։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Հայաստանում ժողովրդավարության նահանջը հիմնավոր է համարում և կապում է անցած տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների և դրանից բխող հետևանքների հետ։ «Ես չգիտեմ, թե ինչ բաղադրիչներ են հիմք հանդիսացել այդ հետազոտության համար, բայց կարող եմ ասել, որ անցած տարի Covid-ով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը լուրջ մարտահրավեր էր իրավունքների ու ազատությունների հետ կապված։ Մենք ամենասկզբում էլ քննադատեցինք հենց խոսքի ազատության հետ կապված սահամանփակումները, վարչական տուգանքների հետ կապված խնդիրներ առաջացան, հավաքների հետ կապված լուրջ խնդիրներ առաջ եկան։ Ճիշտ է, հետագայում որոշ սահմանափակումներ հանվեցին, մեղմացվեցին, բայց, իմ համոզմամբ՝ նահանջը հիմնավոր է»,- ասաց իրավապաշտպանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանի արձանագրած այս նահանջը ոչ մի պարագայում չի կարող համեմատելի լինել այն մակարդակի հետ, որը կար մինչև 2018 թվականը։ «Սա ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները հեղափոխությունից հետո պետք է զարգանային, որը չարվեց, և դա իր ազդեցությունը, բնականաբար, պետք է ունենար նման ցուցանիշների վրա»,- ասաց Սաքունցը։

 

Որպեսզի 2021-ին Հայաստանը ժողովրդավարության առումով նահանջ չգրանցի, իրավապաշտպանի խոսքերով՝ պետք է հրաժարվեն այնպիսի աբսուրդ օրենսդրական նախաձեռնություններից, որոնք հիմա ներկայացվում են Ազգային ժողովում և որոնցից մեկն էլ, օրինակ, «ԶԼՄ-ների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են։ «Բայց դա դատական համակարգում պետք է արմատական փոփոխություն կատարի։ Դատաիրավական ամբողջ համակարգը, ոստիկանությունը պետք է փոփոխության ենթարկվեն։ Այսինքն՝ այն բոլոր արմատական փոփոխությունները, որոնք մեր կողմից ներկայացվել էին, այդ ուղղությամբ պետք է քայլեր կատարվեն, և այդ դեպքում երաշխիքներ կլինեն, որ ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը կլինի երաշխավորված, ու ժողովրդավարության առումով Հայաստանը անկում չի գրանցի»,- եզրափակեց իրավապաշտպանը։

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքերով ևս՝ զեկույցը հիմնավոր է, արտացոլում է Հայաստանում առկա վիճակը։ Կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված՝ Հայաստանում մոտ մեկ տարի է կա՛մ արտակարգ դրություն է, կա՛մ ռազմական դրություն՝ դրանից բխող բոլոր սահմանափակումներով, և դա չէր կարող իր ազդեցությունը չթողնել։ «Մենք որոշակի ժամանակ ունեցել ենք սահմանափակումներ խոսքի ազատության առումով, որը, իմ կարծիքով, ավելին էր, քան օբյեկտիվորեն պետք էր։ Մենք հավաքների ազատության սահմանափակում ունեցանք, որն ավելին էր, քան պետք էր։ Մենք ամռան ամիսներին առաջարկում էինք դա վերացնել, բայց կառավարությունը միայն օգոստոսի վերջին դա վերացրեց։ Մենք ունեինք նաև գործադուլների իրավունքի սահմանափակում։ Այս ամենը, իհարկե, անդրադառնալու էր Հայաստանում ժողովրդավարության վրա»,- ասաց Իոաննիսյանը։

 

Մեր զրուցակիցը նկատում է, որ արտակարգ դրության ու ռազմական դրության ռեժիմների պատճառով Հայաստանում հնարավոր չի լինում անցկացնել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Այո, այնպես չէ, որ այս փուլում մեծ ընտրություններ են եղել, բայց ամեն դեպքում շատ համայնքներում ընտրությունները պետք է եղած լինեին, բայց չեն եղել, քանի որ արտակարգ, ապա նաև ռազմական դրություն էր։ Սա էլ է իրավունքների սահմանափակում, որը չէր կարող չանդրադառնալ ժողովրդավարության ցուցանիշի վրա»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ, այո, շատ վատ է, որ մենք ունեցանք սահմանափակումներ, որոնք կարող էին չլինել և չազդել Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշի վրա, բայց պետք է ընդգծել, որ Հայաստանը անհամեմատ լավ դիրքում է, քան նախահեղափոխական ժամանակաշրջանում։ Այդ ժամանակների հետ համեմատելու ոչ մի եզր չկա։

 

1in.am

Դիտումներ՝ 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????