Հայաստանում ընտրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը փաստում է, որ Վենետիկի հանձնաժողովն ամբողջությամբ ընկալել, գիտակցել ու ընդունել է Հայաստանում հեղափոխական փոփոխությունների բովանդակային տրամաբանությունը: Պետք չէ այդ հայտարարությանը վերաբերվել տեխնիկական ու ձևական մոտեցումներով: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Կարող ենք արձանագրել հետևյալը՝ սա ցայտուն օրինակ է այն բանի, որ երբ դու կամք ունես, ջանքեր ես գործադրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, ապա միշտ էլ կունենաս աջակցություն ժողովրդավարական կառույցների կողմից, որոնք ոչ թե ձևական են մոտենում հարցին, այլ բովանդակային»,- հավելեց նա:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, հայկական կողմի հետ հանդիպումներից հետո, երեկ հայտարարություն է տարածել՝ հիմնականում դրական գնահատելով Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Նա հայտարարությամբ փաստում է, որ Հայաստանում ստեղծված է առանձնահատուկ իրավիճակ, որը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում:
Արթուր Սաքունցի խոսքով՝ փաստորեն Վենետիկի հանձնաժողովը շատ ավելի համարժեք մոտեցավ խնդրին, քան հայաստանյան քաղաքական ուժերը:
«Եվ այն հարցերը, որոնք հիմա այս Ընտրական օրենսգրքի փոփոխություններով լուծվում են, դրանք հենց Վենետիկի հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերն են: Այստեղ մեկ խնդիր կար, որը վերաբերում էր ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ժամկետին, ինքը շատ հստակ արձանագրել է, որ Հայաստանը գտնվում է հեղափոխական փոփոխությունների փուլում և այսպես կոչված բնականոն, ստատիկ վիճակների նկատմամբ կիրառելի մոտեցումներին այս իրավիճակում վերապահումով կարելի է մոտենալ: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է գործընթացների կարևորությունը, ոչ թե ձևական կողմերը: Բայց, նորից եմ կրկնում, ինքն այդ հայտարարությամբ կարևորել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների բովանդակությունը, որը գալիս է ամրագրելու իրապես ժողովրդավարական մոտեցումները, որոնք նախորդ իշխանությունները մերժել էին: Խոսքը վերաբերում է թե տարածքային ռեյտինգային ցուցակներին, թե կանանց մասնակցության թվի ավելացմանը, շատ կարևոր է նաև, որ, իմ համոզմամբ, կարևորվել է նաև կուսակցությունների թվի սահմանափակման վերացման հարցը, այսինք՝ նվազագունը ոչ թե երեք կուսակցություն պետք է ներկայացված լինի խորհրդարանում, այլ 4 կուսակցություն»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, որ նախքան Ընտրական օրենսգրքի քննարկումներն Ազգային ժողովում, Վենետիկի հանձնաժողովը չի հասցնում խորհրդատվական եզրակացություն տալ փաթեթին, ինչը որոշ մասնագետներ արտառոց իրավիճակ են որակում, Արթուր Սաքունցն ասում է, որ դա մեկնաբանվում է նրանով, որ Վենետիկի հանձնաժողովը շատ ավելի շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ, քան շատ քաղաքական, այսպես կոչված, ուժեր Հայաստանում, որոնք միայն մտահոգված են սեփական դիրքերը պահպանելով:
«Եվ այս առումով է նաև, որ Վենետիկի հանձնաժողովից շատ արագ արձագանքեցին՝ հասկանալով նաև Հայաստանում տիրող իրավիճակը»,- նշեց նա:
Leave a Reply