COVID-19 | Գործունեություն | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
________
Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող 2019-2020 թվականների գործողությունների ծրագրով (Ծրագիր) նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է կատարվեին 2019 թվականի ընթացքում և մինչև 2020 թվականի առաջին եռամսյակը։
Ստորև ներկայացնում ենք հաշվետու 2019 թվականի ընթացքում նախատեսված, սակայն մինչ այժմ չկատարված գործողությունները։
1.«Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» ՀՀ օրենքի (անհրաժեշտության դեպքում՝ օրենքների նախագծերի փաթեթի) նախագիծը պետք է մշակվեր 2019 թվականի 2-րդ կիսամյակում։ Հանձնաժողովի ձևավորման ժամկետը սահմանված է 2020 թվականի առաջին եռամսյակը։
📍«Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռևս չի դրվել հանրային քննարկման։
2.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, քննարկումը` շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության հետ և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ նախատեսվել է 2019 թվականի 2-րդ կիսամյակում։ Նախագծով առաջարկով կարգավորումները ուղղված են դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան կարգի ներդմանը, որը, ի թիվս այլնի, պետք է նախատեսի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման օրենսդրական կանոնակարգումների կատարելագործումը, դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման գործընթացների թափանցիկության ապահովումը: Նախագիծը քննարկվել է 2019 թվականին և ընդունվել է 2020 թվականի մարտի 25-ին։ Ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը պարունակում է Ծրագրով սահմանված գնահատման հանձնաժողովի կազմավորման փոփոխված կարգ, գնահատման պատճառաբանվածություն և հարցազրույցի փուլում միջազգային առաջատար հոգեբանական ինստիտուտների կողմից կազմված հոգեբանական թեստի անցկացում:
📍Նշված օրենքը չի պարունակում դատավորների թեկնածուների ընտրության գործընթացում միջազգային փորձագետների ներգրավվածութան ապահովմանն ուղղված դրույթ, ինչը նախատեսված էր Ծրագրով:
3.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, քննարկումը` շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության հետ և ներկայaցումը ՀՀ վարչապետի աշխատակազմ նախատեսվել է 2019 թվականի 2-րդ կիսամյակում։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների բարեվարքության գնահատման համար անհրաժեշտ՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրական հիմքերի մշակմանը: Նախագիծը քննարկվել է 2019 թվականին և ընդունվել է 2020 թվականի մարտի մարտի 25-ին։
Ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքում Ծրագրով սահմանված դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման համար հիմք հանդիսացող էական կարգապահական խախտումների ցանկը հստակեցված չէ: Հստակեցված չեն նաև դատական սխալը դատավորի կողմից իր մասնագիտական գործունեության ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումից տարանջատելու հիմքերը, ինչը պահանջվում է Ծրագրով:
4.«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, քննարկումը` շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության հետ և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ սահմանվել է 2019 թվականի 2-րդ կիսամյակում։ Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի փոխարեն ստեղծվում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, որի անդամները պետք է ընտրվեն ոչ թե հինգ, այլ երկու տարով և որը կընդգրկի ոչ միայն դատավորներին, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Նախագիծը քննարկվել է 2019 թվականին և ընդունվել է 2020 թվականի մարտի մարտի 25-ին։
📍Ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը շեղվել է Ծրագրով սահմանված ժամկետներից և անդամների ընտրության համար սահմանել 4 տարվա ժամկետ, 2 տարվա փոխարեն։
5.Մշակել օրենսդրական փոփոխություններ` ուղղված դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացմանը:
«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մշակման ժամկետ սահմանվել է 2019 թվականի 2-րդ կիսամյակը, իսկ 2020 թվականին այն պետք է դրվեր քննարկման` շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության հետ, և հաստատվեր ՀՀ Կառավարության կողմից։
📍«Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման:
6. Փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում՝ ուղղված դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի ավելացմանը:
Դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի ավելացման նպատակով համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների կատարման նախագծերի մշակումը, քննարկումը` շահագրգիռ կողմերի հետ, հանրային քննարկումը և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ նախատեսվել է 2019 թվականի 2-րդ կիսամյակում:
📍Դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի փոփոխության նախագիծ չի դրվել հանրային քննարկման։
7.«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ ընդլայնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը մշակումը, քննարկումը և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ նախատեսվել է 2019 թվականի երկրորդ կիսամյակում:
📍Նախագիծը չի դրվել հանրային քննարկման:
8.«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ ներդնելով pro-bono իրավաբանական ծառայությունների արդյունավետ կառուցակարգը։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, քննարկումը և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ նախատեսվել է 2019 թվականի երկրորդ կիսամյակում:
📍Նախագիծը չի դրվել հանրային քննարկման:
Leave a Reply