ՀՔԱ Վանաձորի գրասենյակ խորհրդատվության դիմած ՀՀ քաղաքացին, ով գործարանի փակման պատճառով ազատվել է աշխատանքից, հայտնում է վերջին ամսում աշխատավարձ չստանալու մասին։ Քաղաքացին դիմել է դատարան՝ գործարանից գումարի բռնագանձման պահանջով, սակայն մինչ օրս քաղաքացին չի ստացել դատարանի վճռով սահմանված չվճարված աշխատավարձը, քանի որ գործարանը լուծարվել է, ապա՝ դատարանի վճռով ճանաչվել սնանկ, որի արդյունքում էլ կատարողական վարույթը կարճվել է։
Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, սեփականության իրավունքի խախտումը բացառելու նպատակով, կազմակերպություններին սնանկ ճանաչելու դեպքում սահմանել պետության պարտավությունները, որով էլ կսահմանվեն կատարված աշխատանքի դիմաց ակնկալվող նյութական միջոցների տրամադրման գործընթացները՝ միաժամանակ բացառելով սեփականության իրավունքի խախտման դեպքերը։ Վերոնշյալ պարտավորությունները կդրվեն պետության վրա այն հիմքով, որ դատարանը պետության կողմից ստեղծված, պետության անունից հանդես եկող, արդարդատությունը իրականացնող մարմինն է, հետևաբար դատարանի վճռով ճանաչելով կազմակերպությանը սնանկ, պետությունը պարտավորվում է կրել իր որոշման հետևանքները՝ թույլ չտալով սեփականության իրավունքի խախտումները, զրկելով սնակ պարտատերերին իրենց և՛ օրինական սպասելիքներից և՛ նյութական ակնկալիքներից։
Գտնում ենք, որ պետությունը պետք է երաշխավորի աշխատավարձը՝ որպես սեփականության իրավունք, իսկ կազմակերպության սնանկ ճանաչվելու դեպքում, երբ չի վճարվում աշխատողի աշխատավարձը՝ պետությունը պետք է գործուն և արդյունավետ միջոցներ ձեռնարկի աշխատող անձանց չվճարված աշխատավարձը վճարելու նպատակով և ապահովի աշխատավարձի՝ որպես սեփականության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում համապատասխան օրենսդրական կարգավորումներ կատարելու միջոցով։
Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ :