Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Նորություններ | Ջուլիետա Ղուկասյան
2018թ. դեկտեմբերի 3-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա. Ռ.-ի ծեծելուց հետո հիվանդանոցում մահացած գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերի 21-ին միջնորդություն են ներկայացրել գործը քննող ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանին՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ Ա. Ռ.-ին ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցով:
Նրանք վկայակոչել են «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։
Փաստ է, որ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում, և այս դեպքում պետք է կիրառվի ՀՀ օրենսդրությունը:
Կատարված հանցագործությունը չի դասվում նաև համաձայնագրով սահմանված այն բացառությունների շարքին, որոնց դեպքում պետք է կիրառվի ՌԴ օրենսդրությունը. մասնավորապես՝ քրեական գործը չի հարուցվել ռուսական ռազմական բազայի տեղակայման կետերի տարածքում, ՌԴ կամ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների դեմ, կամ զինվորական հացագործություն կատարելու համար:
Այս հիմնավորումներով Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները վարույթն իրականացնող ՀԿԳ քննիչ Ա. Մնոյանից պահանջել են միջոցներ ձեռնարկել մեղադրյալ Ա. Ռ.-ին ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել:
Leave a Reply