Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՈւԺԵՐԻՆ ՕՏԱՐԵՐԿՅԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է

22 մարտի 2025թ․ 

2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ։ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը խոսել է Գյումրու՝ ՌԴ-ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունենալու մասին։ Նա նաև հայտարարել է, որ ՌԴ-ի իշխող ուժը Գյումրիում սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ 

Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ, ինքնին խնդրահարույց է, քանի որ կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։  

Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են։ Դրանք խաթարում են Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, ինքնիշխան և իրավական պետության սկզբունքները։ 

Հայաստանի Հանրապետությունում ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պարտավոր է խստորեն հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին, որով ուղղակիորեն արգելվում է օտարերկյա քաղաքացիների կողմից նախընտրական քարոզչությունը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 23-ի 1-ին մաս, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Հոդված 40․8-ի 1-ին մաս)։  

Գտնում ենք, որ ընտրական գործընթացներին արտաքին ուժերի միջամտության ու ներգործության փորձերը պետք է համարժեք իրավական գնահատական և արձագանք ստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից։ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր բացառելու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները։  

  • Անկախ Դիտորդ հասարակական դաշինք 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Իրազեկ քաղաքացիների միավորում 

Ուղղակի Ժողովրդավարություն ՀԿ 

  • «Ականատես» դիտորդական առաքելություն 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ 

«Միտք» կրթական երիտասարդական նախաձեռնություն 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր