2025թ. ապրիլի 20-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ Զ․ Խ․-ի դին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Խաչատրյանը ինքնասպան է եղել՝ ինքնաշեն պարանով։
Մահացածի իրավահաջորդի ներկայացուցիչ հանդիսացող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանները դեռևս մայիսի 20-ին դիմել են վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով իրենց ճանաչել որպես գործով լիազոր ներկայացուցիչներ։ Դիմումն առ այսօր որևէ արձագանք չի ստացվել։
Ազատությունից զրկված անձանց մահվան յուրաքանչյուր դեպքով պետք է իրականացվի արագ, անկախ և արդյունավետ քննություն՝ համաձայն ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Պետությունն ունի դրական պարտավորություն՝ պաշտպանելու կալանավորված անձանց կյանքի իրավունքը, և այդ իրավունքի խախտման դեպքում, ապահովելու մահվան հանգամանքների լիարժեք բացահայտումը։