Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Դատարանին այդպես էլ չհաջողվեց մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանին ՔԿՀ-ից դատարան բերել. նիստը կրկին հետաձգվեց

2018թ. հոկտեմբերի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործի քննությունը:

2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:

Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:

Անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ՀՀ Վճռաբեկ  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախադեպային որոշումներին:

Հովիկ Մատինյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբան Արշակ Մկոյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

2018թ. հոկտեմբերի 1-ին դատավոր Ս. Բաղդասարյանը նախ մեկ ժամ ուշացումով եկավ նիստի դահլիճ, ապա հայտարարեց, որ դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ ամբաստանյալին դատարան չեն բերել: Նրա խոսքով՝ պատճառն այն էր, որ դատարանի գրությունը քրեակատարողական հիմնարկում չէր ստացվել դեռևս, և նրանք մեկ ժամ փորձում էին ապահովել ամբաստանյալի ներկայությունը դատարանում, սակայն այդպես էլ չի հաջողվել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:30-ին:

Հովիկ Մատինյանի հարազատները, որոնք ներկա էին դատարանի դահլիճում, կրկին իրենց դժգոհությունը հայտնեցին գործի ձգձգումից, քանի որ դատարանը մերժում է պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունները, և Հ. Մատինյանը շուրջ մեկ տարի անազատության մեջ է:

Նախորդ դատական նիստն էլ 1 ամսով հետաձգվել էր՝ առանց սկսվելու և դատավորի՝ դահլիճ ներկայանալու:

Մի կողմից դատարանը մերժում է պաշտպանական կողմի՝ կալանքից ազատելու բոլոր միջնորդությունները՝ Հ. Մատինյանին թողնելով անազատության մեջ, մյուս կողմից՝ իրար հետևից տարբեր անտրամաբանական պատճառներով հետաձգում դատական նիստերը՝ ձգձգելով գործի քննությունը:

Դատարանն անթույլատրելի է համարում խափանման միջոց գրավի կիրառումը՝ պնդելով, թե դա չի չեզոքացնում կալանավորման հիմքերը, միաժամանակ չի կարողանում ապահովել անազատության մեջ գտնող ամբաստանյալի՝ դատական նիստերին մասնակցությունը:

Մեր գնահատմամբ՝ սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության ողջամիտ ժամկետների խախտում է:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր