Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Գյումրեցի Ջ. Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել. նա հրաժարվել է նմուշ տրամադրելուց

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2019թ. փետրվարի 4-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է:

 

Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը 2019թ. հունվարի 25-ին վարույթն իրականացնող մարմնին միջնորդել էին որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի կողմից թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար:

 

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, նրա պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են:

 

Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելուն, Վ. Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:

 

Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը 2019թ. մարտի 15-ին է:

 

Կիսվել՝

Կարդալ նաև