Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գործատուն խախտել է աշխատանքային օրենսգիրքը և խտրականության հիմքով լուծել պայմանագիրը. քաղաքացին դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

October 28, 2019

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Ա. Ս.-ը  Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում որպես բուժքույր աշխատանքի է անցել 1975 թվականից: 2017 թվականին, կենսաթոշակային տարիքը  լրանալուն պես, 2006 թվականից անորոշ ժամկետով կնքված նրա աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են արվում: Պայմանագիրն անորոշից վերածվում է որոշակի ժամկետով կնքվածի և երկարաձգվում մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը:

 

Ա. Ս.-ը  չէր էլ պատկերացնում, որ մեկը մյուսին հաջորդող աշխատանքային պայմանագրերի կնքումն, ի վերջո,  ստիպելու է իրեն խախտված իրավունքների վերականգնման նպատակով դիմել դատարան։

 

Մինչ հերթական աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2018-ի նոյեմբերին Ա. Ս.-ը  հասցնում է մասնակցել նաև Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից անցկացված «Բուժքրոջ աշխատանքն առաջին բուժօգնության ցուցաբերման ժամանակ»  թեմայով վերապատրաստման դասընթացին և ստանալում է վկայական: 

 

2019-ի հունվարի 1-ին, Ա. Ս.-ի աշխատանքային պայմանագիրը երկարացվում է ևս 6 ամսով՝ մինչև  2019 թվականի հուլիսի 7-ը: 2019 թվականի հուլիսի 1-ին կնքվում է նոր համաձայնագիր՝ դարձյալ աշխատանքային պայմանագրի երկարացման վերաբերյալ, որով էլ Ա. Ս.-ի  աշխատանքային պարտականությունները շարունակվում են ևս 1 ամիս՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 10-ը: 

 

2019 թվականի օգոստոսի  12-ին Ա. Ս.-ն ազատվում է աշխատանքից՝ համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 –րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամկետի լրանալը (…) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի 63 տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի 65 տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով)  և 111-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ( Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն 10 օր առաջ): Գործատուն, սակայն, բացի նրանից, որ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում Ա. Ս.-ի հանդեպ, խախտում է նաև Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածը, որով  նախատեսվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի լուծման, այդ թվում նաև՝ ծանուցման կարգը: Տվյալ դեպքում բուժքույրը նախապես չի ծանուցվում աշխատանքից ազատման  մասին: 

 

Սեփական իրավունքների պաշտպանության ու իրավական աջակցության խնդրանքով Ա. Ս.-ը դիմում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:  Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի խոսքով՝ իրենք դիմել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել 2019 թվականի օգոստոսի 12-ի թիվ 63 հրամանը, պոլիկլինիկայի և Ա. Ս.-ի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված։

 

Մեջբերելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը՝ Արայիկ Զալյանը նկատում է, որ «Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ, և որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում նշված է դրա գործողության ժամկետը: Անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում՝ բացառությամբ   95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 3-րդ մասի  7-րդ կետի համաձայն էլ՝ որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և 63 տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և 65 տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա»: Փաստաբանի խոսքով՝ որոշակի ժամկետով պայմանագիր կնքվում է բացառիկ դեպքերում, եթե տվյալ աշխատանքը կրում է ժամանակավոր բնույթ կամ առկա են 95-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախապայմանները: 

 

    

Տվյալ դեպքում  անորոշ ժամկետով կնքված պայմանագրի փոփոխությունն արվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի խախտմամբ՝ առանց գործատուի կողմից բուժքրոջ մասնագիտական կարողությունների գնահատման:  Կենսաթոշակային տարիքը լրանալը դիտարկելով որպես հիմք՝ գործատուն աշխատողին ազատել է աշխատանքից՝ ցուցաբերելով խտրական մոտեցում:  

 

-Աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողի  պաշտպանվածության իրավունքն  ամրագրվում է միջազգային այլ փաստաթղթերով ևս, որոնց միացել է Հայաստանը, -ասում է փաստաբան Արայիկ Զալյանը՝ հիշատակելով Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածը, որով  աշխատանքից ազատումը  բացառիկ դեպքում  կարող է պայմանավորվածլինել աշխատողի ընդունակություններով կամ վարքով, կամ հիմնված կազմակերպության պահանջների վրա

 

Հաշվի առնելով  գործատուի կողմից աշխատանքից ազատման հարցում ոչ իրավաչափ գործողությունները՝ Ա. Ս.-ի շահերի պաշտպան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը դիմել է դատարան և պահանջել վերականգնել բուժքրոջն իր աշխատանքում, ինչպես նաև գործատուից գանձել միջին աշխատավարձ՝ հօգուտ Ա. Ս.-ի՝ հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ընթացքի համար:

 

Դիտումներ՝ 1529

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????