0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

«Ամիկուս կուրիե» (amicus curiae) ինստիտուտն՝ արդար դատաքննության իրավունքի ապահովման և զարգացման գործիք

August 20, 2020

Այլ դասընթացներ | Գործունեություն | Կարողությունների զարգացում | Հրապարակումներ | Նորություններ

2020 թ. հունիսի 18-ից հուլիսի 16-ը ՀՔԱՎ գրասենյակի իրավաբանական թիմի անդամները մասնակցել են Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված դասընթացին՝ նվիրված «Ամիկուս Կուրիե» ինստիտուտի կարևորությանն ու ներդրմանը:

 

«Ամիկուս կուրիե» (amicus curiae ) ձևակերպումը, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է «դատարանի ընկեր», ժամանակակից արդարադատության համակարգ է մտել հռոմեական իրավունքից: «Դատարանի ընկերն» իրավունք ունի ներկայացնելու իր կարծիքը դատարանին: 

 

«Ամիկուս Կուրիեի ինստիտուտ. տեսությունից՝ պրակտիկա» դասընթացի 1-ին փուլում մասնակիցները ծանոթացել են «Ամիկուս կուրիե» ինստիտուտի պատմությանն ու զարգացմանը: Ներկայացվել են Ամիկուս Կուրիեի կիրառման ժամանակակից հնարավորությունները իրավապաշտպան ՀԿ-ների գործունեության, նաև ավելի լայն՝ հանրային շահերի պաշտպանության ոլորտներում՝ Լեհաստանի, ՌԴ-ի, Լիտվայի, Ուկրաինայի, Կենտրոնական  Ասիայի և այլ երկրների օրինակով, ինչպես նաև՝ ՄԻԵԴ-ում և  ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում:

 

 

Դասընթացը համատեղ իրականացրեցին Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի փորձագետներն ու ՀՔԱՎ գրասենյակը: Դասընթացավարներն էին  իրավաբանական գիտությունների թեկնածու, մարդու իրավունքների ոլորտի փորձագետ Ալեքսանդրա Իվանովսկան և իրավաբան-փորձագետ Օլգա Սալոմատովան՝ Լեհաստանի մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամից: Կորոնավիրուսի համավարակով երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ծավալուն այս դասընթացն անցկացվեց վեբինարների ձևաչափով: 

 

Դասընթացավարները մասնակիցների հետ քննարկել են «ամիկուս կուրիեի» կիրառման   առանձնահատկություններն ու հնարավորությունները Հայաստանում՝ մասնակիցներին նախապատրաստելով դասընթացի 2-րդ՝ «Ամիկուս կուրիե կարծիքի նախապատրաստում» փուլին, որի ընթացքում արդեն նրանք կմշակեն և կպատրաստեն նմանատիպ փաստաթղթեր:

 

ՀՔԱՎ գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանն ասում է, որ  կազմակերպությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում աշխատակազմի կարողությունների զարգացումը, կարևորում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի թարմացումն ու նոր գործիքների ներդրումը: Այս դասընթացը հիմնականում ուղղված էր կազմակերպության իրավաբանական թիմի կարողությունների զարգացմանը և Հայաստանում «Ամիկուս կուրիե» ինստիտուտի ներդրմանն աջակցելուն:

 

««Ամիկուս կուրիեն»՝ նամակ դատարանի ընկերոջ կողմից, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է: Այն ոլորտի փորձագետների կարծիք-վերլուծությունն է՝ դատարանում քննվող այս կամ այն գործի վերաբերյալ: Այդ փաստաթուղթը միտված է դատարանի ուշադրությունը գործին առնչվող կարևոր օրենսդրական կամ պրակտիկայի խնդիրներին հրավիրելուն, որոնց արժե ուշադրություն դարձնել՝ վճիռ կայացնելիս: Իմ կարծիքով, սա այն գործիքներից է, որ կարող է նպաստել արդարադատության առողջացմանը, արդյունավետ կիրառման դեպքում՝ նաև դատական սխալները նվազագույնի հասցնելուն: Մինչև տարեվերջ  պլանավորում ենք տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում և «ամիկուս կուրիե» ներկայացնել դատարան կոնկրետ գործերով»:

 

 

Լեհաստանի Մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամն այն եզակի իրավապաշտպան կազմակերպություններից է, որն ունի «ամիկուս կուրիե» կիրառման հարուստ փորձ,  դատարաններում քննվող այնպիսի գործերով, որոնք վերաբերվում են խտրականությանը, անկախ դատարանի և արդար դատաքննության, փախստականների և միգրանտների, քաղհասարակության ազատ գործունեության ու խոսքի ազատության, ազատազրկվածների, խոշտանգումներից զերծ մնալու և տեղաշարժման, արդար փոխհատուցման իրավունքներին, ՄԱԿ պայմանագրային մարմինների վճիռների բնույթին վերաբերող գործերում՝ ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ, Սահմանադրական, այլ պետությունների ազգային դատարաններում և ՄԻԵԴ-ում: «Ամիկուս կուրիեն» որպես ինստիտուտ օրենսդրորեն ամրագրված է և գործում է Ֆրանսիայում, Իսլանդիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, ինչպես նաև Ռուսաստանում, Ադրբեջանում, Էստոնիայում և Ուկրաինայում:  

 

ՀՀ-ում «ամիկուս կուրիե»-ն գործում է Մարդու իրավունքների պաշտպանի համար, երբ նա կարող է դիրքորոշում ներկայացնել վճռաբեկ դատարանում քննվող գործի վերաբերյալ կամ  Սահմանադրական դատարանին: Սակայն ՀՀ-ի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նման ինստիտուտ ուղղակիորեն նախատեսված չէ ՀԿ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների կամ իրավաբանական փորձագիտական միավորումների համար: ՀՔԱՎ գրասենյակն այս դասընթացի միջոցով  քայլ է կատարում զարգացնելու իր աշխատակիցների կարողությունները «ամիկուս կուրիե» ինստիտուտի  ներդրման նպատակով, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր գործիքներից մեկը՝ ռազամավարական դատավարության տրամաբանության շրջանակներում: «Եթե կան գործեր, որոնք առնչվում են մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրական որևէ նորմի մոտեցումներին, թե որքանով է օրենսդրությունը երաշխավորում մարդու իրավունքը, ընդ որում կապ չունի՝ որ իրավունքին է վերաբերվում, անհրաժեշտություն է առաջանում, որ ներկայացվի համապատասխան վերլուծություն, թե ինչպիսին են միջազգային մոտեցումներն այդ իրավունքը ապահովելու տեսանկյունից և ինչպես կարող են դրանք կիրառվել դատական պրակտիկայում: Նման դեպքերում ի հայտ է գալիս «ամիկուս կուրիեի» հիմնավորվածությունը, երբ դու ներկայացնում ես անկախ փորձագիտական վերլուծություն, կարծիք, մոտեցում՝ օգնելու դատարանին՝ կողմնորոշվելու որոշում կայացնելու գործում, որը կօգնի, որ կոնկրետ գործով ընդունվի մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան որոշում»,- ասում է ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:  

 

10 ժամ առցանց տեսական ու 12 ժամ տնային առաջադրանքներ ներառող այս դասընթացը, մասնակիցների խոսքով, լավ ու արդյունավետ գործիք է՝ իրավական պաշտպանության ոլորտում, միայն թե տեղական օրենսդրության մեջ անհրաժեշտ են փոփոխություններ: 

 

 

ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն ասում է, որ դասընթացը շատ հագեցած էր: Շատ տեղեկություններ են ստացել «ամիկուս կուրիե» ինստիտուտի մասին: Չնայած առցանց ֆորմատին՝ ասելիքը լիովին տեղ հասավ: Անգամ չեն զգացել, որ շփումը համակարգչի էկրաններից այն կողմ էր: Դասընթացավարները շատ պատրաստված էին ու հետաքրքիր էին ներկայացնում նյութը: Նրա մտավախությունը միայն գործնական կիրառությանն է վերաբերում. «Մեխանիզմը հստակ է՝ թե ինչպես կարելի է ներկայացնել, ինչ գործերով, բայց թե  դատարանների կողմից «ամիկուս կուրիեն» ինչ գնահատական կստանա, դատարանն ինչպես կընդունի իր ընկերոջ կողմից ներկայացված կարծիքը, չեմ պատկերացնում, որովհետև այս պահին չունենք դրա  օրենսդրական հիմնավորումները: Իրավունքի զարգացման, հիմնավոր և անքննելի գործիք ունենալու տեսանկյունից, այս ինստիտուտը շատ անհրաժեշտ  ու կարևոր է, ուղղակի մեզ պակասում են օրենսդրական հնարավորությունները, որից հետո ինստիտուտի ներդրումը շատ օգտակար ու արդյունավետ կլինի. իրավական դաշտում կունենանք բավական առաջընթաց, արդարադատության իրականացման շրջանակներում էլ՝ ավելի կիրթ ու գրագետ իրավական ակտեր»:  

 

ՀՔԱՎ մեկ այլ փաստաբան Հայկ Հակոբյանի կարծիքով էլ՝«դատարանի ընկերոջ խորհրդատվական կարծիքը համակարգային խնդիրների լուծման տեսանկյունից շատ լավ գործիք է՝ իրավիճակ, պրակտիկա փոխելու: Տեսական և գործնական գիտելիքներ ստացանք, որոնք լավագույնս կօգնեն մեզ՝ մեր գործունեության մեջ»: 

 

Գրասենյակի իրավախորհրդատու Նուշիկ Տեր-Մովսիսյանի համար նշանակալից էր ոչ միայն դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները «ամիկուս կուրիե» ինստիտուտի վերաբերյալ, այլև այն, որ մեր երկրում այս ինստիտուտի ներդրման պիոները ՀՔԱՎ գրասենյակն է. ««Ամիկուս կուրիեն» նախադեպեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից որպես այդպիսին, չեն եղել, ՀՔԱՎ գրասենյակն առաջինն է: Բնականաբար, ենթադրվում է, որ գործունեությունը բարդություններով կընթանա՝ սկսած օրենսդրական հենքից, որովհետև մեր  օրենսդրությունն այս առումով շատ փակ է ու շատ դժվարություններ կարող են առաջանալ հենց դատավորների կողմից՝ մեր ներկայացրած փաստաթղթերն ընդունելու առումով. օրենսդրությունը նրանց հնարավորություն է տալիս նաև չընդունել դրանք: Կարծում եմ՝ ինստիտուտի ներդրումն ավելի շատ կիրականացվի պրակտիկ դաշտում, որ դատավորների համար վարույթում գտնվող գործերով լրացուցիչ  փաստաթղթեր ընդունելը դարձնենք սովորական: Ինստիտուտը ներդնելու առումով մեր գրասենյակը, կարծում եմ, բավական կարևոր ուղենիշ է ձևավորելու իրավական հարթակում»:  

  

«Ամիկուս կուրիե» ինստիտուտը մեծ տեղ ունի ռազմավարական նշանակության դատական վեճերի հարցում, հատկապես այն իրավապաշտպան ՀԿ-ների համար, որոնք իրենց  գործունեության մեջ մեծ տեղ են տալիս հանրային շահերի պաշտպանության հարցերին:  

 

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի խոսքով՝ շատ կարևոր է, որ դատարանի ընկերոջ կողմից ներկայացվող փաստաթուղթը լինի անկախ, իրապես անաչառ փորձագիտական վերլուծություն՝ տվյալ գործի շրջանակում, չլինի գործով շահագրգիռ անձ, չներկայացնի դատավարության որևէ մասնակցի շահերը, առնչություն չունենա ո՛չ մեղադրող, ո՛չ  էլ պաշտպանական կողմերի հետ:  

 

Խոսելով ներկա փուլում այս ինստիտուտի ներդրման հեռանկարից՝ Ա. Սաքունցը չի կարծում, թե այս գործիքը միանգամից գրկաբաց ընդունվելու է: Բայց և այնպես, եթե չկա նման իրավական մշակույթ և դատական պրակտիկա, չի նշանակում, որ այն չպետք է լինի: «Ամիկուս կուրիեն» հնարավորություն է մասնագետների, իրավապաշտպանների կողմից իրենց ներդրումն ունենալու երկրում արդար դատաքննության իրավունքի ապահովման և զարգացման գործում: «Հաշվի առնելով, որ այժմ մենք գտնվում ենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման, անկախ դատական իշխանության ձևավորման փուլում, որի հետ կապված թե՛ դատական օրենսգիրքն է փոփոխության ենթարկվում, թե՛ դատավարական օրենսգրքերը,  գտնում ենք, որ  «ամիկուսը» նաև պետք է օրենսդրորեն ճանաչվի, ինչը կբերի կարողությունների զարգացման: Մենք վաղուց գիտեինք այս գործիքի մասին, բայց հիմա ենք տեսնում հնարավորություն այս գործիքի ներդրման և կիրառման համար»: 

Դիտումներ՝ 390

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????