Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդի» հայտարարությունը՝ 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

December 6, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

2021 թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 38 համայնքներում, որոնցից 36-ը համամասնական ընտրակարգով, իսկ երկուսը՝ մեծամասնական։ Ընտրությունների տարածքը ներառում էր 621 բնակավայր:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հետևեց ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը՝ 143 տեղամասերում և 23 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Դիտորդական առաքելությունն իրականացվել է 30 երկարաժամկետ դիտորդների, 420 կարճաժամկետ դիտորդների (այդ թվում՝ 43 շրջիկ խմբերի), 16 իրավաբանների, մեդիա մոնիթորինգի 3 մասնագետի և 40-հոգանոց համակարգող ու հաղորդակցության թիմերի կազմով: 

 

Երկարաժամկետ դիտարկում 

 

Առաջադրված կուսակցություններ և դաշինքներ

 

Համամասնական ընտրակարգով նվազագույն 1 ուժ և առավելագույն 10 ուժ առաջադրվել են 1-ական համայնքներում։ 2 ուժ առաջադրվել է 8 համայնքներում, 3 ուժ՝ 12 համայնքներում, 4 ուժ՝ 6 համայնքներում, 5 և 6 ուժ՝ չորսական համայնքներում։ 

 

36 համայնքներում, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 17 կուսակցություն և 27 դաշինք։ 

 

Թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է Արթիկ համայնքում «Հանրապետություն» կուսակցության գրանցումը, քանի որ կուսակցությունը չի կարողացել ապահովել բազմաբնակավայր համայնքներում առաջադրման օրենսդրական պահանջը՝ ներկայացնել թեկնածուներ համայնքի բնակավայրերի առնվազն կեսից։ Թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովը սխալմամբ գրանցել է Ախուրյան համայնքում նույն խախտմամբ առաջադրված «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը։ Սխալը բացահայտելուց հետո Տարածքային ընտրական հանձնաժողովը դաշինքի ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։ Դաշինքը հանձնաժողովի վերջին որոշումը վիճարկել է դատարանում։ Դատարանն անվավեր է ճանաչել դաշինքի ցուցակի գրանցումն ուժը կորցրած լինելու մասին որոշումը՝ հղում կատարելով Ընտրական օրենսգրքով սահմանված հիմքի բացակայությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիմումով դատարանը քննության է առել Դաշինքի գրանցման որոշումը։ Այս դիմումը ևս բավարարվել է։ Արդյունքում «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր է ճանաչվել։

 

Առաջադրված 27 դաշինքներից 10-ը կոչվել են դաշինքի առաջին համարի անունով, ինչը, ըստ էության, համամասնական ընտրակարգի տրամաբանության մերժումն է այդ ուժերի կողմից։ 

 

Նախընտրական քարոզչություն

 

Երկարաժամկետ դիտարկման ընթացքում իրականացվել է 59 քարոզչական հանդիպումների դիտարկում, որոնց ընթացքում անցկացվել են հարցազրույցներ՝ հավաքի 78 մասնակիցների հետ: Հարցազրույցներ են իրականացվել ավագանու 158 թեկնածուների հետ, ինչպես նաև ընտրությունները կազմակերպող տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, տեղամասային ընտրական հանձնաժողովների 42 նախագահների, քարտուղարների և անդամների հետ։

 

Արձանագրվել է 42 միջադեպ, որոնց հիմքով իրավապահներին է ուղարկվել հանցագործության մասին 2 հաղորդում:

 

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններն ամենածավալունն էին։ Հաշվի առնելով գործընթացի էական տարածականությունը, ներառված համայնքների քանակը՝ նախընտրական քարոզարշավն էապես տարբեր դրսևորումներ ունեցավ՝ կախված այս կամ այն համայնքից, առաջադրված կուսակցություններից և դաշինքներից, թեկնածուների գործոնից ու ուժերի տիրապետման տակ գտնվող վարչական ու ֆինանսատնտեսական ռեսուրսներից։

 

Հայաստանում վերջին ընտրություններն աչքի են ընկնում այն առանձնահատկությամբ, որ վարչական ռեսուրսների տիրապետում էին թե՛ տեղական և թե՛ համապետական իշխանությունները։ Վարչական ռեսուրսի և ազդեցության այլ լծակների չարաշահումն առերևույթ բնորոշ էր երկու կողմերին էլ, և տեղային վարչական ռեսուրսների ազդեցությունը դրսևորվեց առավել ակնհայտորեն։ Վարչական ռեսուրսը, սակայն, գերակշռապես, չարաշահվել է ոչ թե ընտրողներին պարտադրելու, այլ քարոզչական առավելություն ստանալու նպատակով:

 

Մի շարք համայնքներում էական ազդեցություն ունեցավ համայնքային բյուջեների արտոնյալ բաշխումը՝ տարբեր սոցիալական ծրագրերի, աջակցությունների անվան տակ։ Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում այս նույն գործողություններն իրականացնելու համար իրականացվեցին քրեական հետապնդումներ, իսկ այժմ՝ ոչ։

 

Արթիկ և Արտաշատ համայնքներում վարչական ռեսուրսի չարաշահումն արտահայտվեց յուրայիններին պարգևավճարների տրամադրմամբ։

 

Քարոզարշավի ընթացքում և՛ պետական, և՛ համայնքային իշխանությունները մեծապես շահարկեցին սուբվենցիոն ծրագրերը (օրինակ՝ ասֆալտապատումը՝ Վանաձորում, Արտաշատում՝ կոմունալ ծառայությունների ակտիվ իրացումը, և այլն), և երբեմն՝ այլ կառույցների կողմից իրականացված նախագծերը (օրինակ՝ Արմավիր քաղաքում վերակառուցված մարզադաշտի մեծ շուքով բացումը)։ Միևնույն ժամանակ, Վայք համայնքի համայնքապետարանը քարոզարշավի ընթացքում տարածեց տեղեկատվություն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից անձնական միջոցներով համայնքի համար ասֆալտապատում, գույքի ձեռքբերում և այլ գործողություններ իրականացնելու մասին, ինչը թե՜ համայնքային մեդիա ռեսուրսի չարաշահում էր և թե՜ քարոզչության ու բարեգործության արգելված մեկտեղում։

 

Իշխող ուժին չհարող համայնքապետերի դեպքում էական գործիքներ հանդիսացան վարչական ռեսուրսի առկայությունը և բիզնես հնարավորությունները, հատկապես՝ համայնքային մակարդակում խոշոր գործատու լինելը (օր․՝ Ապարանի «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի պարագայում)։

 

Նախընտրական փուլի խնդրահարույց դեպքերից էին քաղաքական դրդապատճառներով աշխատանքային իրավունքների խախտումների, վարչական տույժերի ենթարկելու կամ պարզապես աշխատանքից ազատելու վերաբերյալ ահազանգերը։ Թեև այս կատեգորիայի եզակի դեպքեր հրապարակայնացվում են, այդուհանդերձ, դրանց մեծ մասը շարունակում է չբարձրաձայնվել՝ փաստացի անհնար դարձնելով անձի իրավունքների պաշտպանությունը։

 

Դիտորդական առաքելության ընթացքում բացահայտված էական խնդիրներից է նաև ֆինանսական հաշվետվողականությունից և թափանցիկությունից խուսափելու հակվածությունը։ Ավագանու թեկնածուների հետ հարցազրույցներում նրանց բացարձակ մեծամասնությունը պնդել է, որ ընտրական շտաբների բոլոր աշխատակիցները կամավոր հիմունքներով են ներգրավված, մինչդեռ աշխատակիցները տեղեկացրել են, որ վճարվում են։ Միաժամանակ, երբ թեկնածուները նշել են, որ աշխատակիցները վճարվում են, միայն եզակի դեպքերում են նշել, որ ծախսերն իրականացվում են նախընտրական հիմնադրամից։

 

Տարբեր համայնքներում արձանագրվել են թեկնածուների ինքնաբացարկի այնպիսի օրինաչափություններ, որոնցից կարելի է եզրակացնել, որ որոշ դեպքերում նախընտրական ցուցակներում ներառումը կրում է պարզապես ձևական բնույթ և կիրառվում է քվոտայի ապահովման համար, որպեսզի այս կամ այն ուժը կարողանա մասնակցել ընտրապայքարին։

 

Ինչպես նախորդ երկու ՏԻՄ ընտրություններում, այս դեպքում ևս երկու կողմից շահարկվեց Արցախյան վերջին պատերազմը, իսկ քարոզարշավի ընթացքի վրա ազդեց նաև հայ-ադրբեջանական սահմանային կարճատև բախումը նոյեմբերի 16-ին։ Կուսակցությունների մի մասը հայտարարեց, որ դադարեցնում է քարոզարշավը, սակայն լարվածության թուլացմանը զուգահեռ՝ քարոզչական միջոցառումները վերսկսվեցին՝ առանց դրա մասին հայտարարելու։

 

Հարկ է նշել, սակայն, որ թե՛ վերոնշյալ հանգամանքով, թե՛ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ նախընտրական քարոզչությունը տարբեր համայնքներում փաստացի տեղի չունեցավ կամ կազմակերպվեց շատ մակերեսային, թեև կար փաստացի մրցակցություն և տարբեր ուժերի շահագրգիռ ներգրավվածություն։ Օրինակ՝ Սպիտակ, Փամբակ, Թումանյան, Աշտարակ, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վարդենիս, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճըն, Աշոցք, Ջերմուկ, Վայք համայնքներում դիտարկման ողջ ընթացքում չեն եղել հանրային քարոզչական միջոցառումներ, հավաքներ կամ այլ նմանատիպ գործողություններ։

 

Քվեարկության օրն արձանագրված հիմնական խախտումները

 

Կարճաժամկետ առաքելությունը 2021 թ․ դեկտեմբերի 5-ի առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը մշտական դիտարկում է իրականացրել վերոնշյալ համայնքներում ձևավորված 984 տեղամասերից 143-ում: Այդ համայնքների տարածքում գործել են դիտորդների 43 շրջիկ խմբեր: Քվեարկության ընթացքում շրջիկ խմբերն այցելել են 38 խոշորացված համայնքների 621 բնակավայրերից 254-ը և այդ բնակավայրերի 392 տեղամասեր։ Ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև վերոնշյալ համայնքների ընտրությունները սպասարկող 23 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը:

 

Թեև հանձնաժողովների նիստերի ընթացքում եղել են եզակի ընթացակարգային խախտումներ, այդուհանդերձ, առաջնահերթ և քվեարկության օրվա ընթացքում շարունակական խնդիր է եղել միևնույն կուսակցությունների կամ դաշինքների բազմակի վստահված անձանց ներկայություն տեղամասային կենտրոնում, ինչպես նաև նրանց համաժամանակյա գրանցումը գրանցամատյանում։ Այս առումով տեղամասային ընտրական հանձնաժողովների և կուսակցությունների անիրազեկվածությունը համատարած էր (և, հավանաբար, պայմանավորված էր Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրությունների տարբեր կարգավորումներով)։

 

Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են՝ 

 

  • մեկից ավել անձանց միաժամանակյա մուտքին քվեախցիկ, 

  • քվեարկության բարձրաձայնմանը կամ քվեարկության գաղտնիության խախտմանը,

  • օգնությամբ քվեարկության հնարավոր չարաշահումներին,

  • ընտրողներին քվեարկության կարգը պատշաճ չներկայացնելուն,

  • քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայությանը,

  • խախտումները գրանցամատյանում չգրանցելուն,

  • դիտորդների իրավունքների խախտումներին,

  • խախտումների վերացմանն ուղղված իրավասու մարմինների կողմից քայլերի բացակայությանը,

  • տեղամասային կենտրոնից դուրս կուտակումներին,

  • քարոզչության և ուղղորդման արգելված դրսևորումներին:

 

Բացի սրանից՝ գրանցվել են առանձին դեպքեր, երբ՝ 

 

  • հանձնաժողովի անդամները օգտագործել են ալկոհոլային խմիչքներ,

  • ծառայություն իրականացնող ոստիկանները թերանում էին իրենց գործառույթների կատարման մեջ կամ անցնում էին իրենց իրավազորության շրջանակները,

  • հանձնաժողովի անդամները խախտում էին վիճակահանությամբ սահմանված հերթափոխը,

  • տեղամասի ներսում ի հայտ էին գալիս քարոզչական նյութեր կամ բանավոր քարոզչություն էր իրականացվում,

  • միևնույն անձինք մեկից ավելի անգամ օգնող էին հանդիսանում կամ հանձնաժողովն օգնողին չէր գրանցում,

  • ընտրողների ստորագրած ցուցակին ծանոթանալով՝ այդ տեղեկատվությունը 3-րդ անձանց էր փոխանցվում,

  • ընտրողների ցուցակի և էլեկտրոնային գրանցման սարքերի հետ կապված խնդիրներ էին առաջանում,

  • տեղի են ունեցել վիճաբանություններ:

 

Ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրներն էին՝

 

  • տեղամասում հանձնաժողովի նախագահի կողմից չհրավիրված ծառայություն իրականացնող ոստիկանների ներկայության դեպքեր,

  • տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց մուտք գործելու կամ մուտք գործելու փորձերի դեպքեր,

  • խնդիրներ տեխնիկական սարքի միջոցով տպվող տեղեկանքների հետ,

  • վկայականը տեսանելի չկրող անձանց ներկայություն տեղամասում,

  • հանձնաժողովի նախագահի կողմից խնդիրների վերացման ուղղությամբ անգործություն և ամփոփման կարգի խախտումներ,

  • չսահմանված նմուշի ծրարների հետ վարվելու խնդիրներ,

  • ելակետային թվերի փոփոխության դեպքեր:

 

Քվեախցիկ մեկից ավել անձանց միաժամանակյա մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 24.4%-ում: Օգնությամբ քվեարկության հնարավոր չարաշահումներ նկատվել են դիտարկված տեղամասերի 82.5%-ում: 

 

Քվեախցիկից դուրս քվեաթերթիկը լրացնելու և բաց քվեարկության դեպքերը դիտարկվել են տեղամասերի 68.6%-ում: Նույնը հնարավոր չէ ասել քվեաթերթիկները քվեախցիկում լուսանկարելու դեպքերի վերաբերյալ, ինչը դիտարկվել է տեղամասերի միայն 3.4 %-ում:

 

Դիտարկումների համաձայն՝ ընտրողներին քվեարկության կարգը ոչ միշտ է ներկայացվել դիտարկված տեղամասերից 25-ում։ Այնուամենայնիվ, քվեախցիկից դուրս քվեարկելու և այլ անձանց միջամտության դեպքերի առատությունից ակնհայտ է, որ անտեսվում է քվեարկության առանցքային սկզբունքը՝ գաղտնիությունը, և հանձնաժողովը պետք է միջոցներ ձեռնարկի առավել մատչելի բացատրելու քվեարկության կարգը և համոզվելու, որ ընտրողները քվեարկում են մենակ, ինքնուրույն, օգտագործում են խոշորացույց կամ այլ աջակցող միջոցներ՝ նվազագույնի հասցնելով այլ անձի միջամտության կարիքը։ Դիտորդներն արձանագրել են, որ դիտարկված 143 տեղամասերից 118-ում ընտրողներից ոմանք դժվարացել են քվեարկել։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և որոշ հասարակական կազմակերպություններ իրականացնում են հանրային իրազեկման աշխատանքներ, սակայն այդ ջանքերը, ակնհայտաբար, բավարար չեն:

 

Քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 40%-ում: Հիմնականում խոսքը գնում է միևնույն կուսակցության մեկից ավել վստահված անձանց միաժամանակյա ներկայության մասին: Նույնիսկ եղել է տեղամաս, որում գրանցված էին միևնույն կուսակցության 5 վստահված անձինք (որոնցից ոչ մեկը, սակայն, դիտարկման պահին ներկա չէր): 6 տեղամասերում քվեարկության ընթացքում քվեարկության սենյակ մուտք գործելու փորձ են կատարել առաջադրված թեկնածուները, ընդ որում՝ նրանցից երկուսը ներկայացել են որպես վստահված անձ, իսկ մեկը՝ դիտորդ։ Թեկնածուների մուտք գործելու բոլոր փորձերը կանխվել են դիտորդների բարձրաձայնման միջոցով կամ հանձնաժողովի նախագահի սեփական նախաձեռնությամբ:

 

Խախտումները գրանցամատյանում չգրանցելու խնդիր արձանագրվել է դիտարկվող տեղամասերից ընդամենը 24.3%-ում, սակայն այս ցուցանիշը թույլ է տալիս ենթադրել, որ չդիտարկվող տեղամասերում խախտումների կամ խնդիրների չարձանագրման դեպքերը կարող են լինել շեշտակիորեն ավելի շատ:

 

Խախտումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից քայլեր միայն մասամբ են իրականացվել դիտարկված տեղամասերի 17.1%-ում, իսկ պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել Թումանյան համայնքի թիվ 24/8 (Դսեղ գյուղ) և Վանաձոր համայնքի թիվ 23/5 տեղամասերում։ Դսեղ համայնքում ընտրական գործընթացը փաստացի ղեկավարել է «Հանրապետություն» կուսակցության վստահված անձը՝ հրահանգներ տալով նաև հանձնաժողովի նախագահին։ Համանման վիճակ էր Վանաձորի 23/36 ընտրական տեղամասում, որտեղ պրոցեսը ղեկավարում էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքի վստահված անձը:

 

Դիտորդների իրավունքների խախտման դեպքեր են տեղի ունեցել դիտարկվող տեղամասերի 18.5%-ում: Այս դեպքերը հիմնականում սահմանափակվում էին դիտորդին տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելով, տեսանկարահանումը խոչընդոտելով, սակայն Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի, Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի, Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի, ինչպես նաև Վանաձոր և Սպիտակ քաղաքների մեկական տեղամասերում դիտորդի պարտականությունների կատարումը և իրավունքների իրականացումը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվել է թշնամաբար և հանգեցրել դիտորդի նկատմամբ ճնշումների, սպառնալիքների ու վիճաբանության:

 

Հատկանշական է, որ դիտորդների իրավունքների խախտումների երկու դեպքերը տեղի էին ունեցել այն տեղամասերում, որտեղ հանձնաժողովի անդամները օգտագործել էին ալկոհոլային խմիչքներ՝ Դդմաշենում և Շենիկում: Ալկոհոլի օգտագործման ևս մի դեպք արձանագրվել էր Գավառ քաղաքում:

 

Այս շարքից առանձնանում է Շենիկ բնակավայրի 16/37 տեղամասի հանձնաժողովը, որի անդամները, ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվելով, չէին խորշել դիտորդի վրա ճնշում գործադրելու նպատակով կապ հաստատել նրա ազգականների հետ: 

 

Տեղամասային կենտրոնների շրջակայքում և դեպի տեղամասային կենտրոն տանող ուղիներին կուտակումներ դիտարկվել են տեղամասերի 33.5%-ում, գումարային՝ 162 կուտակման դեպք: Հարկ է նշել, որ այս տեղամասերից 17-ում ծառայություն իրականացնող ոստիկանները թերի էին կատարում կամ չէին կատարում իրենց վերապահված գործառույթը և ինքնուրույն չէին միջամտում տեղամասից 50 մետր շառավղով առաջացած կուտակումներին: Ամենամեծ կուտակումը եղել է Դսեղ գյուղում՝ հասնելով շուրջ 100 հոգու: Ընդ որում, ուղղորդման ռիսկերն ավելի բարձր են գնահատվել այն դեպքերում, երբ մեծ խմբերը կուտակված էին լինում տեղամասային կենտրոնից 50 մետր շառավղից դուրս, իսկ շառավղի ներսում ուղղորդման մասին վկայություններն ավելի շատ վերաբերում են կա՛մ առանձին անձանց, կա՛մ տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց:

 

Իրավապահ մարմինները

 

Նախընտրական քարոզարշավի, ընտրողների ցուցակների նախապատրաստման ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների որոշ գործողություններ եղել են խնդրահարույց:

 

Մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավապահ մարմինները չեն ձեռնարկել պատշաճ քայլեր նախընտրական քարոզչության կարգի խախտումների պատշաճ քննության համար: Հատկապես խնդրահարույց էր այն, որ ոստիկանությունն ու քննչական մարմինները որևէ շոշափելի քայլ չձեռնարկեցին Կոտայքի մարզի Գառնի համայնքում մարզպետի կողմից մրցակից կուսակցության շտաբում հայհոյախառը քաշքշուկ կազմակերպելու և Վայոց ձորի մարզի Վայք համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից քարոզչության ու բարեգործության մեկտեղման դեպքերը բացահայտելու և մեղավորներին արդարադատության բերելու մասով:

 

Նախընտրական ցուցակների պատրաստման առումով մի շարք համայնքներում խնդրահարույց էր անձանց՝ ընտրողների հիմնական ցուցակներից դուրս մնալու դեպքերը: Առավել խնդրահարույց և ոստիկանությունում հետագա պարզման ենթակա էր Շիրակի մարզում էլեկտրոնային գրանցման սարքի և տպված ցուցակի տարբերության արձանագրված դեպքը:

 

Քվեարկության օրը մի շարք տեղամասերում նկատվում էին ոստիկանության կողմից կուտակումների դեմ պատշաճ չպայքարելու դեպքեր: Արձանագրվել է նաև դեպք, երբ Արարատի մարզում ոստիկանության կողմից ակնհայտ անհիմն կասկածանքով ընդդիմադիրներ են բերման ենթարկվել:

 

Եզրահանգումներ

 

2021 թ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները երրորդն էին, որ իրականացվեցին ՏԻՄ փոփոխված ընտրակարգով

 

Գտնում ենք, որ համայնքների մեծ մասում արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա, արտացոլում են ընտրողների կամքը, և ընտրությունները համապատասխանում են ազատ և արդար ընտրությունների չափանիշներին։ Այդուհանդերձ, խնդրահարույց է այն, որ որոշ համայնքներում գործնականում չի եղել մրցակցություն կամ այդ մրցակցությունը չի եղել արդար՝ վարչական և ֆինանսատնտեսական ռեսուրսի չարաշահման հետևանքով:

 

Համարում ենք, որ տեղական մակարդակում ընտրական ավանդույթներն էական բարելավման ճանապարհ պետք է անցնեն՝ քաղաքական բանավեճերի խթանման, երկխոսության ձևավորման և հակադիր ուժերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման առումով։ Իսկ ընտրական օրենսդրությունը պետք է էապես բարելավվի՝ ֆինանսատնտեսական ու վարչական լծակներով մրցակցային առավելությունների չեզոքացման ուղղությամբ:

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Դիտումներ՝ 463

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????