Արթուր Քոչարյան | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Ծրագիր։ Պայքար Խոշտանգման և Վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում | Հրապարակումներ | Նորություններ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը 2019թ․ հունիսի 27-ի գրությամբ թույլ չի տվել հոգեբանին մուտք գործել Արմավիր ՔԿՀ՝ խոշտանգում վերապրած ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության աջակցությամբ Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում դատապարտյալին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով 2019թ․ հունիսի 10-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն։ Գրությամբ խնդրել ենք թույլ տալ ծրագրի շրջանակում հիմնադրված «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի» հոգեբաններին մուտք գործել ՔԿՀ և հոգեբանական աջակցություն տրամադրել ցմահ դատապարտյալին։
Բացի նրանից, որ հերթական անգամ Արդարադատության նախարարությանն ուղղված գրությանը պատասխանել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, ընդ որում՝ առանց վերահասցեագրման մասին տեղեկացնելու, վերջինս իր որոշումը հիմնավորել է նրանով, որ հոգեբանը բժիշկ չէ և չի կարող մուտք գործել որպես այդպիսին։ Նա առաջարկել է օգտվել միայն տեսակցության հնարավորությունից։
«Հոգեբանական օգնությունը չի կարող համարվել որպես բժշկական սպասարկում, իսկ հոգեբանը՝ բժիշկ»,-մեկնաբանել է Մ․ Միքայելյանը։ Ապա հավելել է, որ դատապատյալներին հոգեբանական աջակցություն են տրամադրում ՔԿՀ 3 հոգեբանները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն հարցով երկրորդ անգամ ՀՀ արդարադատության նախարարություն է դիմել 2019 թ․ հուլիսի 19-ին արդեն նորանշանակ նախարար Ռ․ Բադասյանին։ Դիմումում վկայակոչել է միջազգային փաստաթղթերից հատվածներ՝ խոշտանգում վերապրած անձանց հոգեբանական օգնության անհրաժեշտության և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ստանձած պարտավորությունների վերաբերյալ, ընդգծել դատապարտյալ Արթուր Քոչարյանին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։
Նորանշանակ նախարարին ուղղված գրությանը ևս պատասխանել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Ծառայության պետի տեղակալ Վ․ Պապոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին «հիշեցրել է» նախորդ պատասխանի ու դրանով տրված պարզաբանումների մասին։
Չնայած ՔԿԾ ներկայացուցիչների պնդումներին՝ ամեն տարի ՔԿՀ-ներում ինքնավնասման հարյուրավոր դեպքեր են գրանցվում, և դրանց միայն մի մասն է հնարավոր լինում կանխել։
ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի ուսումնասիրության համաձայն՝ 2011-2017 թթ․-ին ՔԿՀ-ներում ինքնասպանության 27 դեպք է գրանցվել։ Ինքնավնասման 1486 դեպք է գրանցվել միայն 2016-2017 թթ․-ին։