0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Սաքունցի կարծիքով՝ ռուսական կողմը խոչընդոտում է գյումրեցի կնոջ սպանության գործով արդարադատության իրականացմանը

May 2, 2020

Ջուլիետա Ղուկասյան | Տեսադարան

Դատավարության մեկնարկից ութ ամիս անց էլ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի գործով ոչ մի դատական նիստ տեղի չի ունեցել։

 

Զինծառայողը մեղադրվում է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ։ 57-ամյա կինը դաժան ծեծի էր ենթարկվել 2018 թվականի դեկտեմբերին՝ վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին։ Մահացել էր հիվանդանոցում` ստացած ծանր վնասվածքներից։ Վերջին՝ ապրիլի 30-ին նշանակված նիստը ևս չի կայացել:

 

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի, ոստիկաններին չի հաջողվել ամբաստանյալին ռուսական բազայից դատարան բերել՝ պատճառաբանությամբ, թե բազայի հրամանատարը գործուղման մեջ է։

 

«Անհեթեթությունը հենց նրանում է, որ եթե բազայի հրամանատարը գործուղման մեջ է, ապա բազան չի մնում առանց հրամանատարության և անպայման նրան փոխարինող է լինում, որի լիազորությունների և պարտավորությունների մեջ է մտնում նաև նման հարցերի լուծումը: Սա մենք գնահատում են որպես բացառիկ անհեթեթ պատճառաբանություն», - ասաց Սաքունցը:

 

Ավելի վաղ ռուսական կողմը միջնորդել էր դատարանին, որ Հայաստանի իշխանությունները գրավոր երաշխիքներ տան ինչպես Ռազգիլդեևի, այնպես էլ նրան ուղեկցողների անվտանգության համար: Սաքունցը պնդում է՝ մինչ օրս ռուսական կողմն այդպես էլ չի հիմնավորել, թե ինչ հիմնավոր կասկածներ ունի, թե զինծառայողին ու նրան ուղեկցողներին վտանգ է սպառնում:

 

«Հասկանալի չէ, թե ինչու պետք է նման մտահոգություն լինի, մանավանդ երբ որ ռուսական բազայի սպաները, պայմանագրային զինծառայողները ազատ ապրում են հենց Գյումրի քաղաքում, ռուսական բազայի տարածքից դուրս, բնակարաններում, շարժվում են քաղաքում, գնումներ են կատարում խանութներից: Այսինքն որևէ հիմնավոր պատճառ, որ ռուսական բազայի զինծառայողների անվտանգության հետ կապված սպառնալիք կա կամ կարող է, չկա, չի արձանագրված», - նշեց Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպան Սաքունցի կարծիքով՝ ռուսական կողմը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը, հետևաբար իրենք քրեական գործ հարուցելու համար դիմել էին Գլխավոր դատախազություն: Դատախազությունը սակայն գտել էր, որ քրեական գործի հիմքեր չկան: Դատախազության պատասխանը վիճարկում են դատարանում: Սաքունցը պնդում է, որ բազայի հրամանատարը առնվազն վերջին 4 նիստերի կայացմանը խոչընդոտել է։

 

«Պետք է անպայման հարուցվեր քրեական գործ, քննության առնվեր նման պահվածքը, նաև հենց քրեական գործի շրջանակներում բացատրություն վերցնեին ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկից, թե ինչի՞ հիման վրա է նա գտնում, որ Ռազգիլդեևին և նրան ուղեկցող անձանց անվտանգության նկատմամբ կան ինչ-որ սպառնալիքներ կամ ինչքանով է դա հիմնավորում, որովհետև դա տպավորություն է թողնում, որ կամայականության հետ գործ ունենք», - ասաց իրավապաշտպանը:

 

Ջուլիետա Ղուկասյանի դստեր ներկայացուցիչը Հայաստանի իշխանություններից իրավական գնահատական է ակնկալում։ Ռուսական կողմի հակաիրավական գործողություններն արդեն քաղաքական են դառնում, պնդում է իրավապաշտպանը։

 

«Արդեն զուտ իրավական բնույթի խնդրին իրավական լուծում չտալու վիճակը Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից, դատարանի կողմից որևէ ողջամիտ բացատրություն չունի: Այս պարագայում ակնառու է՝ անխուսափելի է քաղաքական գործոնի առկայությունը», - նշեց Արթուր Սաքունցը:

 

Ռուսական կողմն իրեն Հայաստանի տարածքում անպատժելի է համարում, շարունակեց Սաքունցը՝ հիշեցնելով Ռուսատանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը Հարավկովկասյան երկաթուղում հարուցված քրեական գործի մասին։

 

«Ռուսական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում եթե ունենա քրեական իրավական հետևանքներ, ապա ռուսական կողմի բարձրաստիճան պաշտոնատար անձի մեկնաբանությամբ՝ չպետք է որ իրավական հետևանք ունենա», - ասաց իրավապաշտպանը:

 

Սաքունցը կարծում է, որ միջպետական հարաբերություններում ռուսական կողմը կարող է էներգետիկ ռեսուրսի սակագինն ու մարդու կյանքի իրավունքից զրկելը մի նժարի վրա դնել ու այն դարձնել սակարկման առարկա:

 

«Էներգետիկ ռեսուրսները քաղաքական նշանակություն ունեն միջպետական հարաբերությունների բնագավառում, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքում սպանելու դեպքում դա դիտարկել որպես քաղաքական սակարկման առարկա, դա ոչ թե անթույլատրելի է, ուղղակի անպատկերացնելի է: Սա բացառիկ առհամարհական վերաբերմունք եմ գնահատում Հայաստանի Հանրապետության իշխանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որը որպես խնդիր պետք է լուծի Հայաստանի Հանրապետության իշախնությունը», - նշեց Արթուր Սաքունցը:

 

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 20-ին:

 

 

azatutyun.am

Դիտումներ՝ 164

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը