Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերում է ակնհայտ պատժիչ մոտեցում իրավապաշտպանների նկատմամբ

December 28, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ

Հատկապես 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների կողմից հովանավորվող խմբավորումները առավել մեծ թափով սկսեցին ատելության, բռնությունների սպառնալիքների ուղեկցությամբ տարբեր ակցիաներ կազմակերպել՝ ընդդեմ իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների և նրանց գործունեությանն աջակցող Բաց հասարակության հիմնադրամներ-ի դեմ՝ նպատակ ունենալով խափանել, խոչընդոտել Հայաստանում ժողովրդավարական վերականգնման գործընթացները, շարունակելով տարիներ շարունակ իրենց իշխանության ժամանակներից կիրառված՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեզրկման գործողությունները։

 

Ի դեպ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները թիրախավորվում էին` ըստ նախկին` պետություն զավթածներին աջակցելու կամ չաջակցելու հանգամանքի․ թիրախավորում էին իրենց չաջակցողներին։ Այս ամենը կատարվում էր իշխանությունների լռության և անգործության պայմաններում, և հենց իշխանությունն էլ իր անհետևողական և անսկզբունքային դիրոքորոշման պատճառով անգործություն էր ցուցաբերում  ատելություն, թշնամանք, ֆիզիկական սպառնալիքներ ու հաշվեհարդարի խոսքի, գործողությունների հանդեպ` դիտարկելով դրանք որպես ժողովրդավարական պետության և հասարակության  դրսևորումներ։ Իրականում հենց նման գործողություններն էին և են հակաժողովրդավարական և իրավունքի գերակայության սկզբունքը ոտնահարող։

 

Պետք է արձանագրել, որ պետության զավթումից ժողովրդավարական և իրավական պետության անցնելու համար այնքան անհրաժեշտ արմատական փոփոխությունների իրականացման գործընթացներում իշխանությունների հատվածային, ընտրողական, ոչ համակարգային մոտեցումները նպաստեցին նման ծայրահեղական, հակաժողովրդավարական խմբերի անպատժելի գործելակերպին, որի հետևանքով մարդու իրավունքները և նրանց պաշտպանությունը անպատկերացնելի հարձակումների ենթարկվեցին։ Ավելին՝ տուրք տալով տարատեսակ մանիպուլիացիաներին՝ հենց իշխանության ամենաբարձր մակարդակում հնչեցվեցին նույն ծայրահեղական խմբավորումների խոսույթին համահունչ հայտարարություններ և մեկնաբանություններ։ 

 

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, և հատկապես պատերազմական գործողությունների դադարից հետո ավելի ուժգնացան իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների նկատմամբ հարձակումները սոցիալական ցանցերում, որոնք դրսևորվեցին ուղղակի ներխուժմամբ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան-ի գրասենյակ նոյեմբերի 9-ի երեկոյան, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նկատմամբ քաղաքացու կողմից հարձակմամբ։ Այդ ամենը զուգորդվում էր զանազան դավադրապաշտական տեսությունների օգտագործմամբ, ակնհայտ կեղծ, մտացածին մեղադրանքներով, ատելության խոսքով, թշնամանքով։ Թիրախավորման դեպքերի մի մասը ատելության խոսքի և քրեորեն հետապնդելի այլ արարքների առերևույթ տարրեր էր պարունակում, և ՀՔԱՎ-ը դրանց համապատասխան ընթացք տալու նպատակով դիմել է իրավապահ մարմիններին։

 

Չնայած ակնհայտ ապացույցներին՝ իրավապահ մարմինները այդպես էլ քրեական գործեր չեն հարուցում նման հակաօրինական գործողություններ կատարողների նկատմամբ։ Դրան հակառակ, առանց պատշաճ հիմքերի, քրեական գործ են հարուցում իրավապաշատպանների նկատմամբ՝ ատելության, թշնամանքի խոսք տարածողների հաղորդումների հիման վրա։ 

 

Ներկայացնենք պատկերն՝ ըստ առանձին գործերի և հաղորդումների։

 

1. այսպես՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը իր էջում կիսվել էր անհայտ կորած զինծառայողների տվյալները հավաքելու մասին ՀՔԱՎ-ի հայտարարությամբ ու այսպիսի գրառում արել․ «Հրավիրում եմ ԱԱԾ ուշադրությունը. Սորոսական կազմակերպությունները իրավապաշտպան գործունեության անվան տակ հավաքագրում են հայ զինծառայողների մասին տեղեկություններ: Կարծում եմ ավելորդ է ասել, թե որտեղ կարող են հայտնվել հավաքագրված տեղեկությունները: #մահ_դավաճաններին»։ 

 

No photo description available.

 

Գրառման հիման վրա հոկտեմբերի 13-ին ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ոստիկանություն, որն էլ մերժել էր քրեական գործ հարուցել։ Որոշումը չէր վերանայել նաև դատախազությունը։ Իրավապահները Ն․ Մալյանի սպառնալիքներն իրական չեն համարել, իսկ  #մահ_դավաճաններին կոչը՝ վերացական։ Ուշագրավ է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման մեջ նշված է, որ Ն․ Մալյանը չի արձագանքել բացատրություններ տալու համար գրավոր և բանավոր ծանուցումներին և չի ներկայացել ոստիկանություն։ 

 

ՀՔԱՎ-ը այս որոշումը կբողոքարկի դատարանում:

 

2.հաջորդ գրառումը, որի հիման վրա հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, արել է Global News Armenia ֆեյսբուքյան էջը՝ վերահրապարակելով yerevan.today-ի  «Ովքե՞ր են դեմ եղել, որ Փաշինյանը դիմի Ռուսաստանին» վերնագրով նյութը։

 

 

Էջը, մասնավորապես, կիսվել է հետևյալ հատվածով․ «Խոսքը վերաբերում է Ջորջ Սորոսի հիմնադրամի գումարներով սնվողներին՝ իրավապաշտպանական կոչվող թևին, հասարակական թևին՝ Լարիսա Մինասյանի գլխավորությանբ, Սաքունց-Բարսեղյան-Խառատյան շրջանակներով։ Չնայած որ հիմա հայրենիքը պետք է անձնականից վեր լիներ։ Իսկ ինչո՞ւ են դեմ հայտնի սորոսականները․ այս դժվարին պահին, երբ թշնամին ռմբակոծում է նաև Սյունիքը, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքները, ինչո՞ւ են սորոսականները դեմ»։ Գրառման տակ այլ օգտատերեր կազմակերպության ու անձանց իրավունքներին և օրինական շահերին վնասող մեկնաբանություններ են արել։ Չնայած առկա ապացույցներին՝ այս հրապարակումների վերաբերյալ հաղորդման հիման վրա ևս քրեական գործ չի հարուցվել։ 

 

Որոշումը բողոքարկման ընթացքում է։

 

3. բացի ատելության խոսք տարածելուց՝ ՀՔԱՎ-ի նկատմամբ նաև հարձակում եղավ։ Նոյեմբերի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի վրա հարձակվել է մի քաղաքացի, մեղադրել պատերազմի և դավաճանության համար, կոտրել Կազմակերպության գույքը, վախի մթնոլորտ առաջացրել այդ պահին գրասենյակում գտնվող աշխատակցի համար։ Քաղաքացին նաև կազմակերպությանը զրպարտող արտահայտություններ է հնչեցրել։

 

Այս ամենը տեսագրվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով և ներկայացվել իրավապահներին։

 

Ոստիկանությունը եզրակացրել է, որ Կազմակերպությանը հասցված գույքային վնասը Քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթի իմաստով զգալի չի համարվում, հետևաբար, ըստ ոստիկանության, քաղաքացու արարքը հանցակազմ չի պարունակում։ Հարձակում գործած քաղաքացու արարքը խուլիգանություն ևս չի համարել և մերժել է քրեական գործ հարուցելը։

 

Այս որոշումը ևս կբողոքարկենք։

 

4.դեկտեմբերի 12-ին Mediaport-ի տելեգրամյան ալիքում, Panorama.am-ի Ֆեյսբուքյան էջում տարածվել է «Հայաստանում Սորոսի գրասենյակի մուտքը պատվեց պատերազմի զոհերի արյունը խորհրդանշող կարմիր ներկով» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ Նարեկ Մալյանը մի խումբ անձանց և ՀՀ ոստիկանության մի քանի ներկայացուցիչների ներկայությամբ, գտնվելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» Երևանյան գրասենյակի առջև, կարմիր ներկ է լցնում գրասենյակի մուտքի մոտ, իսկ արարողությունը ուղեկցվում է վերջինիս կողմից հնչեցվող հետևյալ արտահայտություններով․ 

 

 

«․․․Ամեն անգամ էս գրասենյակ այցելելով այ սենց ճպճպացնելով անցնեն էտ արյան մեջ ու հասկանան, որ էս արյան մեջ անցնելով են իրենց ողորմելի դոլարները վաստակելու։ (…) Եվ դրանց պատասխանատվությունը, ընդամենը օրեր անց, ընդամենը օրեր անց, տեղի ա ունենալու և ամենախիստ ձևով։ Օրեր անց։ Ես դա ձեզ խոստանում եմ։ Ինչպես գիտեք, երբեք չի եղել, որ մի բան խոստանամ, ու դա տեղի չունենա։ (…) Այ էս արյունի մեջով ամեն օր գնալու եք ձեր պիղծ գրանտները վերցնելու։ Ես ամբողջ կյանքս ու ամբողջ գործունեությունս նվիրելու եմ ձեր նման պիղծերին պատասխանատվության կանչելու, սատկացնելու, մահ դավաճաններին»։ Ինչին ի պատասխանը, ամբոխը նույնպես սկսում է վանկարկել «Մահ դավաճաններին» արտահայտությունը։

 

Այս միջադեպի վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա դեռևս որոշում չկա։

 

Եթե դիտարկենք այս հաղորդումների ընթացքն ու իրավապահ մարմինների մոտեցումը այլ գործերի, մասնավորապես՝ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրավապահների գործողությունների համատեքստում, ակնհայտ տարբերակված մոտեցում կտեսնենք։ Սաշիկ Սուլթանյանը Իրաքում գործող եզդիալեզու կայքին տված իր հարցազրույցում ներկայացրել է ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումների մասին իր տեսակետները։  Հիշեցնենք` ատելություն, թշնամանք, սպառնալիքներ տարածող խմբակի նույն ներկայացուցիչ Նարեկ Մալյանի հաղորդման հիման վրա է ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։

 

ԱԱԾ-ի քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, իրավապաշտպանի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին կարծիքի ներկայացումը որակելով որպես «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցող, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն»։ 

 

Այսպիսով՝ ակնհայտ է․  իրավապաշտպանների հանդեպ ակնհայտ ատելության, թշնամանքի, ֆիզիկական հաշվեհարդարի, սպառնալիքների մասին արտահայտությունների և գործողությունների հիմքով իրավապահները քրեական գործեր չեն հարուցում՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Իսկ ահա իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի՝ մարդու իրավունքների մասին արտահայտած կարծիքի հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Ավելին, հարուցված քրեական գործի շրջանակներում դատավարական որևէ կարգավիճակ չտրամադրելով, և այդ հիմքով մերժելով քրեական գործի հարուցման  որոշման պատճենը տրամադրել՝ զրկում են նրան իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։

 

Փաստորեն մի դեպքում, երբ հստակ ապացույցներն առկա են, հարձակման փաստերը տեսաձայնագրված են, և դրանց նախորդող և հաջորդող ատելության, թշնամանքի, ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ մեկնաբանությունների և գրառումների հեղինակները հայտնի են, իրավապահները դրանք վերացական են համարում ու իրական սպառնալիք չպարունակող, իսկ ահա Սաշիկ Սուլթանյանի արտահայտած կարծիքը, համարում են որպես հիմք քրեական հետապնդում իրականացնելու և քրեական գործ հարուցելու համար։  

Դիտումներ՝ 430

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????