Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիայի իրականացման վերաբերյալ այլընտրանքային զեկույց

March 5, 2024

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Առողջության պաշտպանվածության իրավունք | Բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունք | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավունքներ | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Սույն ԶԵԿՈՒՅՑԸ ներկայացնում է երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես անդրադառնալով հաստատություններում բնակվող երեխաների իրավունքներին։ Զեկույցը ներկայացնում է երեխաների՝ խտրականությունից զերծ մնալու, վատ վերաբեմունքից և ֆիզիկական պատժից զերծ մնալու, երեխաների առողջության, երեխաների բավարար կենսամակարդակի իրավունքների խախտումները և հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը։ Ստորև որոշ հատվածներ զեկույցից․

 

Խտրականություն

 

Հաստատություններում արմատացած է հաշմանդամության կարծրատիպային մոտեցումը։ Անձնակազմի բառապաշարը լի է խտրականություն, բացառում և պիտակավորում պարունակող բառերով։ Կիրառվում են «փողոցային», «հիմար պահվածք», «մեջներից նորմալ», «ինվալիդ», «անհասկացող» և այլ խտրական բառեր աշխատակիցների կողմից երեխաների մասին խոսելիս։

 

Ըստ Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի տվյալների՝ դայակների և դաստիարակների կողմից խարանող վերաբերմունք է առկա մտավոր խնդիրներ ունեցող երեխաների նկատմամբ։ Օրինակ՝ մանկատներից մեկում երեխաներից նշել են, որ աշխատողներն ասում են՝ «հոգեբուժարանի հիվանդ է, թուղթ ունի»։ Երեխաները նույնպես օգտագործում են «ինքը գիժ ա», «կտցրած ա», «շեղված ա», «իրան մի լսեք» խտրական արտահայտություններ։

 

Մանկատներում աշխատակիցները չունեն անհրաժեշտ հմտություններ՝ բացառելու երեխաների հանդեպ խտրական վերաբերմունքը, այդ թվում՝ այլ առողջական խնդիրների պատճառով։ Մանկատներից մեկում մարդու իմունային անբավարարության վիրուս ունեցող դեռահասին մեծ դժկամությամբ են ընդունել, իսկ աշխատակազմը նրան դիպչելիս կրել է ձեռնոցներ, երեխաներին հորդորել են հեռու մնալ, առանձնացրել սպասքը։

 

Առկա է վերաբերմունքի տարբերություն նաև պայմանավորված գենդերային խտրականությամբ։ Աշխատակիցներն աղջիկ երեխաներին ներգրավում են մաքրության, անկողնային սպիտակեղենը փոխելու աշխատանքներում՝ ներկայացնելով դա որպես նրանց գենդերով պայմանավորված դաստիարակության անհրաժեշտ բաղադրիչ, նախապատրաստում ընտանեկան կյանքին։

 

Բռնություն երեխաների նկատմամբ

 

Դիտորդական խմբի մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ հաստատություններում շահագործման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման արդյունավետ համակարգ առկա չէ։

 

Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի տվյալների համաձայն՝ վերջինս ահազանգեր է ստանում հաստատություններում ֆիզիկական և սեռական բռնության, այդ թվում պահնորդի կողմից, սաների ինքնավնասման փորձերի վերաբերյալ։ Խմբի անդամներն ականատես են եղել պահակի կողմից երեխաներից մեկի թևից բռնելու ու բարձր բղավելու տեսարանին։

 

 

Արձանագրվել է նաև լարվածություն երեխաների միջև։ Ըստ խնամքի հաստատություններում դիտորդական խմբի՝ երեխաներից ոմանք ակնհայտ վախեցած պահվածք են ցուցաբերել հեղինակություն ունեցող երեխաների հետ շփման ընթացքում։

 

 

Հաստատություններից մեկի աշխատակիցների և սաների հետ զրույցներից հաստատվել է աղջիկների շրջանում ինքնավնասման կամ դրան նմանվող փորձերի տարածվածության վերաբերյալ ահազանգը։ Երեխաներից մեկն ինքնասպանության և փախուստի փորձեր է կատարել, որի մասին Կենտրոնում ոչ մեկը, ըստ Խնամքի հաստատություններում դիտորդական խմբին այս մասին հայտնող երեխայի, տեղյակ չէ: Մեկ անգամ փորձել է կախվել, մեկ այլ անգամ՝ պատուհանից նետվել: Երեխան տեղեկացրել է, որ եթե դաստիարակներն իմանան, դա շատ վատ հետևանքներ կունենա (օրինակ՝ տվյալ երեխան կպատժվի):

 

 

Հաստատությունների աշխատակազմը հաճախ մարմնական պատիժ է կիրառում։ Մտահոգիչ է նաև այն, որ մարմնական պատիժը և վատ վերաբերմունքն ընկալվում և օգտագործվում են որպես դաստիարակության մեթոդներ։

 

  • հարվածում են գլխին, գլուխը պատին (հաստատությունում խնամք ստացող երեխա)
  • զրկում են հաց ուտելու հնարավորությունից (հաստատությունում խնամք ստացող երեխա)
  • պարտադրում են դասավորել պահարանը ու եթե դասավորված պահարանն իրենց չի գոհացնում, նորից են պարտադրում (հաստատության աշխատակից)
  • սպառնում են երեխաներին ավելի վատ պայմաններով խնամքի հաստատություն տեղափոխմամբ կամ բակում խաղալուց զրկելով։

 

Մտահոգիչ են սեռական բռնության դեպքերը։ Գավառի մանկատան 18-ամյա սանը 2022 թ․ հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ[1]։ Մանկատներից մեկում տղաներից մեկի խոսքով՝ ավելի մեծ տարիքի տղաներից մեկը սեռական բռնության է ենթարկել ավելի փոքր տարիքի մտավոր խնդիր ունեցող երեխայի, ինչին ինքն ականատես չի եղել, պարզապես իրեն պատմել են։ Վերջինս նաև հետաքրքրվել է, թե ինչ կարող է պատահել սեռական բռնությունից հետո, արդյոք այն կբերի սեռափոխության, հոգեկան առողջության խնդիրների և այլն:

 

 

Արժանապատվությունը նվաստացնող է հիգիենայի կազմակերպումը։ Հաստատություններից մեկում աղջիկները նշել են, որ լողանում են շաբաթական 1-2 անգամ՝ 10-15 րոպե տևողությամբ։ Սա մեծապես պայմանավորված է հաստատության ֆինանսական ոչ բավարար ապահովվածությամբ․ ջրի վարձավճարի խնդիր կառաջանա, եթե երեխաներն ավելի հաճախ և երկար լողանան։ Հիգիենայի պարագաները բավարար քանակի ու պատշաճ որակի չեն։ Հաստատություններից մեկում ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ օրական մեկ միջադիր և ընդհանուր օգտագործման մեկ սափրիչ է տրամադրվում։ Մեկ այլ հաստատությունում 10 հոգու համար նախատեսված է եղել լոգանքի 3 ճիլոպ։ Նաև զուգարանում թղթի պակասի խնդիր է արձանագրվել:

 

 

 

Բռնությունների նման պատկերի համատեքստում խիստ մտահոգիչ է պատկան մարմինների մոտեցումները։ Չնայած Կոմիտեի հորդորին՝ քննելու բռնության անհատական դեպքերը, հայտնաբերելու և պատժելու մեղավորներին՝ Դիտորդական խմբի կողմից հայտնաբերված բռնության դեպքերը պատշաճ արձագանք չեն ստանում ո՛չ իրավապահ մարմինների և ո՛չ էլ պետական բարձրագույն մարմինների կողմից։ Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեն և դատախազությունը բռնության վերաբերյալ ահազանգերից որևէ մեկով քրեական վարույթ հարուցելու հիմքեր չեն գտել։

 

 

 

Իրազեկվածության ցածր մակարդակի և ընկալման առանձնահատկություններով պայմանավորված՝ հաստատության աշխատակիցներն իրենց գործողությունները և վերաբերմունքը չեն համարում բռնություն, այլ դաստիարակության արդյունավետ մեթոդ։ Առկա է հաստատությունների աշխատակիցների շարունակական վերապատրաստման և սուպերվիզիայի անհրաժեշտություն՝ ապահովելու համար երեխաների նկատմամբ հարգանքն ու արժանապատիվ կեցությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելը։ 

 

 

Երեխաների, այդ թվում հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության համատեքստում խնդրահարույց է մինչ օրս մարմնական պատժի արգելքի օրենսդրական ամրագրման բացակայությունը։

 

 

Խնամքի հաստատություններում դիտորդական խումբն արձանագրել է նաև դեպք, երբ միայն լոգանքի ընթացքում են ճգնաժամային կենտրոնի աշխատակիցները պարզել, որ ընդունված երկու երեխաները արական սեռի են։ Երեխաների մազերը ամբողջությամբ սափրված է եղել և նրանց տեղափոխող ոստիկանները նշել են, որ երեխաներից մեկը աղջիկ է, մյուսը՝ տղա։ Երեխաները թե՛ մինչև սեռի նույնականացումը, և թե՛ դրանից հետո բնակեցվել են աղջիկների համար նախատեսված մասնաբաժնում, քանի որ տղաների մասնաբաժնում ազատ տեղ չի եղել։

 

Առողջապահություն և առողջապահական ծառայություններ

 

Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի տեղեկությունների համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգը բավարար ճկուն չէ, չի արձագանքում այն երեխաների և չափահասների կարիքներին, ովքեր ունեն երկրորդային կամ քիչ հանդիպող հիվանդություններ։

 

 

Ոչ բոլոր հաստատություններում են պահպանվում դեղերի պահման կանոնները։ Հաստատություններից մեկում հայտնաբերվել է ժամկետանց դեղ։

 

 

Հաստատություններում խախտվում է խնամք ստացող երեխաների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Նրանք չեն ստանում մեկուսի և բարյացակամ խորհրդատվություն սեռական հասունացման, սեռական առողջության հարցերի վերաբերյալ։ Ընդ որում հաստատություններից մեկում որոշ երեխաներ սեռական կյանքով են ապրում, սակայն սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ անհրաժեշտ և պատշաճ չեն իրազեկվում։

 

 

Հաստատություններում առկա է նաև անձնական հիգիենայի և տարածքի պահպանման, ՄԻԱՎ-ի կանխարգելման թեմաների վերաբերյալ վերապատրաստման կարիք ինչպես անձնակազմի, այնպես էլ երեխաների շրջանում։ Երեխաները սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ ճիշտ տեղեկատվության հասանելիություն չունեն։ Օրինակ՝ երեխաներին տեղեկացնում են, որ դաշտանի ժամանակ լողանալ չի կարելի, վտանգավոր է տաք ջրի տակ երկար մնալը և իրենք միայն գլուխներն են լվանում:

 

 

Խնամքի հաստատություններում դիտորդական խմբին այցի ընթացքում աղջիկներից մեկը տեղեկացրել է, որ առաջին դաշտանի ժամանակ շատ է վախեցել, այդ մասին փորձել է հարցեր տալ հոգեբանին: Միջադիրի օգտագործումը սովորեցրել են հաստատության այլ աղջիկներ: Իսկ հաստատության աշխատակիցները, որոնք պատասխանատու են անձնական հիգիենայի մասին երեխաներին տեղեկացնելու համար, խուսափում են դաշտան եզրույթից, փոխարենը կիրառում՝ «ով խնդիր ունի», «հիվանդացել է»։

 

Կենսամակարդակ

 

Երեխաների խնամքի որոշ հաստատություններում երեխաների տարիքային տարբերությունը, վարքային տարբեր դրսևորումներն (օրինակ՝ «հեղինակություն» ունեցող որոշ երեխաներ վերահսկում են իրավիճակը և երբեմն ճնշում ավելի փոքր երեխաներին) ու առողջական, հիգիենայի պայմանները և ոչ բավարար տարածքն անհնար են դարձնում արժանապատիվ կեցության ապահովումը։

 

 

Համաձայն Խնամքի հաստատություններում դիտորդական խմբի զեկույցների՝ աղջիկների և տղաների համար հատկացված են առանձին տարածքներ, սակայն բոլոր տարիքի նույն սեռի երեխաները նույն հարկի միևնույն մասնաբաժնում են։ Այս հանգամանքը լուրջ խոչընդոտ է երեխաների համակեցության կանոնների պահպանման, քնի կամ հանգստի կազմակերպման հարցում, կարող է հանգեցնել բռնության։ Օրինակ՝ տարիքով մեծ տղաները փոքրերին կարող են «խփել», երբ վերջիններս աղմկում և խանգարում են նրանց։ 

 

 

 Որոշ հաստատություններում ննջարանային պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ մահճակալները հնարավորինս խիտ են կահավորված։

 

 

Բոլոր երեխաներն ապահովված չեն անհատական դարակներով, ըստ որոշ երեխաների՝ մահճակալներն անհարմար են։ Կահույքի և դրանցում հագուստի և կոշիկների պահպանման համար պայմանները ևս ոչ բոլոր հաստատություններում են բավարար։

 

 

Հաստատություններից մեկում ճաշարանի մակերեսը փոքր է (չնայած դրան՝ ապահովվում է բավարար քանակով սնունդ), այնտեղ առկա սեղան-աթոռների թիվը պակաս է սաների թվից, ինչի պատճառով նրանք սնվում են հերթով։

 

 

Որոշ հաստատություններում չի ապահովվում մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը ու անձնական տարածքի նկատմամբ հարգանքը։ Խնամքի հաստատություններում դիտորդական խումբն արձանագրել է, որ աղջիկներից մեկի լոգանքի ընթացքում դուռը կողպած չի եղել, քանի որ այն չի աշխատել: Նույն հաստատության աշխատողներից նշել են, որ երեխաներին պարտադիր աջակցում են լողանալիս, անկախ նրանից՝ նրանք աջակցության կարիք ունեն, թե ոչ։ Նրանցից մեկը տեղեկացրել է, որ նույնիսկ եթե աղջիկը մեծ է, կարող է ինքնուրույն լողանալ ու չի ցանկանում, որ իրեն օգնեն, միևնույն է, օգնում են։ Նաև աշխատակիցները ննջասենյակ մտնելիս որպես կանոն դուռը չեն թակում։

 

 

Ոչ բոլոր հաստատություններում է ապահովվում նաև ձմռանը պատշաճ ջերմաստիճանը, այդ թվում ննջասենյակներում ու լոգարանում։

 

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շնորհակալություն է հայտնում Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և Սիգրիդ Րոզինգ Թրասթին՝ այս հրապարակումը հնարավոր դարձնելու համար։ Զեկույցում ներկայացված տեսակետներն ու վերլուծությունները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ համընկնեն նշված կազմակերպությունների տեսակետների և դիրքորոշումների հետ։

 

Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Ժնև քաղաքին և Լիխտենշտեյնի կառավարությանը՝ այս հրապարակումը հնարավոր դարձնելու համար։ Սույն հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է բացառապես Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպությունը և այն որևէ հանգամանքներում չի կարող մեկնաբանվել որպես Ժնև քաղաքի կամ Լիխտենշտեյնի կառավարության տեսակետների արտացոլում։

 

 

 

Դիտումներ՝ 227

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????