Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

October 21, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Այսօր ավելի վաղ քաղաքացիական հասարակության 5 կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, հայտարարությամբ ներկայացրին իրենց մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Դրանով ահազանգում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության մշակած և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակած նախագիծը լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։

 

ՀՔԱՎ-ը պատրաստել է նաև առանձին դիրքորոշում, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն։

 

2022 թվականի սեպտեմբերի 29-ին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն, ընդհանուր առմամբ, ուղղված է հետևյալ փոփոխությունների կատարմանը

 

  1. Դատարանների նախագահների լիազորությունների ընդլայնումը՝ կապված գործերի քննության ժամկետների պահպանման հետ։ Դատարանի նախագահին վերապահվել է առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելու լիազորություն։

  2. Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսումը։ Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:

 

1. Դատարանների նախագահների լիազորությունների ընդլայնումը

 

Նախագծով առաջարկվող փոփոխության հիմնավորումը այն է, որ դատարանի նախագահը դատական օրենսգրքով չունի մշտադիտարկման որևէ գործիք դատավորների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ։ Նախագծի հեղինակները վկայակոչել են Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումները դատաքննության մոնիթորինգի ուղենիշների և դատարանի նախագահի (կառավարիչների) դերի վերաբերյալ։

 

Դրական գնահատելով ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքի պահպանման նպատակով մոնիթորինգային գործիքների կիրառման պատրաստակամությունը և այդ նպատակով դատարանի նախագահների լիազորությունների ընդլայնումը՝ հայտնում ենք, որ այնուամենայնիվ առաջարկվող կարգավորումները չեն ենթադրում մշտադիտարկման գործիքներ։ 

 

Նախագծով նախատեսվում է դատական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել  համապատասխան դատարանի նախագահին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու համար դիմել Բարձրագույն դատական խորհրդին: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհրդին՝ առաջարկելով դատավորի անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ»:

 

Գործող օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իր անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու դիմում ներկայացնելու իրավունք ունի կոնկրետ դատավորը: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ավելացվել է միջանկյալ սուբյեկտ՝ դատարանի նախագահը, ում համապատասխան դատարանի դատավորը ներկայացնում է դիմում՝ անունը-ազգանունը բաշխման ցանկից հանելու կամ տոկոսաչափ սահմանելու մասին։ Այսինքն՝ դատարանի նախագահը, ըստ էության, կոնկրետ դատավորի անունը բաշխման ցանկից հանելու դիմումը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնում է ոչ թե իր կողմից իրականացված մշտադիտարկման և դրա արդյունքների վերլուծության հիման վրա, այլ միայն վերահասցեագրում է դատարանի նախագահի խնդրանքը Բարձրագույն դատական խորհրդին, ինչը չի համարվում մշտադիտարկում։ Այս առումով, առաջարկում ենք հաշվի առնել և նախատեսել Նախագծի հեղինակների կողմից մեջբերված «Դատավորների ժամանակի կառավարման» Սատուրնի ուղեցույցներում առկա մշտադիտարման մեթոդները և եղանակները՝ դատարանի նախագահի կողմից տեղեկատվության հավաքագրման և ուսումնասիրության ընթացակարգեր նախատեսելու միջոցով։ Ըստ այդմ՝ առաջարկում ենք նախատեսել նաև դատարանի նախագահի կողմից հավաքագրված տեղեկատվության հիման վրա, առանց կոնկրետ դատավորի դիմումի, Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու իրավասություն։

 

Բացի դրանից՝ Նախագծի համաձայն՝ դատարանի նախագահը դատավորի դիմումը հիմնավոր չհամարելու դեպքում կարող է չհասցեագրել այն Բարձրագույն դատական խարհրդին։ Այս առումով խնդրահարույց է այն հարցը, թե արդյո՞ք դատավորին հնարավորություն չպետք է տրվի դատարանի նախագահի հետ անհամաձայնության դեպքում սեփական դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին, և ո՞ր դեպքերում դատարանի նախագահը դիմումը կարող է համարել չհիմնավորված։

 

Նախագծով նախատեսվել է Դատական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել «Բարձրագույն դատական խորհուրդը սույն մասով սահմանված կարգով կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել»։

 

Առաջարկվող կարգավորումը անհասկանալի է, մասնավորապես պարզ չէ, թե արդյո՞ք «վեց ամիս ժամկետը» արտահայտությունը վերաբերում է երկրաձգման ժամկետին, թե նկատի է առնվում անուն-ազգանունը բաշխման ցանկից հանելու՝ ի սկզբանե որոշված վեցամսյա ժամկետը։ Այս կապակցությամբ Նախագծի քննարկվող մասը առաջարկում ենք նախատեսել հետևյալ խմբագրությամբ․ «Բարձրագույն դատական խորհուրդը սույն մասով սահմանված կարգով կարող է որոշում կայացնել սահմանված ժամկետը մինչև վեց ամիս ժամկետով երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:»

 

2. Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսումը

 

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․ «(․․․) Երևան քաղաքի քրեական դատարանում մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները և բողոքները քննում են միայն Երևան քաղաքի քրեական դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները»:

 

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ մինչդատական վարույթի դատական երաշխիքների բոլոր վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների և բողոքների քննության կենտրոնացումը Երևան քաղաքի դատարանում անհամաչափ ծանրաբեռնում է դատարանը, ստեղծում արդարադատության մատչելիության խնդիրներ մարզերում բնակվող անձանց համար։ Ուստի՝ առաջարկում ենք փոփոխել նշված կարգավորումը՝ վերոգրյալ վարույթների նկատմամբ տարածելով գործերի բաշխման ընդհանուր կանոնները։

 

Գործող օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Հայաստանի Հանրապետությունում գործում են. 1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ առնվազն 62 դատավորի թվակազմով»։

 

2018 թվականի հուլիսի 9-ին ընդունված ԲԴԽ 23-Ն-1 որոշման համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների ընդհանուր թիվը 72 է, որից քրեական մասնագիտացմամբ՝ 33 և քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 39։

 

Նախագծով նախատեսվել է Դատական օրենսգրք 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանակությամբ 4-5-րդ մասերով. «4. Երևան քաղաքի քաղաքացիական դատարանը գործում է առնվազն 35 դատավորի թվակազմով: 5. Երևան քաղաքի քրեական դատարանը գործում է առնվազն 30 դատավորի թվակազմով: Սույն մասով սահմանված թվակազմից առնվազն 8-ը պետք է լինեն մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորներ»։

 

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ նախատեսված էր «դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում և թվակազմի ավելացում» ուղղությունը։ Ակնհայտ է, որ դատավորների ծանրաբեռնվածության և թվակազմի ավելացման հիմնախնդիրն առկա է նաև ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական մասնագիտացմամբ դատարաններում։ Ընդ որում՝ Ռազմավարության 1-ին Հավելվածում նշված գործողության կապակցությամբ ներկայացված է քաղաքացիական գործերով դատավորի ծանրաբեռնվածության օրինակը, մասնավորապես․ «Երևան քաղաքում քաղաքացիական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 632 գործ, այնինչ՝ 2018 թվականին՝ 1290 գործ, իսկ մարզերում՝ 2013 թվականին՝ 469 գործ, այնինչ՝ 2018 թվականին՝ 1447 գործ: Երևան քաղաքում քրեական գործերով մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը 2013 թվականին կազմել է 66 գործ, իսկ 2018 թվականին՝ 81 գործ, մարզերում՝ 2013 թվականին՝ 74 գործ, 2018 թվականին՝ 84 գործ»:

 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով առնվազն սահմանել ներկայումս գործող դատավորների թիվը, այն է՝  72 դատավոր՝ Նախագծում նշված 65 դատավորների փոխարեն։

Դիտումներ՝ 241

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????