Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն արձանագրում է՝ մարտյան դեպքերի 6 բողոքների գործերով հետագա միջոցների կիրառման կարիք չկա

December 7, 2021

Տեսադարան

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն արձանագրում է, որ 2008-ի մարտյան դեպքերի 6 բողոքների գործերով հետագա միջոցների կիրառման կարիք չկա։ Միջազգային հեղինակավոր կառույցի նշած գործերի շարքում է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ևս մի քանի ընդդիմադիրների գործերը։

Նախարարների կոմիտեն անցած երեք օրերին քննում էր, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը կատարել Եվրադատարանի վճիռներն ու հանձնարարականները մարտյան գործերի վերաբերյալ։ Կոմիտեի աշխատանքներին հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ Տեր-Պետրոսյանի և մի քանիսի գործը փակելով՝ նախարարների կոմիտեն կարծում է, որ Հայաստանի կառավարությունն իր պարտավորությունները կատարել է:

 

«Քանի որ անդրադառնում է անհատական միջոցների և ընդհանուր միջոցների կատարմանը Հայաստանի Հանրապետության կողմից, ընդունված որոշմամբ ինքը արձանագրում է, որ անհատական միջոցների կիրառման տեսակի այլևս հետագա միջոցներ պետք չէ պահանջել Հայաստանի Հանրապետությունից Տեր-ՊետրոսյանիՄաթևոսյանի, Ջահանգիրյանի, Սմբատ Այվազյանի, Մյասնիկ Մալխասյանի և Հովհաննիսյանի վերաբերյալ գործերով», - ասաց Սաքունցը:

 

Անցած տարիներին, քննելով 2008-ի իրադարձությունների միջով անցած տարբեր գործիչների բողոքները, Եվրոպական դատարանը մի շարք, այդ թվում՝ խոշտանգումների, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ էր արձանագրել։ Պատասխանելով միջազգային դատարանի առաջարկություններին՝ Հայաստանի կառավարությունը տեղեկացրել էր, որ բացի փոխհատուցումներից, անցած տարիների ընթացքում ընդդիմադիր գործիչներից շատերն արդարացվել են, իսկ առաջին նախագահի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին խոշտանգելու դրվագով այժմ քննություն է ընթանում։ Նշվում է նաև, որ գործն առաջ չի գնում Սաղաթելյանի առողջական ծանր վիճակի պատճառով։

 

Նախարարների կոմիտեն Հայաստանի իշխանություններին հորդորում է այս գործով արագ ավարտին հասցնել հետաքննությունը՝ հնարավորինս խուսափելու վաղեմության ժամկետից կամ ապացույցների կորստից։ Եվրադատարանի վճիռների կատարումը վերահսկող միջազգային հեղինակավոր կառույցը Հայաստանի իշխանություններին առաջարկել է նաև տեղեկություններ ներկայացրել համակարգային խնդիրների լուծման մասին։ Մասնավորապես, բանտային բարեփոխումների, Նուբարաշենի բանտի պահման պայմանների փոփոխման, նաև բանտի ղեկավարության դեմ բողոքների դատական քննության արագության մասին։

 

Սաքունցը հիշում է, որ 2008-ի դեպքերից հետո ընդդիմադիրները նաև խոշտանգումների էին ենթարկվում, օրինակ է բերում ակտիվիստ Վարդգես Գասպարիին, որի գործով ևս Հայաստանի դեմ վճիռ է կայացվել։ «Անձը գտնվել է պետության հսկողության ներքո և անմիջական պատասխանատուն քրեակատարողական վարչակազմն է, և սրա վերաբերյալ է, որ պետությունը պետք է ներկայացնի մանրամասն տեղեկություններ, թե այդ ուղղությամբ ինչ է արվել», - նշեց իրավապաշտպանը:

 

Եվրոպայի խորհրդին ուղարկած իր հաշվետվության մեջ Հայաստանի կառավարությունը ընդգծել էր, որ նոր քրեակատարողական հիմնարկ է կառուցվել Արմավիրում, բարելավվել են բանտային պայմանները, հարցաքննության սենյակներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, նաև կոնկրետացվել են ազատությունից զրկելու ժամկետները։ Իր որոշման մեջ նախարարների կոմիտեն, անդրադառնալով նաև առհասարակ ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի դեպքերին, նշում է՝ այդ հարցերը քննվում են ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին վերաբերող գործերի շրջանակներում։

 

Վիրաբյանը ընդդիմադիր գործիչ, 2003 թվականին նախագահի թեկնածություն առաջադրած Ստեփան Դեմիրճյանի համակիրն էր։ Չընդունելով ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ քվեարկությունից մեկ տարի անց ընդդիմադիր կուսակցությունները Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեցին, որին մասնակցում էր նաև ակտիվիստը։ Նրան ոստիկանությունում դաժան ծեծի էին ենթարկել։

 

«Նախարարների կոմիտեն առանձին ուշադրություն է դարձնում ոստիկանության գործողությունների համաչափության և իրավաչափության հարցերին, Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործի կոնտեքստում», - ասաց Արթուր Սաքունցը:

 

Միևնույն ժամանակ, Նախարարների կոմիտեն ողջունել է ապօրինի կալանքի դեմ երաշխիքներն ուժեղացնելու և արդար դատաքննության չափանիշների ապահովման նպատակով օրենքում արված փոփոխությունները, խրախուսում է իշխանություններին շարունակել ջանքերը՝ հավաքների ազատության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով և Հայաստանի կառավարությանը հորդորում է տրամադրել 2019-2021 թվականների համար վիճակագրական տվյալներ, որոնք հնարավորություն կտան գնահատել ձեռք բերված առաջընթացը։ Այստեղ իրավապաշտպան Սաքունցը խնդիր է տեսնում՝ վերջին մեկ տարում հատկապես երևաց՝ ոստիկանությունը լուրջ բարեփոխման կարիք ունի։

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի իշխանություններին առաջարկել է դատական գործերի օրինակներ ներկայացնել հավաքների ցանկացած սահմանափակման կամ արգելքի դեմ բողոքելու իրավունքի, ինչպես նաև նման գործերով փոխհատուցման կիրառման մասին, նաև՝ հավաքների ազատության իրավունքի անվտանգ իրականացումն ապահովելու համար ցույցերի ժամանակ նոր պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների դերի, նրանց ուսուցման մասին։ Հայաստանի իշխանություններին առաջարկել են նաև մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը թարմ տեղեկատվություն տրամադրել բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ, ինչից հետո արդեն 2023-ին դրանք կքննվեն Կոմիտեի նիստում։

Դիտումներ՝ 49

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????