Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դեկտեմբերի 7: ԱՀ/ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան հայկական կողմը ապացույցներ ունի

December 7, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են: Նա անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը, թե հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է։ Արման Թաթոյանը նաև վերահաստատել է, որ ՀՀ Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով։

 

Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանցումը ՀՀ ՄԻՊ-ի ու Հայաստանում ներկայացված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման առանցքում ևս եղել է։

 

Ավելի վաղ ՄԻՊ-ը Հայաստանում Լիտվայի դեսպանի հետ հանդիպմանն իր եզրահանգումներն էր ներկայացրել՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում հայ գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը: Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է՝ միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով և վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին: Սկսվել են նաև 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:

 

ԱՀ/ԼՂ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, շուրջ 40.000 անձ մնացել է անօթևան։ Մի մասը զավթված տարածքների բնակիչներ են, մյուս մասը՝ հանձնված բնակավայրերի: Նախնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով զոհվել է 55 և վիրավորվել 163 քաղաքացիական անձ:

 

ՀՀ ՄԻՊ-ը ՀՀ այրվածքաբանության ազգային կենտրոնում ձեռք է բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում/ԼՂ քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ: Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան:

 

ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմից 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն՝ նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: 

 

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության դիմումի հիման վրա Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկություն Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ:  ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը  հայտնել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ ԼՂ-ում մարդասիրական կարիքների ծավալի համատեղ գնահատման համար: 

 

ՅՈւՆԻՍԵՖ-ը, աջակցելով երեխաների կրթության շարունակակությանը, տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության օրերին վնասվել է ավելի քան 73 դպրոց և 14 մանկապարտեզ, 38. 815 աշակերտ մնացել առանց կրթության և կայուն ու անվտանգ միջավայրի: 

 

ԱՀ/ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 5-ին իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան իրենց ապացույցներն են ցույց տալիս: 

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին, հայտնել է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին։  Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը և գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվել է նաև ստեղծել մեխանիզմորով նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց: Տիգրան Ավինյանը գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերող հարցեր է քննարկել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:

 

Human Rights Watch-ն էլ իր հերթական զեկույցում արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում: Human Rights Watch-ը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

 

Photo: https://www.facebook.com/photo?fbid=3741764215861788&set=pcb.3741780959193447

Դիտումներ՝ 418

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????