Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ դիրքորոշումը՝ գիտական աստիճանի համար գիտաշխատողների հավելավճարի չափը սահմանելու մասին Կառավարության որոշման վերաբերյալ

January 12, 2022

Գործունեություն | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի համար տրվող լրացուցիչ վարձատրությունից և այլ հավելավճարներից: Գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը»: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»:

 

«ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում (այսուհետ նաև՝ ծրագիր) ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 2-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) նախատեսվել է Ծրագրում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար 2015 թվականի հունվարի 1-ից սահմանել հավելավճար՝ գիտությունների դոկտորին 50000 դրամի, գիտությունների թեկնածուին՝ 25000 դրամի չափով։

 

Որոշման 11-րդ կետով սահմանեվել է, որ գիտաշխատողին գիտական աստիճանի համար հավելավճար հատկացվում է միայն մեկ ծրագրից՝ դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում։

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտական աշխատող է համարվում գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական,    հետախուզական աշխատանքներ կատարող անձը։

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ «Սույն օրենքի հիմնական խնդիրներն են գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում սահմանել` գիտական և գիտատեխնիկական գործունեության տնտեսական, սոցիալական և իրավական ազատության երաշխիքները»:

 

Սահմանադրական դատարանը՝ 2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշման մեջ վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ «(...) որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով (...)»

 

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

 

Սահմանադրական դատարանն իր` 2015թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:

 

Մեկ այլ, 2011թ. հունիսի 7-ի ՍԴՈ-967 որոշման մեջ խտրականության արգելման վերաբերյալ նշվում է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ենթադրյալ խտրականության դեպքում առկա պետք է լինի մի իրավիճակ, երբ տվյալ կոնկրետ սուբյեկտի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում նույն իրավիճակում գտնվող այլ սուբյեկտի համեմատությամբ, ում նկատմամբ վերաբերմունքն ավելի բարենպաստ է»:

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազտությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի՝ խտրականության արգելքն ամրագրող 14-րդ հոդվածով սահմանվում է, որ նույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն՝ համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջև: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես, Դատարանը նշել է. «…տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»[1]:

 

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 10-ի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադարձ է կատարել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի և զբաղվածության ոլորտում խտրականության վերաբերյալ» թիվ 111 կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է 1995թ. հուլիսի 29-ից) 1-ին հոդվածին, համաձայն որի՝ աշխատանքի ոլորտում խտրականություն է համարվում ոչ միայն ռասայի, մաշկի գույնի, սեռի, կրոնի, քաղաքական համոզմունքի, ազգային ծագման կամ սոցիալական պատկանելության հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որոնց հետևանքով վերանում կամ խախտվում է աշխատանքի ու զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարությունը, այլ նաև աշխատանքի և զբաղվածության բնագավառում հնարավորության կամ վերաբերմունքի հավասարության վերացմանը կամ խախտմանը հանգեցնող ցանկացած այլ տարբերակում, մերժում կամ նախապատվություն, այսինքն, ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի խտրականությունը: Այդ առումով Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

 

ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1463 որոշմամբ սահմանել է, որ «պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում` կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաև իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները»։

 

ՀՀ ԱՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն՝ «Հավելավճարը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում և չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է որակավորման (դասային, դիվանագիտական, գիտական աստիճան, կոչում և այլն), աշխատանքային ստաժի համար»:

 

ՀՀ ԱՕ 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար»:

 

Վերոնշյալ իրավանորմերի և դիրքորոշումների վերլուծությունից բխում է հետևյալը․ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածը հավելավճարը դիտարկում է որպես գիտաշխատողի վարձատրության բաղկացուցիչ մաս, իսկ վարձատրությունը որպես սոցիալական երաշխիք ճանաչվում է բոլոր այն անձանց համար, ովքեր բավարարում են Օրենքի 1-ին հոդվածով սահմանված «գիտաշխատող»  լինելու պայմանը։ Ստացվում է, որ ըստ Օրենքի՝ գիտական աշխատողների համար որպես հավելավճար ստանալու իրավաբանական փաստ սահմանված է գիտական աստիճան ունենալու հանգամանքը։ Գիտական աստիճան ունեցող անձանց  որևէ խմբի համար սահմանափակված չէ վարձատրություն ստանալու իրավունքը և նախատեսված չէ որևէ այլ նախապայման և/կամ սահմանափակում, մինչդեռ Որոշմամբ նախատեսվել է սահմանափակում և ամրագրվել նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու նախապայմանը։  Որոշման նշված կարգավորման խնդիրները ներկայացված են ստորև։

 

Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ որոշմամբ չէր կարող կարգավորվել մի հարց, որն ենթակա էր կարգավորման բացառապես օրենքով։ Մասնավորապես նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու հանգամանքը՝ որպես հավելավճար ստանալու նախապայման, իրավունք սահմանափակող դրույթ է, որը համաձայն «օրենքով նախատեսված» պահանջի, չէր կարող ամրագրվել Կառավարության որոշմամբ, բացի այդ Որոշման նշված պայմանը հակասում է ՀՀ ԱՕ 141-րդ հոդվածի 3-րդ մասին, քանի որ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքի դեպքում գիտաշխատողի ամսական վարձատրությունը կարող է պակաս լինել նվազագույն ամսական աշխատավարձի չափից, որն էլ ինքնին սահմանափակում է գիտաշխատողի՝ վարձատրություն ստանալու իրավունքը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով աշխատաժամանակի ռեժիմի, աշխատավարձի չափի՝ որպես աշխատանքի էական պայմանի փոփոխությունը հիմք չէ աշխատողին հավելավճար չվճարելու համար։ Մինչդեռ Որոշմամբ հավելավճարի վճարումը կապվում է աշխատավարձի չափի հետ։ Գործնականում խնդիր է առաջանում այն դեպքերում, երբ համապատասխան գիտական աստիճան ունեցող աշխատակցի դրույքաչափը նվազում է։ Մասնավորապես, այն դեպքերում, երբ աշխատակցի դրույքաչափը նվազում է /օրինակ, 1 լրիվ հաստիքային միավորից 0,5 դրույք հաստիքային միավոր/ և դրա հետևանքով նվազում է նաև աշխատանքի վարձատրության չափը՝ կազմելով նվազագույն ամսական աշխատավարձից ցածր գումար, գիտական աստիճանի համար սահմանված հավելավճարը Որոշմամբ սահմանված կարգով չի վճարվում։

 

Երկրորդ խնդիրն է, որ որոշմամբ սահմանված կարգավորումը տարբեր իրավական հնարավորութուններ է նախատեսում միևնույն կարգավիճակն (գիտական աստիճան) ունեցող անձանց համար, որի հիմքը՝ վարձատրության չափն է, որն իրենից ներկայացնում է սոցիալական և/կամ գույքային բնույթի հանգամանք։ Մասնավորապես, կախված վարձատրության չափից, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող գիտաշխատողները զրկված են օրենքով իրենց վերապահված սոցիալական երաշխիքից՝ վարձատրության բաղկացուցիչ մաս կազմվող հավելավճար ստանալու իրավունքից։ Նշված կարգավորումը խտրական է, քանի որ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում նվազագույն ամսական աշխատավարձից պակաս վարձատրություն ստացող գիտաշխատողի նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ զրկվում է վարձատրություն (հավելավճար) ստանալու իրավունքից։

 

Նշված տարբերակումը չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, չի հետապնդում իրավաչափ նպատակ, քանի որ հավելավճարի սահմանման նպատակը գիտաշխատողների սոցիալական բարեկեցության ապահովումն ու գիտական և գիտատեխնիկական գործունեության տնտեսական, սոցիալական և իրավական ազատության երաշխավորումն է։ Վերջիններիս ապահովմանն է ուղղված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, սակայն օրենքի կիրարկումն ապահովող Որոշումը չի բխում «օրենքով նախատեսված» պահանջից և գիտության և գիտատեխնիկական գործունեության պետական հովանավորության փոխարեն նեղացնում օրենքով սահմանված երաշխքներից օգտվելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը՝ հիմքում դնելով գույքային և/կամ սոցիալական բնույթի հանգամանքը։

 

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Որոշման 1․1 կետը փոփոխել, հանել «դրանից օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն ստանալու դեպքում» բառակապակցությունը և ամրագրել դրույթը հետևյալ խմբագրությամբ՝ «1.1. Սահմանել, որ գիտաշխատողին գիտական աստիճանի համար հավելավճար հատկացվում է միայն մեկ ծրագրից»։

 

[1] Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985․

Դիտումներ՝ 231

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????