Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կոռուպցիան արմատախիլ կարվի այն ժամանակ, երբ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը դառնան սովորական: Պահանջատիրությունն է միակ շարժիչ ուժը՝ կրթության ոլորտը բարեփոխելու»: Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկում

October 22, 2019

Հրապարակումներ | Նորություններ

2019-ի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 2019-22 թթ. 4-րդ հակակոռուպցիոն  ռազմավարական ծրագիրը: Ծրագրում որոշակի քայլեր են նախատեսված կրթական ոլորտի վերաբերյալ: 

 

Վանաձորի պետհամալսարանում հրավիրվել էր քննարկում՝ «Հակակոռուպցիոն ռազմավարություն․ ինչպե՞ս արմատախիլ անել կոռուպցիան կրթության ոլորտից» թեմայով՝ նվիրված հետհեղափոխական շրջանում բուհական միջավայրում այդ ռազմավարությանն ու կոռուպցիոն խնդիրներին: 

 

Բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը: 

 

Ողջունելով ներկաներին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հույս հայտնեց, որ դահլիճում գտնվողները հանդիպման են եկել  առանց որևէ պարտադրանքի, ապա անկեղծացավ, որ ՎՊՀ-ում առաջին անգամն է ունենում նման քննարկման մասնակցելու հնարավորություն, որովհետև մինչ այդ  այս կառույցում անցանկալի անձ էր համարվում: Շիրակի պետհամալսարանում ունեցել է բազմաթիվ հանդիպումներ: Հուսով է, որ ՎՊՀ-ում ևս այսուհետ կշարունակվի: Արթուր  Սաքունցի խոսքով՝ ռազմավարությունների համարակալումը ճիշտ չէ, մանավանդ որ բովանդակային առումով այս նորը հետհեղափոխական շրջանի արդյունք է, և ճիշտ չէ այն դիտարկել նախորդների հետ նույն հարթության վրա: Նախորդները գրվել ու մնացել են թղթին: «Կոռուպցիայի հաղթահարման թիվ 1 պայմանը՝  քաղաքական կամքի առկայությունն է, արդյոք կա՞ ձգտում իշխանության կողմից կոռուպցիան հաղթահարելու: Մենք ունենք բովանդակային փաստաթուղթ, կոռուպցիոն մտածելակերպը արմատախիլ անելու, բայց միայն իշխանությունը չի կարող հաղթահարել այն, անհրաժեշտ է կոռուպցիան հաղթահարելու հասարակական պահանջ»,-նշեց Արթուր Սաքունցը: Նա միաժամանակ  մտավախություն հայտնեց՝ արդյո՞ք այս նոր ռազմավարությունը կտա բոլոր հարցերի պատասխաները, ունի՞ բոլոր վստահելի մեխանիզմները, որոնց միջոցով կունենանք կոռուպցիոն ռիսկերի նվազեցում օրենսդրական ու գործնական մակարդակներում: Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը գտնում է, որ նախորդ  բոլոր ռազմավարությունները, որպես կանոն, մնացել են թղթի վրա: Կրթական ոլորտի քաղաքականացումն ու ստորին օղակներից՝ մանկապարտեզից մինչև ԲՈւՀ ձգվող կոռուպցիոն շղթայում ոչինչ չի փոխվել: «Կոռուպցիայի հաղթահարումը պետք է սկսվի նոր իշխանությունների կողմից պետության զավթման ճանաչումից ու քաղաքական գնահատական տալուց»:  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքն է: Պետության  զավթումը՝ կառավարման, տնտեսության, ԶԼՄ-ների, կրթական ոլորտների, խոսում է երկրում առկա համակարգային կոռուպցիայի մասին: Հենց դրանով է կարևոր պետության զավթման ճանաչումը:  Լևոն Բարսեղյանը մեջբերեց նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի 2015-16թթ. խորհրդական Բագրատ Եսայանին, ով, ի պաշտոնե կոչված լինելով կյանքի կոչել հակակոռուպցիոն ռազմավարությունը, ժամանակին այսպիսի արտահայտություն էր արել. «Ինչպե՞ս կարելի է չապրել կոռուպցիան: Կոռուպցիան սիրո և զգացմունքի պես բան է»: Նա  խորհուրդ տվեց ուսանողներին լինել շատ ավելի պահանջատեր, հետաքրքրվել՝ ի՞նչ նպատակի են ծառայում իրենց վճարած ուսման վճարները, չլինել մեխանիկական սպառող, այլ հանուն  որակյալ կրթության՝ լինել հավասարը՝ հավասարի հետ, մշտապես մասնակցել, տեղեկացված լինել ԲՈւՀ-ի հոգաբարձուների, ուսանողական խորհրդի նիստերին, առաջ քաշել հուզող բոլոր հարցերը: «Հայաստանում շարունակաբար ամենակոռումպացված ոլորտները եղել են առողջապահությունն ու կրթությունը,- ասում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը,- կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալներով, 2016-ին՝ դեռևս նախահեղափոխական շրջանում, Հարցված հայերի 63 %-ը կարծիք են հայտնել, որ քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի կարող փոխել, իսկ 77 %-ը պատրաստ չէ բարձրաձայնել  կոռուպցիոն դրսևորումների մասին: Այս ցուցանիշներով Հայաստանը, ի թիվս Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 19 երկրների, վերջին հորիզոնականներում է»:  Համակարգային կոռուպցիայի դրսևորումների մասին տվյալներ հրապարակեց նաև Արթուր Սաքունցը: Նման գնահատումներով՝ Հայաստանի երեխաների 50  %-ը չի հաղթահարում մաթեմատիկայի նվազագույն շեմը, 15-21 տարեկանների 10 %-ը համարվում է անգրագետ: Սա ուղղակիորեն կոռուպցիայի հետևանք է, և նշանակում է, որ որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ պատշաճ ջանքեր չեն ներդրվել:

 

Քննարկման ավարտին ուսանողները բանախոսների հետ  հարցուպատասխանի հնարավորություն ունեցան: Էմմա Ղամբարյանը՝ ՎՊՀ –ից, բարձրաձայնեց տեղեկացվածության պակասի մասին, որի հետևանքով ուսանողները շատ հաճախ չեն իրազեկվում ո՛չ հոգաբարձուների և ո՛չ էլ ուսանողական խորհրդի նիստերի մասին: «Ի՞նչ իրական քայլեր  են տեսնում բանախոսները կոռուպցիան նվազեցնելու  ճանապարհին»,-հարց ուղղեց  նա բանախոսներին: Արթուր Սաքունցը, ողջունելով ուսանողին՝ այդ հարցադրումների համար, միաժամանակ նշեց, որ հենց նրա նման մտածողներն են իշխանափոխությունը հեղափոխություն դարձնողները. «Ոչ մի անգամ սկուտեղի վրա ձեզ չեն մատուցելու ձեր իրավունքը, կա եզակի հնարավորություն հարցեր բարձրաձայնելու,  օգտվե՛ք հնարավորությունից, որ ներկա իշխանությունը շատ զգայուն է հանրային կարծիքի հանդեպ»:  

 

«Կոռուպցիան արմատախիլ կարվի այն ժամանակ, երբ լինի հանրային շահի գիտակցում, երբ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը դառնան սովորական: Պահանջատեր ուսանողն է միակ գրավականը՝  կրթական համակարգում, մասնավորապես՝ ԲՈւՀ-ում բարեփոխումներ ակնկալելու: Մի՛ վախեցեք բարձրաձայնել խնդիրները, մի՛ վախեցեք պահանջել, եղե՛ք հադուգն, որովհետև դա է լինելու կրթության որակը բարեփոխելու միակ շարժիչ ուժը »,-եզրափակեց Դիանա Տեր-Ստեփանյանը ՝ բանախոսներից:

 

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

       

Դիտումներ՝ 1234

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????