Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ

June 15, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները նպատակաուղղված են կամավորության ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերին կամավորական գործունեության և կամավոր աշխատանքներում ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ամրագրելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն[1]։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները պարունակում են մի շարք սահմանափակող դրույթներ, որոնք հակասում են կամավորության մշակույթի զարգացման սկզբունքներին։

 

ՀՔԱՎ-ը ներկայացնում է արձանագրված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առաջարկները։ Առաջարկները ներկայացվել են e-draft.am հարթակի միջոցով։

 

 

❌Խնդիր 1. Կամավորական աշխատանքի և կամավորական գործունեության առարկայի սահմանափակում

 

Նախագծի 5-րդ հոդվածում սահմանվել են կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները:

 

Դրանք են՝

 

📌հանրային խնդիրների լուծմանն աջակցելը,

 

📌անձանց՝ սոցիալական խնդիրների ինքնուրույն լուծման նպատակով անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը, ինչպես նաև ֆիզիկական և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման խթանմանն աջակցելը,

 

📌հասարակության խոցելի խմբերի (ներառյալ` կանանց, երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց) իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք, փոխօգնության մթնոլորտ ձևավորելը,

 

📌քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին աջակցելը,

 

📌կամավորական գործունեությանն ու կամավոր աշխատանքին ուղղված նախաձեռնությունները զարգացնելն ու աջակցելը և (կամ) դրանց մասին հանրությանն իրազեկելը,

 

📌սոցիալական պատասխանատվության և համերաշխության մթնոլորտի կայացմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող և ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցելը,

 

📌հանրությանը մարդասիրական գաղափարների և սկզբունքների ոգով դաստիարակելը, կրթելը և հասարակական գործունեության մեջ ներգրավվելու հնարավորություն ընձեռելը,

 

📌մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու դրանց մասին հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումն ապահովելը,

 

📌անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով, օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելը:

 

Հատկանշական է, որ հոդվածում նշված ցանկը սպառիչ չէ, որից ենթադրվում է, որ այլ նպատակներով կամավոր աշխատանք և կամավորական գործունեություն իրականացվել չի կարող։ Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հիմնական նպատակները սահմանելիս պետք է հիմք ընդունել հասարակական հարաբերությունների արագ զարգացման միտումը և նոր հասարակական պահանջմունքների ձևավորումը:  Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված նպատակի ընդհանուր ձևակերպմամբ փորձ է արվել ընդլայնել կամավորության տեսակները, այնուամենայնիվ, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների կամքի ազատությունը Նախագծով առաջարկվող կարգավորմամբ սահմանափակվում է՝ հետապնդելով ոչ իրավաչափ նպատակ։ 

 

Կամավոր աշխատանքը, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արգելված չէ, կարող  է իրականացվել ցանկացած օրինական նպատակով, որի միակ նախապայմանը պետք է լինի հետապնդվող նպատակի և իրականացվող աշխատանքի օրինականության չափանիշը։

 

2001 թվականի հանձնարարականի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը խնդրել է Նախարարների կոմիտեին կոչ անել անդամ պետություններին «ձգտել հայտնաբերել և վերացնել իրենց օրենքներում և պրակտիկայում ցանկացած խոչընդոտ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խանգարում է անձանց մասնակցել կամավորական աշխատանքին»:

 

Փորձագետները համակարծիք են, որ օրենսդիրները պետք է «ապահովեն, որ հատուկ նպատակներ հետապնդող օրենքները չեն սահմանափակելու կամավորների համար նպաստավոր միջավայրի բարելավման հնարավորությունը»[2]: Հակառակ դեպքում՝ ողջ հայեցակարգը աղավաղվելու է[3]:

 

Իրավական դաշտը պետք է դյուրացնի, այլ ոչ թե վերահսկի կամավորությունը: Օրենքը պետք է ապահովի, որ կամավորությունը լինի պաշտպանված և խրախուսվի, որ իրավական պահանջները չխոչընդոտեն կամավորությանը: Չափազանց կարգավորումը կարող է խոչընդոտել ինքնաբուխ նախաձեռնություններին, ծանրաբեռնել փոքր ՔՀԿ-ներին և թուլացնել կամավորների ոգին[4]:

 

Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածը լրացնել նոր՝ 10-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ «10. Կամավորական գործունեությունը և կամավոր աշխատանքը կարող է իրականցվել օրենքով չարգելված այլ նպատակներով»։

 

 

❌Խնդիր 2.Կազմակերպության համար անհամաչափ, կամավորական հարաբերություններից չբխող պարտականությունների սահմանում

 

Նախագծի 10-րդ հոդվածով սահմանվել են Կազմակերպության պարտականությունները, որոնց շարքում տեղ են գտել այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են՝ 12) համապատասխան լիազորագրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացնել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի իրավունքներն ու շահերը երրորդ անձանց առջև և (կամ) այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։

 

Հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ սահմանվում է կամավորի համար ցանկացած ոլորտում ներկայացուցչություն իրականացնելու պարտականություն, ինչն անհասկանալի և անտրամաբանական է, քանի որ, անգամ աշխատանքային իրավահարաբերությունների դեպքում աշխատանքային օրենսգիրքը չի պարտավորեցնում գործատուին պաշտպանել աշխատողի շահերը դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։

 

Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «12. Կամավոր աշխատանքի և կամավորական գործունեությունից բխող վեճերով համապատասխան լիազորագրի առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով ներկայացնել կամավորի, ինչպես նաև իր կազմակերպած կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի իրավունքներն ու շահերը երրորդ անձանց առջև և (կամ) այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում»։

 

 

❌Խնդիր 3. Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները

 

Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես՝ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները»:

 

Իրավասություն նշանակում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պետական ​​մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձանց, հասարակական հարաբերությունների այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականություններ[5]։ Աշխատանքի իրավասությունը հաստատվում է անձի աշխատանքային համապատասխան   ոլորտում  իրավունքներն ու պարտականությունները սահմանող պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ակտով։ Անձը՝ համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով, օգտակար լինելու գիտակցության ձևավորման և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակով աշխատանքի համապատասխան իրավասություն չունենալու դեպքում, հնարավորություն չի ունենալու կատարելու կամավոր աշխատանք։ Կազմակերպությունը, հիմնվելով իր գործունեության առանձնահատկությունների և ուղղությունների վրա, հաշվի առնելով կամավորի աշխատանքի հնարավոր ազդեցությունը այլ անձանց կյանքի և առողջության  վրա, պետք է գնահատի կամավորի մասնագիտական գիտելիքները և հնարավորությունները՝ կամավոր աշխատանքն իրականացնելու համար։

 

Ներկայացված խնդիրը հաշվի առնելով՝ անտրամաբանական է նախատեսել, օրինակ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետներին, տեխնոլոգիական վթարներին, համաճարակների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին կամավորի մասնակցելու հնարավորությունը, իսկ սահմանափակումը պայմանավորել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն ունենալու հանգամանքով։ Նշված սահմանափակումը հակասում է Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված՝ անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակի իրականացմանը: Եթե կամավոր աշխատանքը կատարվում է կոնկրետ ոլորտում հմտություն կամ փորձառություն ձեռք բերելու նպատակներից ելնելով, և անձը դեռ չունի մասնագիտական գործունեության իրավասություն, նախագծով սահմանված կամավորության նպատակները դառնում են հռչակագրային։

 

Առաջարկում ենք 6-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «1. Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:

 

 

❌Խնդիր 4. Կամավորի աշխատանքի վայրը

 

Նախագծի 18-րդ հոդվածով ամրագրվել են պայմանագրի լուծման հիմքերը: Որպես հիմք առկա է նաև 7-րդ կետում սահմանված կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կամավոր աշխատանքի վայրում գտնվելու դեպքը։

 

Նախագծով առաջարկվող կարգավորումներով բացակայում են կամավոր աշխատանքի վայրը սահմանող դրույթները, ուստի, եթե օրենսդիրը ելնում է պայմանագրի բովանդակությունը և էական պայմաններն օրենքով սահմանելու տրամաբանությունից, պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, հակառակ դեպքում՝ լուծման հիմքերից վկայակոչածը չի գործի։

 

Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «7. Կամավորության գործունեություն և կամավորական աշխատանք կատարելու ժամանակ կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքում»։

 

 

❌Խնդիր 5Հաշվառման մատյանի վարումը

 

Նախագծով սահմանվել է հաշվառման մատյանի վարումը։ Թեպետ նշվել է, որ այն պետք է կրի հայեցողական բնույթ և ամեն դեպքում պետք է ելնել կամավորի համաձայնությունից՝ դրույթը ձևակերպվել է այնպես, որ մատյանը վարվում է ոչ թե կամավորի համաձայնության դեպքում, այլ քանի դեռ կամավորը չի հրաժարվել։  Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել սույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում»:

 

Գտնում ենք, որ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «4. Հաշվառման մատյանը վարվում է կամավորի կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում՝ կամավոր աշխատանք կատարող այլ անձի գրավոր համաձայնության դեպքում»։

 

 

❌Խնդիր 6. Հետադարձ ուժի գործողության կանոնը

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը տարածվում է նաև Կազմակերպությունների կողմից կամավորների հետ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի, ինչպես նաև այդ պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա»:

 

Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ  ՀՀ Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից։ Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից։

 

Կարծում ենք, որ մասնավոր իրավահարաբերություններում, մասնավոր իրավունքի երկու սուբյեկտի միջև նախկինում կնքած պայմանագրի նկատմամբ նոր օրենքի դրույթների հետադարձ ուժի կիրառումը չեն ապահովում լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքը և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը, քանի որ կողմերը պայմանագիր կնքելիս նշված օրենքը նկատի չեն ունեցել։

 

 

❌Խնդիր 7 Աշխատանքային գործունակություն

 

Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել 16 տարին լրացած, օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով աշխատանքային գործունակություն ձեռք բերած յուրաքանչյուր անձ:

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու՝ քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է 16 տարեկան դառնալու պահից, բացառությամբ՝ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի»:

 

Հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն աշխատանքային գործունակությունը կապում է անձի տարիքի հետ,  իսկ գործունակության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այլ օրենսդրական ակտերով, կամավորության մասին օրենսդրությունը չպետք է նախատեսի այնպիսի պահանջներ, որոնք կարող են խոչընդոտել կամավորության մշակույթի ձևավորմանը։

 

Առաջարկում ենք, Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝  Հայաստանի Հանրապետությունում կամավոր աշխատանք կարող է կատարել 16 տարին լրացած անձը, բացառությամբ՝ օրենքներով նախատեսված դեպքերի:

 

——————

[1] Տե՛ս «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի հիմնավորումը։ Հասանելի է՝ https://www.e-draft.am/projects/2516/justification

[2] Inter-Parliamentary Union, International Federation of Red Cross and Red Crescent Societies, and UN Volunteers, “A Volunteerism and Legislation: A Guidance Note"․

[3] Katerina Hadzi-Miceva, Comparative Analysis of European Legal Systems and Practices Regarding Volunteering, p.5.

[4] Տե՛ս նույն տեղում, էջ 6:

[5] Авакьян С. А. Конституционный лексикон: Государственно-правовой терминологический словарь / С. А. Авакьян — М.: Юстицинформ, 2015, с. 514.

 

Դիտումներ՝ 1010

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????