Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Թմրամիջոցների գործածման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտի քաղաքականության գնահատում․ Զեկույց, Մաս 1

December 12, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Խտրականությունից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հայաստանում թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող օրենսդրական կարգավորումները և ծրագրերը, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց նկատմամբ քաղաքականությունը շարունակում է մնալ պատժողական։

 

2023 թ․ մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց 2023 թ․-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի հայտարարելու մասին՝ հավելելով, որ մշակվել է նոր ռազմավարություն։ Արձանագրենք, որ խնդրի մասին խոսում է միայն իրավապահ համակարգի ներկայացուցիչը և լսելի չէ առողջապահության և կրթության բնագավառների ձայնը: Ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ մոտեցումների փոփոխություն չի եղել։

 

Խնդրահարույց է Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների բաշխվածությունը։ Ծրագրի համակարգողն ու հիմնական կատարողը ՀՀ ոստիկանությունն է։ Այս կառույցը 12 միջոցառումների առաջին կատարող է, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ միայն մեկի։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդամենը երեք միջոցառման կատարող է։ Ընդ որում որոշ միջոցառումների վերաբերյալ գերատեսչությունը կազմակերպությանը տեղեկություններ է տրամադրել մինչև 2018 թ․-ը, իսկ դրանից հետո պատասխանել է, որ դրանք իր իրավասությունից դուրս են։ Մտահոգիչ է նաև տարածքային կառավարման և ինքնակառավարման մարմինների ներգրավվածության ցածր մակարդակը։

 

Միջոցառումների ակնկալվող արդյունքներն ավելի շատ ձևակերպված են որպես ակնկալվող ազդեցություն և, որպես կանոն, չափելի չեն։ Օրինակ՝

  • 1․2 միջոցառման ակնկալվող արդյունքը ձևակերպված է որպես «Հնարավորություն կտա ներկայացնել հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքները միջազգային հանդիպումներում»։ Անհասկանալի է, թե ինչպես չափել հնարավորությունը, ինչ ձևաչափով միջազգային հանդիպումներ են նախատեսվում, ովքեր են այս միջոցառման հասցեատերերը։

  • 1․3 միջոցառման ակնկալվող արդյունքը ձևակերպված է որպես «Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը»։ Անհասկանալի է, թե, օրինակ, որքանով պետք է նվազեցվի։

 

Նման ձևակերպումներով են տարեկան ծրագրերի բոլոր միջոցառումները և դրանց ակնկալվող արդյունքները, մինչդեռ որքան հստակ են ձևակերպված միջոցառումները, արդյունքային ցուցանիշներն ու ակնկալվող ազդեցությունը, այնքան աշխատանքը դրանց կատարման ուղղությամբ արդյունավետ է։ 

 

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պատժողական քաղաքականությունը ոչ միայն արդյունավետ չէ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման դեմ պայքարում, այլև բացասաբար է անդրադառնում հանրային առողջության վրա։ Այն ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, ինչպիսիք են՝ քրեական արդարադատության համակարգի և դատարանների գերբեռնվածություն, քրեակատարողական հիմնարկների գերբնակեցում: Ավելին, այն սրում է սոցիալական և առողջական խնդիրները։ Դատապարտված անձը ենթարկվում է խարանի, մերժվում է հանրության կողմից, բախվում սոցիալական խնդիրների և չունենալով սոցիալական ու առողջապահական ծառայությունների հասանելիություն՝ զրկվում է փակ շրջանից դուրս գալու հնարավորությունից:

 

Պատժողական մոտեցման անարդյունավետության մասին են փաստում նաև վիճակագրական տվյալները (մաս 2)։

 

Մասնագետներն ահազանգում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճում է շատ արագ տեմպերով, երիտասարդանում (14-16 տարեկան), գործածողների շրջանակն ընդլայնվում է՝ ընդգրկելով մեծ թվով բարձրագույն կրթություն ստացող և/կամ ունեցող անձանց, որոնց թիվը նախկինում մեծ չէր: Ավելացել է նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցող հաշվառված կանանց թիվը՝ 2022 թ․ աճելով 40-ով (2021 թ․՝ 76 կին, 2022 թ․՝ 116 կին)։ Այսինքն, փոխվել է նաև սպառողի տարիքային և սեռային պատկերը։

 

Փոխվել են իրացման ճանապարհները՝ տեղափոխվելով իրավապահ համակարգի համար դժվար վերահսկելի տիրույթ։ Խոսքը սոցիալական ցանցերի միջոցով թմրամիջոցների վաճառքի մասին է։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գերակշող մասը կատարվում է համացանցով, մասնավորապես՝ 98 տոկոսը կատարվում է Տելեգրամ սոցիալական ցանցի միջոցով։ Ըստ մասնագետների՝ ամեն օր սոցիալական հարթակում 100 հազարից ավելի մարդ թմրանյութ է փնտրում, երեկոյան ժամերին դեղատներից մեծ քանակությամբ ներարկիչների վաճառք է գրանցվում։ Ահագնացող վտանգի մասին են վկայում նաև փողոցներում նետված օգտագործած ներարկիչների քանակը։

 

Հայաստանում հիմնականում սինթետիկ ծագման ժամանակակից թմրանյութերն են տարածված, որոնք, մասնագետների խոսքով, հոգեբանական կախվածություն են առաջացնում։

 

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել 2020 թ․ 44 օրյա պատերազմի և դեռևս դրա չհաղթահարված հետևանքները և մասնակիցներին անհրաժեշտ ծավալի ու որակի հոգեբանական աջակցություն չապահովելու փաստը (մասնավորապես 2021 թ․ մեկնարկած` պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական վերականգնման 6 ամսյա ծրագրի շրջանակում աջակցություն ստացած անձանց թիվը կազմել է նվազագույն կարիքի ընդամենը 6.4 տոկոսը

 

Սրանք մարտահրավերներ են, որոնք պետք է հաշվի առնվեն և թիրախավորվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և թմրամիջոց գործածող անձանց աջակցելուն ուղղված քաղաքականություններում։

 

Անհրաժեշտ է վերանայել մոտեցումները՝ ուղղված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ու թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հետ աշխատանքներին՝ համապատասխանեցնելով դրանք արդի մարտահրավերներին, միջազգային լավագույն փորձին ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին։

 

Այսպիսով, անհրաժեշտ է մշակել ոլորտը կարգավորող նոր ռազմավարություն, որը կլինի մասնակցային, կունենա ժամկետներ, տեսլական, իրավունքահեն մոտեցում, սոցիալական բաղադրիչ, մշտադիտարկման և գնահատման գործուն մեխանիզմ։

 

Սույն զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ,

Զեկույցի 2-րդ մասը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 212

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????