Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը խնդրահարույց է համարում պետական աշխատակիցների գործուղումների մանրամասները չհրապարակելու մասին նախագիծը և առաջարկում է այն չեղարկել

July 20, 2021

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախագիծը գնահատում է խնդրահարույց տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման, թափանցիկ և լավ կառավարման սկզբունքների տեսանկյունից։ Բացի դրանից՝ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվելու պետական համակարգի համար, քանի որ Նախագծի հեղինակները նշել են, որ e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել և 2020 թվականի  հուլիսի 2-ին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

 

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում հրապարակվող պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվություններում հանել գործուղման նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, բարձրացված կամ քննարկված հարցերի,  հանդիպման ժամանակ ընդունված որոշումների, պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի, առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Նախագծի հեղինակները նշում են, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում[1]:

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործուղումների վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը գնահատել է ռիսկային և զգայուն ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ գրասենյակ) նախագիծը գնահատում է խնդրահարույց տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման, թափանցիկ և լավ կառավարման սկզբունքների տեսանկյունից։ Բացի դրանից՝ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվելու պետական համակարգի համար, քանի որ Նախագծի հեղինակները նշել են, որ e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը: Ստացվում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը հարցման միջոցով այնուամենայնիվ հասանելի է լինելու հանրության համար և հետևաբար ենթակա է լինելու հրապարակման, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը չի նախատեսում այդպիսի տեղեկատվության տրամադրման համար սահմանափակման հիմք։ Այդ դեպքում անհասկանալի է մնում, թե ինչպես է Նախագծով նախատեսված նպատակը կյանքի կոչվելու՝ հաշվի առնելով Նախագծի հեղինակների կողմից մեջբերված հիմնավորումները։ Այդպիսի արհեստական գործընթացները կարող են ստեղծել բարենպաստ պայմաններ պետական մարմինների չարաշահումների և տեղեկատվության մատչելիության ոչ իրավաչափ սահմանափակումների համար։

 

ՀՔԱՎ գրասենյակն ուսումնասիրել է նաև ոլորտին առնչվող միջազգային ուղենիշային փաստաթղթերը, որոնք արտահայտում են տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում ձևավորված սկզբունքները, միջազգային մարմինների մոտեցումները և պետությունների պրակտիկան։

 

ՄԱԿ-ի, ԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի Խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողներն իրենց 2004 թ. համատեղ հռչակագրում նշել են, որ «պետական մարմիններից պահանջվում է ակտիվորեն հրապարակել, նույնիսկ հարցման բացակայության դեպքում, հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը: Պետք է համակարգեր ներդրվեն, որպեսզի ժամանակի ընթացքում ավելացվի այդպիսի պարբերական բացահայտման ենթակա տեղեկատվության քանակը»[2]:

 

«Հոդված 19» ոչ կառավարական կազմակերպության`Գրաքննության դեմ պայքարի միջազգային կենտրոնի կողմից մշակվել են «Հասարակության իմանալու իրավունքը. Տեղեկատվության ազատության օրենսդրության սկզբունքները» վերնագրով 9 սկզբունքներ[3], որոնք հաստատվել են ՄԱԿ-ի կարծիքի և արտահայտման ազատության հարցերով հատուկ զեկուցողի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2000 թ. նստաշրջանի իր զեկույցում (E/CN.4/2000/63)[4], որպես միջազգային և տարածաշրջանային օրենսդրության և ստանդարտների, զարգացող պետական պրակտիկայի և ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա մշակված սկզբունքներ: Երկրորդ սկզբունքը վերաբերում է տեղեկատվության հրապարակման պարտավորությանը, որի համաձայն՝ պետական մարմինները պարտավոր են հրապարակել կարևոր (key) տեղեկատվությունը։ Նշված սկզբունքը սահմանում է, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը նշանակում է ոչ միայն այն, որ պետական ​​մարմինները պետք է պատասխանեն տեղեկատվություն ստնալու համար ուղարկված հարցումներին, այլ  նաև պետք է ակտիվորեն հրապարակեն և լայնորեն տարածեն նշանակալի հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը ողջամիտ սահմաններում՝ կախված ռեսուրսներից և կարողությունից: Առնվազն պետական մարմինները պարտավոր են պարբերաբար հրապարակել և թարմացնել, ի թիվս այլնի, հասարակության վրա ազդող ցանկացած որոշման կամ քաղաքականության բովանդակությունը, ինչպես նաև որոշման պատճառները և որոշման ձևավորման համար կարևորագույն նյութերը, ներառյալ շրջակա միջավայրի, սոցիալական կամ մարդու իրավունքների վրա ազդեցության բոլոր գնահատումները:

 

Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի Խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակի զեկույցում արձանագրվել է, որ տեղեկատվության մատչելիության իրավունքը ժողովրդավարական մասնակցության, պետության և պետական ​​կառավարման վերահսկողության և կոռուպցիայի մոնիտորինգի կարևոր գործիքն է: Ժողովրդավարական համակարգերում, որոնցում պետության վարքը կարգավորվում է հրապարակայնության և թափանցիկության կանոններով, պետության ձեռքում գտնվող տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարական մասնակցության, հասարակական գործերի լավ և թափանցիկ կառավարման, ինչպես նաև հասարակության կողմից կառավարության և նրա մարմինների վերահսկման հիմնարար պահանջն է, քանի որ այն քաղաքացիական հասարակությանը հնարավորություն է տալիս մանրազնին ուսումնասիրել իշխանությունների գործողությունները[5]։

 

Հանդիպումների կամ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության հնարավոր սահմանափակման մասով ՀՔԱՎ գրասենյակը արձանագրել է միայն բուլղարական փորձը։ Բուլղարիայի հանրային տեղեկատվության մատչելիության մասին օրենքը նախատեսում է, որ տեղեկատվության տրամադրումը կարող է սահմանափակվել, եթե այն պարունակում է ընթացիկ կամ առաջիկա բանակցությունների վերաբերյալ կարծիքներ և դիրքորոշումներ։ Միաժամանակ ամրագրված են տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանն ուղղված երաշխիքներ․ նշված սահմանափակումը չի կարող կիրառվել նման տեղեկատվության ստեղծման օրվանից 2 տարի անց և պաշտոնական հանրային տեղեկատվության հասանելիությունը չի կարող սահմանափակվել գերակշռող հանրային շահի առկայության դեպքում[6]։ Ընդգծենք, որ նշված տեղեկատվության տրամադրման սահմանափումը  նախատեսված է օրենքով։

 

Հաշվի առնելով, որ գործուղումների արդյունքում ընդունված որոշումները, ստորագրված փաստաթղթերը անմիջական ազդեցություն կարող են ունենալ անձանց իրավունքների և օրինական շահերի վրա, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության հրապարակումը բխում է պետական մարմինների գործունեության հաշվետվողականության, թափանցիկության և լավ կառավարման սկզբունքներից, առաջարկում ենք Նախագիծը չեղարկել։

 

[1] Տե՛ս Նախագծի հիմնավորումը։ Հասանելի է՝ https://www.e-draft.am/projects/3382/justification

[2] JOINT DECLARATION By the UN Special Rapporteur on Freedom of Opinion and Expression, the OSCE Representative on Freedom of the Media and the OAS Special Rapporteur on Freedom of Expression 6 December 2004, p.34, https://www.osce.org/files/f/documents/5/5/99558.pdf

[3] Principle 1: Maximum disclosure, Principle 2: Obligation to publish, Principle 3: Promotion of open government, Principle 4: Limited scope of exceptions, Principle 5: Processes to facilitate access, Principle 6: Costs, Principle 7: Open meetings, Principle 8: Disclosure takes precedence, Principle 9: Protection for whistleblowers.

[4] https://undocs.org/en/E/CN.4/2000/63

[5] http://www.oas.org/dil/access_to_information_iachr_guidelines.pdf

[6] Law for access to public information of Bulgaria, Art. 13. Prom. SG. 55/7 Jul 2000, amend. SG. 1/4 Jan 2002, amend. SG. 45/30 Apr 2002, amend. SG. 103/23 Dec 2005, amend. SG. 24/21 Mar 2006, amend. SG. 30/11 Apr 2006, amend. SG. 59/21 Jul 2006, amend. SG. 49/19 Jun 2007, amend. SG. 57/13 Jul 2007, amend. SG. 104/5 Dec 2008, amend. SG. 77/1 Oct 2010, amend. SG. 39/20 May 2011.

 

Դիտումներ՝ 186

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????