May 10, 2022
Labor Rights |
Activities |
Current Announcements |
Legal Support |
Legal Support |
Publications |
News
«Արժանապատիվ աշխատանք հիմա» ծրագրի շրջանակում իրավախորհրդատվություն տրամադրելիս վեր ենք հանում աշխատանքային իրավունքների խախտումներ, որոնք բավականին տարածված են։
Սկսում ենք ներկայացնել հաճախ տրվող հարցերը և դրանց պատասխանները։
Ո՞ր պահից եք համարվում աշխատող։
Աշխատող է համարվում 16 տարին լրացած (առանձին ոլորտների համար՝ 14) գործունակ քաղաքացին, որը աշխատանքային գրավոր պայմանագրի կամ հրամանի հիման վրա գործատուի համար կատարում է որոշակի վճարովի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
14-16 տարեկան անձինք աշխատող կարող են համարվել ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։
Աշխատանքային ինչպիսի՞ ոլորտներում կարող են ներգրավվել մինչև 14 տարեկան անձինք:
Մինչև 14 տարեկան անձինք ծնողի (խնամակալի, որդեգրողի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի) գրավոր համաձայնության դեպքում կարող են աշխատել կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական և համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում և ռադիոյում` ներգրավվելով ստեղծագործական աշխատանքում, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։
Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում աշխատանքի ընդունելիս։
Աշխատանքի ընդունելիս գործատուն պարտավոր է ընդունել հրաման կամ կնքել աշխատանքային պայմանագիր՝ երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ:
Մինչև 14 տարեկան աշխատողների դեպքում կազմվում է ծնողի/խնամակալի/որդեգրողի կամ հոգաբաձուի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ։
Պայմանագրի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին, իսկ մինչև 14 տարեկանների դեպքում՝ ծնողին/խնամակալին։
Պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային ստորագրությունների միջոցով և համապատասխանաբար՝ դրա օրինակը փոխանցվել էլեկտրոնային եղանակով։
Ինչպիսի՞ աշխատանքներում կարող են ներգրավվել 14-16 տարեկան անձինք։
14-16 տարեկան անձինք կարող են ներգրավվել միայն ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողի (հոգաբարձու, որդեգրող) գրավոր համաձայնությամբ, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությունն ու բարոյականությունը և չի խոչընդոտում նրանց կրթությունն ու անվտանգությունը։
Աշխատանքի չընդունելու ո՞ր պատճառաբանություններն են արգելված օրենքով
Գործնական հատկանիշների և մասնագիտական պատրաստվածության ու որակավորման հետ չկապված ցանկացած այլ պատճառաբանությամբ աշխատանքի չընդունելն արգելված է։
Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ հարցեր ունեք, զանգեք 041 123302
views: 1470