Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ԵԱՀԿ-ում քաղհասարակության ներկայացուցիչները խոսել են դատական համակարգի խնդիրներից

September 24, 2019

Media about us

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել:

 

Հայաստանի արդարադատության նախկին նախարար, կասեցված անդամակցությամբ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որն այժմ հանդես է գալիս «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի անունից, խոսել է Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների մասին: Նա, մասնավորապես, մտահոգիչ է համարել, որ խուզարկություն է իրականացվել «ոչ ցանկալի որոշում» կայացրած դատավորի գրասենյակում, երբ նա արձակուրդում էր: Հովհաննիսյանը կիսվել է նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագծի շուրջ իր մտահոգություններով, ինչպես նաև կասկածի տակ է դրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընտրության օրինականությունը:

 

Արփինե Հովհաննիսյանի ելույթը զարմացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: «Զավեշտալի է, որ դատական համակարգի խնդիրների մասին է խոսում մի մարդ, որն անձնապես պատասխանատու է եղել դատական համակարգի անկախության երաշխավորման համար, որը փաստացի եղել է լիարժեք զավթված»,- ասել է Իոաննիսյանն իր ելույթում:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հապաղել են դատական համակարգի բարեփոխումների հարցում:

 

«Վրաստանի, Ուկրաինայի և ժողովրդավարական անցում ապրած այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դատական ռեֆորմը իրոք ամենադժվարն է: Սակայն ես նաև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունները բավականին ուշացան դատական ռեֆորմի մեկնարկի հարցում: Այն գործնականում սկսվեց մի քանի ամիս առաջ, այնինչ կարող էր սկսվել դեռևս անցյալ տարի»,- ասել է նա՝ հավելելով, որ դատական համակարգը պետք է ազատվի թե՛ կոռումպացված իշխանությունների հրահանգները կատարած անձանցից և թե՛ դատական անկախությունը ոտնահարող ավանդույթներից:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակել է նույն միտքը՝ ընդգծելով,որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատական իշխանությունը նույնն է մնացել: Նա նշել է, որ նոր իշխանությունները պարտավոր են իրականացնել համակարգային արմատական օրենսդրական փոփոխություններ՝ իրական անկախ դատական համակարգ ձևավորելու համար: Սաքունցը նաև կոչ է արել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին մշտապես օգնել Հայաստանի իշխանություններին՝ այդ ճանապարհին դժվարությունները հաղթահարելու համար, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայաստանի քաղհասարակության հետ:

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովը Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Հյուսիսային Ասիայի ամենածավալուն ամենամյա միջոցառումն է՝ նվիրված մարդու իրավունքներին։

 

views: 393

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color