Helsinki Citizens' Assembly-Vanadzor

(Armenian) ՀՀ հոգեբուժական հաստատություններում անձնական հիգիենայի ապահովումը․ ԶԵԿՈՒՅՑ

October 3, 2024

Activities | Reports|Information Papers|Brochures | Joint | Publications | Closed and Semi-Closed Institutions | Civilian Oversight and Monitoring

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Սույն զեկույցի շրջանակում Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբը  ուսումնասիրել է Հայաստանի 7 հոգեբուժական հաստատություններում բուժում և խնամք ստացող անձանց անձնական հիգիենայի ապահովման բաղադրիչները՝ լոգանքի, ձեռքերի հիգիենայի կազմակերպումը, ատամների, մազերի, եղունգների խնամքի ապահովումը, անձնական հիգիենայի ապահովման թերությունները և դրա ապահովման խոչընդոտները։

 

Հաստատություններում բուժում և խնամք ստացող անձանց հիգիենայի պայմանների ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներն են՝

 

  • անձնական տարածքի, անձնական իրերը պահելու պայմանների անբավարար ապահովում և/կամ առհասարակ բացակայություն

 

Հաստատություններում ապահովված չեն անհրաժեշտ անձնական տարածք ունենալու նվազագույն չափանիշները։ Այդ պատճառով բուժում և խնամք ստացող անձինք զրկված են, ի թիվս այլնի, իրենց անձնական իրերը, այդ թվում հիգիենայի և խնամքի պարագաները, առանձնացված պահելու հնարավորությունից։ Դիտորդական խմբի կողմից  արձանագրվել են կողապահարանների թվի անհամապատասխանություն մահճակալների թվին, մահճակալների խիտ դասավորվածություն սենյակներում, ինչը դժվարեցնում է մուտքն ու ելքը, իսկ հագուստը պահելու համար պահարաններն առհասարակ բացակայում են։

 

  • անձնական հիգիենայի ապահովման համար անհրաժեշտ

 

  • տարածքների սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններ
  • սանտեխնիկայի (ցնցուղ, զուգարանակոնք, լվացարան) և լոգանքի անվտանգ կազմակերպման համար անհրաժեշտ կահավորանքի (աթոռ, չսահող գորգեր) ոչ բավարար քանակ
  • պարագաների (շամպուն, սափրվելու փրփուր, միջադիր և այլն) ոչ պատշաճ որակ և տրամադրման ընթացակարգ, ոչ բավարար քանակ կամ առհասարակ բացակայություն

 

Բաժանմունքներում որպես կանոն տեղադրված է 1-3 զուգարանակոնք, իսկ բուժում և խնամք ստացող անձանց թիվը դիտարկման օրերին 7-65 անձ էր։ Հոգեբուժական հաստատություններում մեկ զուգարանակոնքից օգտվող անձանց թիվը հասնում էր ընդհուպ 43-ի։  Խնդիրը էլ ավելի է բարդանում, երբ զուգարանակոնքը խցանվում է։ Օրինակ՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում այցի օրը տղամարդկանց համար նախատեսված բոլոր երեք զուգարանակոնքերը խցանված էին և բուժառուները օգտվում էին աշխատակիցների համար նախատեսված զուգարանակոնքից։

 

Արձանագրվել է նաև զուգարանակոնքերի մաքրության, ինչպես նաև զուգարանից օգտվելիս բուժում և խնամք ստացող անձանց առանձնացվածության ապահովման խնդիր։ Մասնավորապես՝ զուգարանակոնքերն առանձնացված են միայն երեք կողմից (Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն և «Ավան» հոգեկան առողջության կենտրոն) կամ առհասարակ առանձնացված չեն (Սևանի հոգեկան առողջության կենտրոն)։ Այսինքն, ապահովված չէ առանձնացված տարածք անձնական կարիքները հոգալու համար։

 

 

Ավելին, որպես կանոն, լվացարանները տեղակայված են զուգարանակոնքերի հետ նույն տարածքում։ Այսինքն, երեք անձ կարող է օգտվել դուռ չունեցող զուգարանակոնքից և այդ նույն ժամանակ ևս 3 այլ անձ կարող է օգտվել լվացարանից, ինչը չի կարող ընդունելի համարվել անձի արժանապատվության տեսանկյունից։ 

 

 

Հոգեբուժական հաստատությունների բաժանմունքներում հիմնականում հասանելի է մեկ լոգասենյակ մեկ ցնցուղով։ Այն հաստատություններում, որտեղ մեկ լոգասենյակում առկա է 2-3 ցնցուղ, դրանք առանձնացված են միջնապատերով, բացառությամբ Սևանի հոգեկան առողջության կենտրոնի։ Լոգասենյակներում, բացառությամբ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, որպես աթոռ ծառայում է կամայական աթոռ, որը չի համապատասխանում լոգասենյակային աթոռի նկարագրությանը և, որպես կանոն, հնամաշ է։

 

 

Սյունիքի մարզային նյարդահոգեբանական դիսպանսերում լոգանքը տևում է 5-10 րոպե։ Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում մեկ ցնցուղից միաժամանակ երեք բուժառու է օգտվում (ընդ որում ընդհանուր 15 րոպե տևողությամբ): Շահառուներից մեկը նշում է․

 

Մինչև մեկն օճառվում է, մյուսը թրջվում է, մյուսն էլ հանվում։ Էդպես արագ է և ջուրն էլ բավարարում է։

 

Լվացքի իրականացումն անհատականացված չէ, չի առանձնացվում ու անհատականացվում նույնիսկ ներքնազգեստը։ Լավագույն դեպքում այն առանձնացվում է ըստ բաժանմունքների։ Այսինքն բաժանմունքում մեկ անձի հագուստը (այդ թվում ներքնահագուստը) լվացվելուց հետո կարող է ստանալ մեկ այլ անձ։

 

Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոնում ջրի մատակարարման խափանման դեպքում բուժում և խնամք ստացող անձինք ձեռքերը լվանում են կոտրված, ոչ մաքուր տարայի մեջ հավաքված ջրով, որը այցի օրը կիսադատարկ էր, ջուրն էլ պղտոր։ Ավելին, հասանելի չէր նույնիսկ փոքր չափի տարա ջուր վերցնելու համար։

 

 

  • ջրի (հատկապես տաք) անհասանելիություն

 

Օրինակ՝ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում սովորաբար շշերի մեջ տաք ջուր են լցնում և փոխանցում բուժում և խնամք ստացող անձանց։ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում լոգարանում տաք ջրի համար անհրաժեշտ է միացնել ջրի պոմպը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում և «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, մշտական տաք ջուր հասանելի է միայն ձմռան ամիսներին, մյուս ամիսներին տաք ջուր երեկոյան ժամերին չի լինում և այս դեպքում ևս հնարավոր է բուժում և խնամք ստացող անձինք տաք ջուր վերցնեն շշերով ավելի ուշ օգտագործելու նպատակով։

 

  • հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսի անբավարար քանակ

 

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հոգեբուժական հաստատություններում անձնակազմի քանակը բավարար չէ բաժանմունքում 40-65 անձանց կողմից հիգիենայի կանոնների պատշաճ պահպանման, յուրաքանչյուրին ըստ կարիքի աջակցելու և նրանց հետ անհատապես աշխատելու համար՝ զարգացնելու ինքնախնամքի հմտությունները։ Մինչդեռ աջակցության կարիք ունեցող 5-10 անձի դեպքում նման աջակցության երաշխավորելն ավելի իրատեսական է։

 

Արձանագրված մի շարք այլ խնդիրներին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։ 

 

Հոգեբուժական կազմակերպություններում դիտորդական խումբն այցելել է՝

 

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ

«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

«Ակադեմիկոս Ա․ Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ

 

 

views: 30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Feedback

Select the relevant connection

  • Font size
    A A A
  • Font
    arial verdana tahoma
  • Thickness
    regular light bold
  • Spacing
    1px 2px 3px
  • Color scheme
    Black on a white background White on a black background
  • Background color
  • Text color