Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Երևանում ներկայացվեց 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների փաստահավաք զեկույցը

December 17, 2021

Այլ | Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2021 թ․-ի դեկտեմբերի 17-ին Երևանում ներկայացրին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կառավարության և առընթեր մարմինների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ։

 

Փաստահավաք զեկույցը, որը պատրաստվել է քաղաքացիական հասարակության վերոնշյալ կազմակերպությունների կողմից, հիմնավոր ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ գործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այն խախտումները, որոնք տեղի են ունեցել 2020 թ․ աշնանը՝ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին փաստեր՝ Արցախի բնակչության կյանքի, առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, սեփականության իրավունքների խախտումների, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի,  ինչպես նաև շրջակա միջավայրի, մշակութային ժառանգության դեմ հանցագործությունների, լրագրողների թիրախավորման, վարձկանների ներգրավման, պատերազմի վարման արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու մասին։ Զեկույցում ներկայացված ապացույցները հիմնվում են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների տվյալների մանրակրկիտ հավաքագրման և վերլուծության վրա։ Այս աշխատանքների շրջանակում փաստահավաք խումբն այցելել է Արցախ, տեղում փաստագրել ավերվածությունները և մարդու իրավունքների խախտումները։ Հանդիպումներ են եղել ընդհանուր թվով 879 վկայի հետ, ուսումնասիրվել են բռնությունների արդեն իսկ հաղորդված և դեռ չհաղորդված դեպքերը: Զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վկայությունների հավաստիությունը ճշտվել է ապացույցների և այլ աղբյուրներից ստացված վերլուծությունների, ռազմական փորձագետների գնահատականների, մարդու իրավունքների իրավիճակի մասին այլ զեկույցների և պաշտոնական զեկույցների միջոցով:

 

Միջոցառման մեկնարկը տալով՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը նշեց, որ փաստահավաք զեկույցի ստեղծման նպատակն էր համապարփակ և անաչառ մոտեցմամբ ուսումնասիրել, հավաքագրել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններն ու մարդու իրավունքների խախտումները, դրանք ներկայացնել միջազգային հանրությանը, հորդորել միջազգային կառույցներին արձագանքել այդ խախտումներին և մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ «Պատերազմի առաջին օրերից փաստահավաք նախաձեռնությունը մեկնարկեց Արցախի բնակչության դեմ գործած վայրագությունները բացահայտելու և գնահատելու նպատակով: Քննության հիմնական թիրախ էր ընտրվել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը, սակայն տվյալների հավաքագրման գործընթացը չի սահմանափակվել միայն դրանով, քանի որ ուսումնասիրվել են նաև պատերազմից առաջ և հետո տեղ գտած խախտումները` նպատակ ունենալով ձևավորել ամբողջական պատկեր: Փաստահավաք նախագծի նպատակն է հնարավորություն ընձեռել, որպեսզի խոսեն բուն փաստերը: Այս գործընթացի միջոցով փորձ է կատարվում բացահայտել և վերլուծել պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումները, ներկայացնել դրանք տեղի և միջազգային հանրությանը, ինչպես նաև զինել պետական, ոչ-պետական, միջազգային կառույցներին այնպիսի փաստերով, որոնք հնարավոր կլինի օգտագործել՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և այդ երկրի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին խոսելիս»,- նշեց Դավիթ Ամիրյանը։ 

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր գնահատեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից փաստահավաք զեկույցի մշակումը։  «Շատ կարևոր եմ համարում այս միջոցառումը և հատկապես, որ այսպիսի կարևոր նախաձեռնությունն արվում է քաղաքացիական հասարակության ներգրավմամբ և անմիջական նախաձեռնությամբ։ Մենք նույնպես պատրաստ ենք մեր բոլոր միջոցներով, հնարավորություններով ամեն ինչ անել, որ սա դառնա լայն օգտագործման փաստաթուղթ, և այս հարցերը պետք է դառնան պետական քաղաքականության մաս», - իր խոսքում նշեց մարդու իրավունքների պաշտպանը։

 

Միջոցառման ժամանակ զեկույցի հեղինակները ներկայացրին մարդու իրավունքների խախտումները ըստ ոլորտների և ուղղությունների։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավական փորձագետ Աննա Մելիքյանը ներկայացրեց կյանքի իրավունքի խախտումները, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերը, խտրականության ու հայատյացության դրսևորումները։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը նախագծի շրջանակում  ուսումնասիրել է պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից գործած շրջակա միջավայրի դեմ հանցագործությունները, հրկիզող զենքի կիրառումը, անձնական և ընտանեկան կյանքի, սեփականության իրավունքների խախտումները։ Հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը շեշտեց, որ փաստահավաք առաքելության ընթացքում հարցվածների մի մասը նշել է, որ անձամբ ականատես է եղել հրկիզող զենքի կիրառմանը կամ զգացել է դրա հետևանքները։  «Յոթ հարցված անձինք տեղյակ են եղել այն դեպքերի մասին, երբ հրկիզող զենքի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչներն այրվածքներ են ստացել: Անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի կոպիտ խախտման դրսևորում է պատերազմի հետևանքով հարազատների գերեզմաններ, թաղման վայրեր այցելելու հնարավորության բացակայությունը, ինչպես նաև այդ վայրերի, գերեզմանների, հուշաքարերի ոչնչացումը, վնասումը և/կամ պղծումը։ Փաստահավաք առաքելությանը տրված վկայությունների համաձայն՝  երեխաների մոտ արձանագրվել են ռմբակոծությունների հետևանքով մշտական վախի զգացողություններ, դող, մատնանշվել են նաև մթությունից վախը, սնունդ ընդունելու ցանկության բացակայությունը, սրտխառնոցների առկայությունը, առանձին դեպքերում՝ հիշողության հետ կապված խնդիրներ, ուշաթափություն, ինչպես նաև հոգեկան ընկճվածություն, լռակյացություն, շփվելու ցանկության բացակայություն»,- նշեց Գենյա Պետրոսյանը:

 

Փաստահավաք զեկույցը լույս է սփռում նաև ապօրինի միջոցների և մեթոդների վրա, որոնք Ադրբեջանը կիրառել է պատերազմի օրերին: Ներկայացվում են փաստեր՝ օգտագործված զինատեսակների, քաղաքացիական բնակչությանը, բնակելի տարածքները և ենթակառուցվածքները թիրախավորելու  մասին: Ի հավելումն, զեկույցը բացահայտում է, թե ինչպես է Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, պատերազմի ընթացքում օգտագործել սիրիական վարձկանների։ Զեկույցում առանձին անդրադարձ է արվում նաև պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից լրագրողների դիտավորյալ թիրախավորման փաստերին։

 

«Փաստահավաք խումբը եզրակացնում է, որ Ադրբեջանն արգելված զինատեսակներով միտումնավոր, հաճախակի և համակարգված հարձակումներ է իրականացրել խաղաղ բնակչության վրա, բուժհաստատությունների, շտապօգնության կայանների, էներգետիկ համակարգի և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների վրա։ Մշակութային, կրոնական կառույցներ վնասվել կամ վանդալիզմի են ենթարկվել։ Մեր հավաքագրած փաստերը վկայում են, որ Ադրբեջանը կամուրջների վրա միտումնավոր հարձակումներ է իրականացրել այն ժամանակ, երբ դրանք օգտագործվել են քաղաքացիական նպատակներով: Դրանք ռազմական հանցագործություններ են և կարող են համարվել մարդկության դեմ հանցագործություններ»,- իր ելույթում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։

 

Զեկույցը հեղինակած կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծեցին, որ զեկույցում ներկայացված փաստերը և առաջարկությունները չեն կարող դիտվել այսօր տեղի ունեցող իրադարձություններից առանձին: Միջոցառման ընթացքում քաղհասարակության կազմակերպությունները կրկին կոչ արեցին ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի անդամ պետություններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին դատապարտել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացիկ քաղաքականությունը՝ հորդորելով կազմակերպել  մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային անհապաղ առաքելություն,  ինչպես նաև ստեղծել անվտանգության գոտի՝ կանխելու իրավիճակի հնարավոր սրումներն և հարձակումները: 

 

Զեկույցում ներկայացված են քաղհասարակության կազմակերպությունների առաջարկությունները՝ հասցեագրված ՀՀ Կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական միությանը, միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններին և առանձին պետություններին։  Զեկույցը հեղինակած կազմակերպությունները նպատակ ունեն տարածել փաստահավաք զեկույցը միջազգային իրավապաշտպան հարթակներում՝ նպաստելու Ադրբեջանի հանդեպ իրավական գործընթացի շարունակությանը։ 

 

Քննարկումը հեռարձակվում էր ուղիղ եթերով։

 

Դիտումներ՝ 376

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????