Ծանր վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնող օրենքն ընդամենը 9․5 ամսվա կյանք ունեցավ․ հուլիսի 1-ից այն այլևս չի գործի։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած միջգերատեսչական քննարկումներից հետո դրանց արդյունքների մասին ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրեց արդարադատության նախարարը։
Վիրավորանքի համար պատասխանատվությունն ի սկզբանե չպետք է քրեականացվեր, քանի որ դա մարդու իրավունքի պահանջ է՝ ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Չնայած բազմաթիվ քննդատություններին՝ Սահմանադրական դատարանն իրավական ակտը ճանաչել էր սահմանադրությանը չհակասող։
Նման օրինակներ էլի ենք ունեցել՝ ասում է Սաքունցը, երբ իշխանությունն անտեսել է քննադատությունները, չի հետևել մարդու իրավուքնների նվազագույն չափանիշներին, բայց հետո փոխել է մոտեցումը։
Իրավապաշտպանն ընդգծում է՝ քաղաքական իշխանության վարքագծի վրա մեծ ազդեցություն ունեցան միջազգային ու տեղական արձագանքները։
Ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հերքում է, որ միջազգային արձագանքներն են պատճառը, նաև հիշեցնում, որ ի սկզբանե ասվել էր, որ այդ դրույթը ժամանակավոր է ներդրվում։
Եթե արարքն ապաքրեականացվում է, ապա քրեական գործը ենթակա է կարճման։ Այս մասով ավելին առայժմ չի ասվում։ Գլխավոր դատախազությունից խոստացան մեկնաբանություն տալ Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո։ Մինչ այդ, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ ծանր վիրավորանք հասցնելու գործով ավելի քան 800 քեական գործ է հարուցվել, դրանցից ավելի քան 50-ը դատարանում է, 6-ի մասով էլ արդեն դատավճիռ կա։ Օրենքն այս դեպքում պետք է ունենա հետադարձ ուժ, բայց նաև նոր կարգավորումներ պետք է մշակվեն՝ ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը։
Ծանր վիրավորանքի համար կշարունակեն գործել քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները, փոխհատուցում՝ մինչև 3.000.000 դրամի չափով։ Մարդն իր ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար չի կարող և չպետք է դատապարտվի որպես հանցագործ՝ անկախ նրանից, թե ինչ հոդվածով է դատապարտվում՝ ասում է Դոյդոյանը։
Վիրավորանքը Քրեական օրենսգրքով արգելված էր նաև տարիներ առաջ, սակայն Եվրոպայի խորհրդի պահանջով 2010 թվականին ապաքրեականացվեց։ Վերադարձն արդեն մերժված քաղաքականությանը, ըստ մասնագետների, մեղմ ասած անընդունելի էր։ Այդուհանդերձ, նրանք ողջունելի են համարում մարդու իրավունքների սահմանափակմանը հանգեցնող իրավական նորմից հրաժարումը։
© factor.am