Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Կայացնել նոր դատական ակտ՝ ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանին արդարացնել»․վճռաբեկ բողոք

March 14, 2019

Արթուր Քոչարյան | Լրատվամիջոցները մեր մասին

2005 թվականին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով նրա պաշտպան Արայիկ Զալյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով, իսկ վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով՝ դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:

 

Պաշտպանը փաստել է, որ քրեական գործով քննություն իրականացնելիս, ինչպես նաև համապատասխան որոշում կայացնելիս, գործը քննող դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով խախտվել են Արթուր Քոչարյանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները:

 

2006 թվականի հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարում է պաշտպանական կողմի բողոքը, սակայն կամայական որոշում կայացնում. գործով մյուս ամբաստանյալների պատժաչափը փոփոխվում է՝ ցմահ ազատազրկումը փոխարինվելով 15 տարի ազատազրկման, այնինչ Արթուր Քոչարյանի պատիժը մնում է անփոփոխ՝ ցմահ…:

 

Արայիկ Զալյանն իր վճռաբեկ բողոքում փաստում է՝ Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման վճիռը կայացրել է մի շարք խախտումներով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանում բերված փաստերն ու փաստարկումները բազմակողմանիորեն և հանգամանորեն չեն ուսումնասիրվել, ինչը և հանգեցրել է դատարանի կողմից կողմանակալ որոշման կայացման։

 

Դատարանը հիմնվել է միայն մեկ անձի ցուցմունքի վրա, որը գործով շահագրգիռ անձ է

 

Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել միայն մեկ անձի ցուցմունքով: Հատկանշական է, որ քրեական դատավարության բոլոր փուլերում, Արթուրի կողմից բազմիցս բարձրաձայնվել են իր դեմ ցուցմունք տված Ա. Կարապետյանի մտադրությունների մասին: Կարապետյանն Արթուրի հետ նույն կալանախցիկում գտնվելու ժամանակ տեղեկացել է, որ իր եղբոր՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող Գ. Կարապետյանի հագուստին վրա առկա է տուժողի արյան խմբի հետ համընկնող արյուն: Կարապետյանը Քոչարյանին հայտնել է, որ ամեն ինչ անելու է, որ եղբորը փրկի և իրենց տանից երկու հոգի չդատվեն: Այս փաստն արժանահավատ չի գնահատվել Առաջին ատյանի դատարանի կողմից: Մինչդեռ գործի քննության ընթացքում դատարանի կողմից որպես արժանահավատ ապացույց դատավճռի հիմքում դրվում է հենց Ա. Կարապետյանի ցուցմունքները:

 

«Դատարանի վերը նշված գործողությունները միանգամայն զուրկ են տրամաբանությունից, հատկապես այն պայմաններում, որ գործի բոլոր հանգամանքները փաստում են Ա. Կարապետյանի կողմից գործի ելքով շահագրգռվածության մասին՝ ինչը միևնույն ժամանակ կասկածի տակ է դնում վերջինիս ցուցմունքների արժանահավատությունը: Դատարանը ձեռք չի բերել մեղքը հաստատող հավաստի ապացույցներ և հիմնվել է մտացածին ու հակասական ցուցմունքի վրա»,- փաստում է Զալյանը:

 

Գործը քննող դատարանների կողմից բազմակողմանի քննության չի ենթարկվել նաև այն հանգամանքը, որ քննության ողջ ընթացքում Ա. Կարապետյանը տվել է իրարամերժ ցուցմունքներ: Մկզբնական հարցաքննությունների ընթացքում վերջինս չի տվել Արթուրի անունը, սակայն սկսած այն պահից, երբ Արթուրը բարձրաձայնել է Ա. Կարապետյանի մտադրությունների՝ իր եղբորը պատասխանատվությունից զերծ պահելու մասին, վրեժխնդիր լինելու նպատակով Կարապետյանը ցուցմունք է տվել նաև Արթուրի դեմ:

 

Գործի քննության ողջ ընթացքում ամբաստանյալների կողմից բարձրաձայնվել են իրենց նկատմամբ ֆիզիկական բռնությունների և հոգեբանական ճնշումների մասին

 

Առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, որի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով: Մինչդեռ, գործի քննության ամբողջ ընթացքում ամբաստանյալների կողմից բարձրաձայնվել են վարույթն իրականացնող մարմինների կողմից իրենց նկատմամբ դրսևորած ֆիզիկական բռնությունների, հոգեբանական ճնշումների մասին, որոնց միջոցով ձեռքբերված ապացույցները հետագայում արժանահավատ են գնահատվել դատարանների կողմից և դրվել դատական ակտի հիմքում:

 

«Մեր գործով քննիչ Արմեն Հակոբյանի հարցաքննություններն աչքի էին ընկնում առանձնահատուկ դաժանությամբ: Եկավ ասեց՝ հիմա ես քեզ հարց եմ տալիս, եթե դու էդ հարցին ասեցիր չգիտեմ, էս գրիչը մտցնում եմ գլուխդ: Ու էդպես էլ արեց: Իրա հարցն այն էր, թե ովա սպանել Արթուր Մեսրոպյանին: Բնականաբար՝ ես չգիտեի ով ա ու չէի կարող ուրիշ պատասխան տալ, ասեցի՝ ես տեղյակ չեմ: Ու հենց էդ պահին գրիչի սուր մասով հարվածեց ուղիղ գլխիս:

 

Հետո դոշիցս բռնեցին, բարձրացրին օդ ու սեղմեցին պատին: Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք: Ու էդ բարձրությունից անընդհատ ինձ գետնով էին խփում, հանում պատին, գետնով տալիս, հանում պատին, էնքան մինչև էլ մեջս ուժս չմնաց, չէի կարողանում ոտքի վրա մնալ: Պետք էր դիմանալ, ձայն չհանել: Ինչքան արձագանքում էիր բռնություններին, էնքան ավելի էին դաժանացնում»,- Forrights-ի հետ զրույցում ամիսներ առաջ պատմել էր Արթուր Քոչարյանը:

 

«Բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումները՝ կայացնելով նոր դատական ակտ՝ Արթուր Քոչարյանին արդարացնելու մասին»

 

Ըստ պաշտպան Զալյանի, վերը նշված փաստական և իրավական նորմերի վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Պողոսյանի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Հ. Տեր-Ադամյանի, դատավորներ Ս. Ավետիսյանի, Ս. Ղազարյանի անբարեխիղճ և կողմնակալ վերաբերմունքի արդյունքում Արթուր Քոչարյանը մինչ օրս գտնվում է անազատության մեջ, հատկապես մեղսագրվող արարքի կատարման մեջ իր մեղավորության բացակայության պայմաններում:

 

«Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանին խնդրել եմ բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի որոշումները՝ կայացնելով նոր դատական ակտ՝ Արթուր Քոչարյանին արդարացնելու մասին»,- վճռաբեկ բողոքը եզրափակել է փաստաբան Արայիկ Զալյանը:

 

Հիշեցնենք, որ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Արցախի «Մարտունի 2» զորամասի պարսպից կախված վիճակում հայտնաբերվում էր ժամկետային զինծառայող Արթուր Մեսրոպյանի դին։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նույն օրը երեկոյան Արթուր Քոչարյանին ու ևս 30 զինծառայողի տեղափոխել են Արցախի Ռազմական ոստիկանություն և ենթարկել ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

forrights.am

Դիտումներ՝ 1537

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????