Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Շուրջ 2 տարվա պայքարից հետո դատարանը բավարարել է հաշմանդամություն ձեռքբերած նախկին զինծառայողի գործով ՀՔԱՎ փաստաբանի հայցը

March 10, 2020

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրապարակումներ | Նորություններ

2020 թվականի փետրվարի 24-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանը վճռեց բավարարել Գառնիկ Լալայանի գործով հայցը: Նախկին պայմանագրային զինծառայողի շահերի պաշտպանությամբ  ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը զբաղվում էր դեռ 2018 թվականից:

 

Հայցապահանջով ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանը  դատարանից խնդրում էր անվավեր ճանաչել հաշմադամության խմբից ոչ իրավաչափ զրկելու մասին Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշումն ու պարտավորեցնել վերջինիս՝ Գառնիկ Լալայանին տրամադրել հաշմանդամության 3-րդ խումբ:

 

ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Լալայանը ՀՔԱՎ գրասենյակ դիմել էր 2018 թվականին՝ իրավական աջակցության ակնկալիքով: 47 –ամյա նախկին պայմանագրային զինծառայողը սոցիալական ծանր պայմանների պատճառով ի վիճակի չէր օգտվելու վճարովի փաստաբանական ծառայություններից: 

 

Գառնիկի պատմելով՝ 2016 թ.-ին Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը  սահմանել էր հաշմանդամության 2-րդ խումբ՝ 81.000 դրամ թոշակով: 2017-ին նույն հանձնաժողովը, բարելավում արձանագրելով քաղաքացու առողջական վիճակում, որոշում է խումբը 2-րդից իջեցնել 3-րդի՝ 59.000 դրամ թոշակով: Ընդ որում՝ ինչպես Գառնիկն է ասում, հանձնաժողովի նախագահն առաջարկում է 3-րդ խումբ՝ անժամկետ: «Պարզ չի՞ ինչի դիմաց էր առաջարկում 3-րդ խումբ անժամկետը: Ու՞մ չի պարզ, որ 1 ամսվա գումարը կամիսիայի օրը վերցնում են՝  պասպորտի արանքում դրած, ու՞մ չի պարզ: Ցմահ գցելու ժամանակ ցելի տարվա գումար են վերցնում»,-ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներից խոսելով՝ գրասենյակին պատմում է վրդովված Լալայանը: 

 

2017-ի փետրվարի 16-ի որոշումը Գառնիկը բողոքարկում է  ու մայիսի 3-ին վերափորձաքննվում բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննական բաժնում, որը, սակայն, անփոփոխ է թողնում մարզային ԲՍՓՀ-ի որոշումը: 2018-ի մարտի 26-ին, զրկվելով 3-րդ խմբից, Լալայանը դարձյալ բողոքարկում է վերադաս մարմնին: 2018-ի ապրիլի 3-ին, վերափորձաքննվում ու կրկին որոշումն անփոփոխ է մնում: Հաշմանդամության խմբից զրկվելու վերաբերյալ, ի դեպ, քաղաքացուն պաշտոնապես չեն ծանուցում: Այդ մասին նա տեղեկանում է պատահաբար՝ սոցիալական ապահովության ծառայության Բերդի բաժանմունքում: Հաշմանդամության պատճառով աշխատանքից զրկված Գառնիկն ասում է, որ ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով ստիպված է եղել վարկեր վերցնել: Վարկերն աճել են ձնագնդի նման, դրանց գումարվել նաև տուգանքները՝ հասնելով շուրջ 2 միլիոն դրամի ու մինչ օրս չի կարողանում մարել դրանք: Նախկինում թոշակից էր կարողանում վճարել, այժմ «խրվել» է վարկերի մեջ: 

 

Գառնիկի խոսքերով՝ ՀՔԱՎ գրասենյակի անվճար իրավաբանական աջակցությունն իր ընտանիքի համար անգնահատելի էր. «Որպես այդպիսին՝ մեր տուն մտնող գումարն իմ հաշմանդամության թոշակն էր, որից զրկեցին: Ես ոչ մի ֆինանսական հնարավորություն չունեի վճարովի տարբերակով փաստաբանի ծառայությունից օգտվելու: Եթե չլիներ Հելսինկյանը, չգիտեմ էլ, թե ինչպես էի այս ամենի տակից դուրս գալու»:

 

Պետությունը չի աջակցել նախկին զինծառայողին անգամ ատամնաշարի վերականգնման հարցում, որը վնասվել էր ականի պայթյունի հետևանքով, նրան չի առաջարկվել այլ աշխատանք ՊՆ համակարգում: Առողջությունը երկրի պաշտպանության ժամանակ կորցրած քաղաքացին, ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնելու նպատակով գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Փաշինյանին, Պաշտպանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին ու ներկա նախարարներին, ԱԺ պատգամավորների: Պաշտոնյաների հետ նաև ֆեյսբուքյան նամակագրություն է ունեցել, խոստացել են արձագանքել, բայց շատ արագ մոռացել խոստումները: Սպառելով պետական բոլոր ատյանները՝ իբրև վերջին հույս՝ Գառնիկ Լալայանը դիմել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: «Երբ 2018-ի փետրվարին՝ նախկին ռեժիմի ժամանակ անհիմն զրկեցին հաշմանդամության խմբից, ստիպված էի 4 ամիս պայքարել: Երբ երկրում իրավիճակ փոխվեց, հույս  ունեի, որ արդարությունը կվերականգնվի, բայց ոչինչ չփոխվեց: Դիմեցի շատ պաշտոնյաների: Բոլորը լսում, զարմանում, խոստանում ու մոռանում էին: 2 անգամ եղել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, հանդիպել ներկա նախարարի հետ: Դարձյալ խոստումներ ու մոռացություն: Ստիպված դիմեցի Հելսինկյանին՝ դատական կարգով վերականգնելու իրավունքներս»:

 

Ի դեպ, այդ ընթացքում  Լալայանն անսպասելի նամակ է ստանում ՀՀ ՊՆ-ից այն մասին, որ ատամնաշարի վերականգնման համար ֆինանսական օգնություն հատկացնել չեն կարող: Նախարարությունը Լալայանին մերժում է նաև պայմանագրային զինծառայության վերականգնվելու հարցում՝ մերժումը հիմնավորելով Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ առ այն, որ նա ճանաչվել է ոչ պիտանի՝ խաղաղ պայմաններում զինծառայության համար:         

 

«Կորցնելու այլևս ոչինչ չունեի»,- իր հանդեպ դրսևորած անարդարությունները թվարկելով՝ ասում է նախկին զինծառայողը: Շուրջ 2 տարի Գառնիկ Լալայանի շահերը դատարանում ներկայացնում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Սյուզաննա Սողոմոնյանն ու Հայկ Հակոբյանը: 

 

2018 թ. սեպտեմբերի 10-ին Սյուզաննա Սողոմոնյանը հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի ԲՍՓՀ-ի՝ 2018թ.-ի մարտի 26-ի, ապա ապրիլի 3-ին և հուլիսի 6-ի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով՝ միաժամանակ խնդրելով դատարանին՝ պարտավորեցնել ԲՍՓՀ-ին ճանաչել Գառնիկ Լալայանի 3-րդ խմբի հաշմանդամությունը: 2018 թ.-ի սեպտեմբերի 26-ին գործն ընդունվում է վարույթ: ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը 2019-ի ապրիլի 1-ին նախնական նիստին ևս մեկ անգամ հստակեցնում է հայցադիմումի պահանջը՝ պարտավորեցնել Տավուշի մարզի ԲՍՓՀ-ին անվավեր համարել նախկին որոշումներն ու ընդունել Գառնիկ Լալայանի հաշմանդամությունը ճանաչող որոշում: Դատարանի որոշմամբ նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն: Ժամանակավորապես կասեցված գործի վարույթն ամիսներ անց վերսկսվում է, նշանակվում դատաքննություն, որն էլ ավարտվում է 2020 թվականի  փետրվարի 3-ին: 2020 թվականի փետրվարի 24-ին դատարանը բավարարում է Լալայանի հայցը՝ պարտավորեցնելով Տավուշի մարզի ԲՍՓՀ-ին ընդունել որոշում՝ Գառնիկ Լալայանի հաշմանդամության ճանաչման և 3-րդ խումբ տրամադրելու մասին, ինչի համար հիմք են հանդիսացել դատաբժշկական փորձաքննությամբ սահմանված չափորոշիչները:    

   

«Շարունակ ձգվող դատական նիստերից  հետո, գնալով, հույսս կորցնում էի,  բայց, ի վերջո, հասա հաջողության: Նախ՝ շնորհիվ Հելսինկյան  գրասենյակի պրոֆեսիոնալ փաստաբանների: Հայցադիմումում ներկայացրել էին բոլոր փաստերն ու հիմնավորումները, որոնք, ինչպես և դատաբժշկական փորձաքննությունը, շատ կարևոր դեր ունեցան: Դատավոր Արկադիկ Մկրտչյանն էլ, ի սկզբանե, արդար մոտեցում էր  ցուցաբերում իմ գործի հանդեպ: Համոզված եմ, որ տեղեկանալով իմ գործին, շատերը կդիմեն գրասենյակի օգնությանը: Ես ինքս էլ խորհուրդ կտամ»:

 

Գառնիկ Լալայանի գործի հաջող ելքը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը պայմանավորում է դատարան դիմելով: «Վարչական մարմինը՝ ԲՍՓ-ն, համարում էր, որ կայացրել է իրավաչափ վարչական ակտ՝ հաշմանդամության խմբից զրկելով Գ Լալայանին: Նույն կարծիքին էին նաև վերադաս վարչական մարմինները՝ ԲՍՓ գործակալությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որոնք մերժեցին մեր ներկայացրած վարչական բողոքները, և միայն վարչական դատարանն էր, որ օբյեկտիվորեն  քննելով գործը, հաստատեց մեր այն դիրքորոշումը, որ Գ. Լալայանին հաշմանդամության խմբից զրկելն իրավաչափ չի եղել»:

 

Գառնիկն ասում է, որ շուրջ 2 տարվա դատական քաշքշուկներն իրեն շատ բան սովորեցրին: «Շփվելով փաստաբանների հետ՝ սկսել եմ ավելի շատ գլուխ հանել օրենքներից: Սրանից հետո  իրավունքներիս պաշտպանության հարցում լինելու եմ ավելի վճռական ու պահանջատեր»,-ասում է նա:  Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը պատրաստվում է նոր հայց ներկայացնել դատարան՝ ոչ պատշաճ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջով: 

 

Դիտումներ՝ 2391

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????