Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կառավարության կայքում զգայուն և ռիսկային տեղեկատվությունը արգելափակելու, պետական աշխատակիցների գործուղումների, մեկ անձից կատարվող գնումների մասին առանձին տվյալներ սահմանափակելու մասին նախագծերի վերաբերյալ ՀԿ-ների կարծիքը

July 19, 2021

Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

2021 թ. հուլիսի 2-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ Կառավարության որոշման փոփոխության նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվակաի սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին»։ Համաձայն նախագծով առաջարկվող փոփոխությունների Նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը։ Ըստ նախագծի՝ տեղեկատվության վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի 1104-Ն և ՀՀ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար։ 

 

Հրապարակված մեկ այլ նախագծով փոփոխություններ են նախատեսվում ՀՀ Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 104-Ն և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ։ Համաձայն առաջարկվող փոփոխությունների՝ սահմանափակվում է պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվությունների հրապարակումը, ինչպես նաև մեկ անձից կատարվող գնումների հաշվետվություններին վերաբերող առանձին տվյալներ։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետում, որի հիման վրա այլևս հրապարակման ենթակա չեն լինի գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական գնման պայմանագրի պատճեն։ 

 

Նախագծի հեղինակների կողմից որպես հիմնավորում ներկայացվում է այն հանգամանքը, որ Նախարարությունը, համագործակցելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am և govtravel.am կայքում ներկայացված զգայուն  ռիսկային տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական և պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը կատարել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները վերոնշյալ տեղեկատվությունը e-gov.am  կայքում արգելափակելու համար։ Ըստ այդմ, մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում ռիսկային տվյալներ են համարվում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը։ Այս ամբողջ տեղեկատվությունը առաջարկվում է հեռացնել e-gov.am կայքից։

 

Գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունները խնդրահարույց են հանրային կառավարման ոլորտում թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնառությունների ապահովման տեսանկյունից, հակասում են ՀՀ սահմանադրության  51-րդ հոդվածի պահանջներին, իսկ ներկայացված հիմնավորումը՝ ոչ բավարար են, մի քանի պատճառներով՝

 

Մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում որպես ռիսկային տվյալ որակված տեղեկությունների մեծ մասը ներառված է Պետական գնումների մասին վերանայված համաձայնագրի (ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 05.06.2015թ.) ՝ «Գնման մասին տեղեկատվության թափանցիկություն» վերտառությամբ XVI հոդվածում՝ որպես հրապարակման ենթակա տեղեկատվություն:

 

Այսպես,  

 

Համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան 72 օր հետո, պատվիրատուն պետք է հրապարակի ծանուցում համապատասխան թղթային կամ էլեկտրոնային եղանակով` թվարկված III Հավելվածում: Եթե մարմինը ծանուցումը հրապարակում է միայն էլեկտրոնային եղանակով, ապա տեղեկատվությունը պետք է հասանելի լինի ողջամիտ ժամանակահատվածում:

 

Ծանուցումը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

 

ա. գնված ապրանքների կամ ծառայությունների նկարագրությունը,

բ. պատվիրատուի անունն ու հասցեն,

գ. հաղթող մատակարարի անունն ու հասցեն,

դ. հաջողված հայտի արժեքը կամ ամենաբարձր և ամենացածր առաջարկները, որոնք հաշվի են առնվել կոնկրետ պայմանագրի կնքման ժամանակ,

ե. պայմանագրի կնքման ամսաթիվը, և

զ. գնման կիրառված մեթոդի տեսակը և, եթե XIII Հոդվածին համապատասխան սահմանափակ մրցույթ է իրականացվել, սահմանափակ մրցույթի կիրառումը արդարացնող հանգամանքների նկարագրությունը:

 

Ավելին, «Գնումների մասին» ՀՀ օրենքի  11-րդ հոդվածը, վերանայված համաձայնագրին համապատասխան,  սահմանում է կնքված պայմանագրի մասին հայտարարության հրապարակման պահանջ: Մասնավորապես, Պատվիրատուն տեղեկագրում պարտավոր է հրապարակել կնքված պայմանագրի մասին հայտարարություն ոչ ուշ, քան պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը: Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը. 2) պատվիրատուի անվանումը և հասցեն. 3) պայմանագրի կնքման ամսաթիվը. 4) ընտրված մասնակցի (մասնակիցների) անվանումը և գտնվելու կամ բնակվելու վայրը. 5) մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները և պայմանագրի գինը. 6) մասնակիցների ներգրավման նպատակով օրենքի համաձայն իրականացված հրապարակումների մասին տեղեկությունները (եթե կիրառելի են). 7) կիրառված գնման ընթացակարգը և դրա ընտրության հիմնավորումը:

 

Արձանագրենք նաև, որ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը: Պետական գնումների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և օրինականությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն ստանձնել է գնումների առկա համակարգը բարելավելու աշխատանքները։ Պարտավորությունը, ըստ էության, համարվել է կատարված՝ հիմքում դնելով նաև ՀՀ կառավարության 30.08.2012թ. թիվ 1104-Ն որոշման հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում` կնքված պայմանագրերը, ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում հրապարակելու հանգամանքը

 

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը խնդրահարույց է ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից: 

 

Բացի այդ,մեկ անձից գնումների գործընթացը կոռուպցիայի տեսանկյունից առավել ռիսկայիններից մեկն է, ինչով պայմանավորված անհրաժեշտ է ողջ գործընթացի հրապարակայնություն և թափանցիկություն՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար։ Մեկ տասնամյակից ավել Հայաստանի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկել պետական գնումների թափանցիկությունը, հաշվետվողականությունը և օրինականությունը ապահովելու նպատակով, ինչի ձեռքբերումներից մեկն էլ 2012 թ. գործով մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ համալիր տեղեկատվության հրապարակայնության ապահովումն է: 

 

Հայաստանի Հանրապետությունում  կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում տրված հանձնարարականների մեջ զգալի թիվ են կազմել հատկապես գնումների գործընթացը կարգավորող օրենսդրության ու պրակտիկայի բարելավումը։ Օրինակ, Արեւելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի կողմից ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ ձեռնարկվող քայլերի մեջ մշտապես շեշտվել է գնումների թափանցիկության հարցը։ 

 

Նախագծով առաջարկվում է նաև արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն) ամբողջապես հեռացնել e-gov.am կայքից: Միևնույն ժամանակ նախագծով առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը: 

 

Գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը խնդրահարույց է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (հետայսու՝ ԱՃԹՆ)  շրջանակներում ՀՀ-ի կողմից ստանձնած հանձնառությունների շրջանակում: ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման շրջանակներում պետական մարմինների և ընդերքօգտագործող ընկերությունների կողմից լրացվում են հաշվետվություններ, որոնք թույլ են տալիս բացահայտել ընկերությունների եկամուտներին, դրանց կողմից կառավարությանը կատարած վճարումներին, ինչպես նաև պետության ստացած եկամուտներին և այդ հոսքերի կառավարմանը վերաբերող տարբեր տեղեկություններ։ Նաև պահանջվում է, որ ընկերությունները և պետական մարմինները բացահայտեն երկրաբանական ուսումնասիրության, բնական պաշարների հետախուզման, արդյունահանման, արտահանման և ֆինանսական հոսքերի վերաբերյալ, ինչպես նաև ընկերությունների առնչությամբ լիցենզիաների տրամադրմանը կամ փոխանցմանը վերաբերող տեղեկություններ։ Արդյունքները համադրվում են Անկախ ադմինիստրատորի կողմից և ամենամյա կտրվածքով հրապարակվում արդյունահանող ճյուղերի մասին այլ տեղեկությունների հետ մեկտեղ՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջներին համապատասխան: Բացի ամենամյա ԱՃԹՆ զեկույցից, ԱՃԹՆ իրականացնող երկրները նաև հրապարակում են տարեկան գործունեության հաշվետվություններ։ Արձանագրենք նաև, որ Նախագծով առանձնացված տեղեկատվության զգալի մասը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ զեկույցում:

 

Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ չստորադասելով ազգային անվտանգության շահը և առանձին դեպքերում պետական պաշտոններ զբաղեցնող  անձանց տեղաշարժի վերաբերող տեղեկատվությունը գաղտնի պահելու անհրաժեշտությունը, գտնում ենք, որ առաջարկվող օրենսդրական բացարձակ արգելքն անհամաչափ է հետապնդվող նպատակին և անհրաժեշտ չէ հանրային շահի տեսանկյունից, քանի որ այն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ինչը պակաս կարևոր չէ պետական կառավարման համակարգում թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքների ապահովման համար:

 

Հաշվի առնելով վերը ներկայացված հանգամանքներն ու մտահոգությունները՝ առաջարկում ենք քննարկվող նախագծերը հանել շրջանառությունից և ապահովել տեղեկատվության ազատության և ազգային անվտանգության պաշտպանության համաչափության սկզբունքների հիման վրա նոր նախագծերի մշակում ոլորտի մասնագետների հետ համագործակցությամբ: 

 

Առաջարկում ենք նախագիծը դիտարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում, ինչը հնարավորություն կտա կանխատեսելիության և իրավական որոշակիության շրջանակներում կարգավորել տեղեկատվության այն տեսակները, որոնց սահմանափակումը չի կարող որակվել որպես տեղեկատվության ազատության իրավունքի խախտում: 

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Դիտումներ՝ 96

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????