Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

February 15, 2023

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ

                                                                                                                 

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ 

 

  1. Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 13-րդ գլուխը լրացնել նոր՝ 100.1-րդ հոդվածով, որի 5-րդ մասը սահմանում է հետևյալը՝ «Պայմանագրի կողմերը իրավունք ունեն լուծելու կրթական ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն 10 աշխատանքային օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց»։
  2.  

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (այսուհետ նաև՝ Խարտիա) 24-րդ հոդվածը երաշխավորում է աշխատող անձանց պաշտպանվածության իրավունքը աշխատանքից ազատելու դեպքերում: Համաձայն նշված հոդվածի՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

 

ա) բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,

բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:

Այս նպատակով Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ աշխատողը, որը պնդում է իրեն աշխատանքից ազատելու անհիմն լինելը, իրավունք կունենա բողոքարկելու որևէ անկողմնակալ մարմնի:

 

Ըստ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի (այսուհետ նաև՝ Կոմիտե) մեկնաբանությունների՝ Խարտիայի 24-րդ հոդվածը հնարավորություն է ընձեռնում աշխատանքային հարաբերությունը դադարեցնելու միայն երկու խումբ պատճառների դեպքում՝ առնչվող աշխատողի վարքին և ընդունակություններին ու ձեռնարկության գործնական պահանջներին (տնտեսական պատճառներ), մինչդեռ Նախագծով առաջարկվող կարգավորման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքային հարաբերության դադարեցումը պայմանավորված չէ վերոգրյալ պատճառներով: Կոմիտեն գտել է, որ քանի դեռ պայմանագրի լուծումը չի պատճառաբանվել Խարտիայի 24-րդ հոդվածով վկայակոչված հիմնավոր պատճառներից որևէ մեկով, ապա նման իրավիճակը հակասում է Խարտիայի պահանջներին և չի ապահովում պաշտպանվածության իրավունքը աշխատանքից ազատվելու դեպքերում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմք է, որը հնարավորություն է տալիս առանց որևէ այլ պատճառաբանության լուծել պայմանագիրը և չի փոխկապակցվում աշխատողի վարքագծի կամ կարողությունների գնահատման հետ, ակնհայտ է, որ նման կարգավորումը Կոմիտեի կողմից գնահատվելու է որպես Խարտիայի պահանջներին հակասող սահմանափակում: Հատկանշական է, որ 2020 թ. ՀՀ-ի վերաբերյալ ընդունված հետևություններով Կոմիտեն պետությանը հիշեցրել է, որ Խարտիայի 24-րդ հոդվածը սպառիչ կերպով սահմանում է այն հիմնավոր պատճառները, որոնք որոնց հիման վրա գործատուն կարող է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները։ Հիմնավոր են համարվում միայն երկու տեսակի հիմքեր՝ մի կողմից՝ կապված աշխատողի կարողությունների կամ վարքագծի հետ, մյուս կողմից՝ հիմնված ձեռնարկության գործառնական պահանջների վրա (տնտեսական պատճառներ)։ Առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ այն իր մեջ չի պարունակում կրթական ծրագրի շրջանակում կնքված աշխատանքային պայմանագրի լուծման հստակ և որոշակի չափանիշներ, հետևաբար պրակտիկայում կարող է կիրառվել կամայական ձևով։ Բացի վերը նշվածը, արձանագրում ենք, որ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերն Օրենսգրքով արդեն սահմանված են և բացակայում է առաջարկվող լրացումը կատարելու անհրաժեշտությունը։ 

 

Հետևաբար, առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածից հանել 100.1-րդ հոդվածի 5-րդ մասը։

  1. Նախագծի 12-րդ հոդվածով առաջարվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 201.1-րդ հոդվածում և գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը վեց ամիս ժամկետի փոխարեն կազմակերպել հինգ ամիս ժամկետով։ Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն որևէ հիմնավորում չի պարունակում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, նշված չէ, թե ի՞նչ չափանիշներով է պայմանավորված մասնագիտական ուսուցման գործող ժամկետը կրճատելու անհրաժեշտությունը։

 

Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածից հանել ««վեց» բառը «հինգ» բառով» փոխարինելու հատվածը։ 

 

  1. Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Մինչև տասնութ տարեկան անձանց աշխատանքի արգելքը» վերտառությամբ 257-րդ հոդվածում ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավելու արգելքից բացառություն սահմանել մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնող և սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների համար։

 

 

 Համաձայն Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 7-րդ հոդվածի՝ երեխաների և երիտասարդների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝

 

  1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 18 տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են վտանգավոր կամ վնասակար են առողջությանը։

 

Համաձայն Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի մեկնաբանությունների՝ Խարտիայի այս դրույթի կիրառման համար ներպետական օրենսդրությամբ պետք է սահմանված լինեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, որոնք բացահայտում են «վտանգավոր աշխատանք» եզրույթը՝ կամ թվարկելով նման աշխատանքի ձևերը, կամ սահմանելով այն ռիսկերի տեսակները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական), որոնք առաջանում են այդ աշխատանքի ընթացքում։ Ըստ Կոմիտեի՝ մինչև տասնութ տարեկան անձինք կարող են ծանր և վնասակար աշխատանքներ կատարել օրական չորս ժամից ոչ ավելի, սակայն պայմանով, որ խստորեն պահպանվեն սանիտարական և առողջապահական նորմերը։ Հետևաբար Նախագծով առաջարկվող կարգավորումը թերի է և հակասում է Խարտիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին և դրա վերաբերյալ Կոմիտեի կողմից տրված մեկնաբանություններին, ուստի կարգավորումն ընդունելու դեպքում այն գնահատվելու է Խարտիայի պահանջներին հակասող, քանի որ չի սահմանում մինչև տասնութ տարեկան անձանց կողմից իրենց առողջության համար ծանր և վնասակար աշխատանք կատարելու տևողությունը, բացի այդ, նման կարգավորում սահմանված չէ նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի «Աշխատաժամանակի կրճատ տևողությունը» վերտառությամբ 140-րդ հոդվածում։ 

 

 

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք լրացնել Նախագծի 15-րդ հոդվածը՝ սահմանելով, որ մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնող և սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում կարող են ներգրավել օրական չորս ժամից ոչ ավելի տևողությամբ։

 

 

4. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ առաջարկվող փոփոխության ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ արդեն իսկ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 20-րդ հոդվածում կատարվող լրացումների ընդունման դեպքում որպես մասնագիտական աշխատանքայի ստաժ հաշվարկվելու է նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևով մասնագիտական կրթական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, ուստի առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածից հանել 1-ին պարբերությունը։

 

 

                                                       

Դիտումներ՝ 281

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????