Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ի հայտարարությունը ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ․ նոր գործողությունների ծրագրի վերաբերյալ

June 1, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ նոր գործողությունների ծրագիրը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին

 

2023 թ․ մարտի 12-ին հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր) նախագիծը։  Մինչև հանրային քննարկման ներկայացնելը ՀՀ արդարադատության նախարարությունը գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների շրջանակներում 2022 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել էր աշխատաժողովներ՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներին։ Գործողությունների ծրագրի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրել են բազմաթիվ առաջարկություններ, դիտողություններ և մտահոգություններ։

 

ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ընդունվի 2023 թ․ հունիսին։ 

 

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ պետությունը ստանձնում է պարտավորություններ բարելավելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակը,  ձևավորում է մարդու իրավունքների պաշտպանության տեսլականը, նպատակները և խնդիրները։ Փաստացի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը պետք է արտացոլի պետության քաղաքականությունը մարդու իրավունքների բնագավառում, մասնավորապես՝ խնդիրների առաջնահերթությունները, կարիքները, սահմանի հատկացվող ռեսուրսները։ Բացի այդ, ռազմավարությունում պետք է բացահայտվեն և սահմանվեն մարդու իրավունքների լուրջ և համակարգային խախտումները, որոնց լուծման ուղղությամբ պետք է մշակվեն առանձին գործողությունների ծրագրեր։ Կարևոր է, որ ռազմավարական փաստաթղթերի մշակման և ընդունման գործընթացն իրականացվի թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության պահանջներին համապատասխան։ 

 

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշտադիտարկումը մշտապես հանդիսացել է ՀՔԱՎ գրասենյակի գործունեության առաջնային ոլորտներից մեկը։ 2014 թ․-ից սկսած ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, դիտարկումներ, բարձրացվել են հարցեր մշակված ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը լավարկելու, հասցեական դարձնելու համար։ 

 

Ամփոփելով իրավապաշտպան գործունեության ընթացքում արձանագրված խնդիրները՝ ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է առաջարկություններ  խտրականությունից և վատ  վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, պատերազմի հետևանքով տուժած անձանց իրավունքների, այդ թվում առողջության պահպանման իրավունքի, արդար դատաքննության իրավունքի իրացման և արդյունավետ պաշտանության կառուցակարգերի ներդրման վերաբերյալ։ 

 

Երկարատև քննարկումների արդյունքում, գործողությունների ծրագրի նախագծում ընդգրկվել են ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացված այնպիսի առանցքային առաջարկություններ, ինչպիսիք են, օրինակ․ 

 

• մշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

• երաշխավորել պատերազմի հետևանքով տուժած անձանց հոգեբանական անվճար օգնության շարունակական տրամադրումը, 

• ապահովել զինծառայողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացվելուց առաջ նրա առողջական վիճակի հետազոտության և բժշկական զննության իրականացումը, 

• սահմանել հասարակական կազմակերպությունների համար դատարան դիմելու իրավունքը հանրային նշանակության  հարցերով, այդ թվում՝ ինչպես վարչական, այնպես էլ քրեական վարույթներով՝ հաշվի առնելով actio popularis սկզբունքը,

• ուսումնասիրել ազգային օրենսդրությունում «դատավորի ընկեր»  (amicus curie) կարծիքի հասկացության, ներկայացման կանոնների և կարգի ներդման հարցը,

• ներդնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման ծրագիր և վերահսկողություն սահմանել իրագործման նկատմամբ,

• ապահովել դատապարտյալի՝ ազատությունից զրկելու հետ կապված պատիժների նշանակումից առաջ, ինչպես նաև ազատազրկման ժամկետի ավարտից անմիջապես հետո առողջական վիճակի հետազոտության և բժշկական զննության  իրականացումը,

• կատարելագործել բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության իրավական մեխանիզմները և այլն։ 

 

Ընդհանուր առմամբ ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացվել է 34 առաջարկություն, որից ընդունվել է 15-ը, մասամբ ընդունվել է 2-ը, չի ընդունվել 16-ը։  

 

Նախկինում ընդունված գործողությունների ծրագրերի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերհանման, արձանագրման և փաստաթղթավորման գործում։ 

 

Դրական գնահատելով գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը և որոշ առաջարկությունների ընդունումը,  այդուհանդերձ,  ՀՔԱՎ գրասենյակը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և խթանման համար գործողությունների ծրագրի նածագծում դեռևս առկա են լուրջ բացեր և թերություններ, որոնց վերացման համար պահանջվում են վճռական ջանքեր, համակարգային մոտեցում և քաղաքական կամք:

 

Մասնավորապես, բացակայում է, ի թիվս այլի, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների բարելավման, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների մասին օրենսդրության վերանայման, հոգեկան առողջության պահպանման, բռնի տեղահանվածների և փախստականների ՀՀ-ում կարգավիճակի սահմանման, ՁՊՎ-ներում վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման համակարգի ներդրման, հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքի ապահովման, աշխատանքային իրավունքների իրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների և դրանց ապահովման նպատակով գործողությունների կատարման հանձնառությունը։ 

 

Խթանելու համար գործողությունների ծրագրի մշակաման գործընթացում թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության պահանջի պահպանումը, ՀՔԱՎ գրասենյակն, արձանագրելով վերը շարադրված բացթողումները, պահանջում է  գործողությունների ծրագրի ընդունումից առաջ այն լրամշակել և անցկացնել լրացուցիչ բաց խորհդակցություններ շահագրգիռ բոլոր անձանց մասնակցությամբ, հակառակ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ նոր գործողությունների ծրագիրը նման բովանդակությամբ և թերություններով չի կարող լինել համարժեք մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ պետության ստանձնած պարտավորություններին և երաշխավորել իրավունքների արդյունավետ  պաշտպանությունը։

 

Դիտումներ՝ 103

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????