Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայաստան 2021 թ. միջոցառումները

January 19, 2022

Գրադարան

2020 թվականի զինադադարը, որով ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, հիմնականում պահպանվել է, սակայն պարբերական փոխհրաձգությունները հետպատերազմյան ճակատային շփման գծերում փխրուն իրավիճակ ստեղծեցին:

 

Էթնիկ հայկական ուժերի պարտությանը հաջորդած քաղաքական ճգնաժամը հիմնականում թուլացվեց հունիսյան արտահերթ ընտրություններով, որը հանգեցրեց իշխող կուսակցության վճռական հաղթանակին և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի վերահաստատմանը: Միջազգային դիտորդներն ընտրություններն գնահատեցին իրապես մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Ընտանեկան բռնությունը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությունը, ցավի արդյունավետ ամոքման և պալիատիվ խնամքի խոչընդոտները, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունն ու խտրականությունը պահպանվել են: Ձգտելով պայքարել ատելության խոսքի աճող դեպքերի դեմ՝ իշխանությունները կարգավորումներ ներդրեցին, որոնք կարող են խաթարել խոսքի ազատությունը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները

 

Շարունակվում է էթնիկ հայ գերիների ազատազրկումը և հետապնդումն Ադրբեջանի կողմից: 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հայտարարեց, որ առնվազն 41 ռազմագերիներ և 4 քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ազատազրկված Ադրբեջանում։ Բազմաթիվ հայ ռազմագերիներ դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների են ենթարկվել ադրբեջանական զինուժի կողմից կամ գերեվարվելիս, կամ տեղափոխման ընթացքում, կամ տարբեր ազատազրկման վայրերում ազատազրկված լինելու ժամանակ: (տե՛ս «Ադրբեջան» գլուխը): 2021 թվականին Ադրբեջանի կողմից վերադարձվել է շուրջ 100 հայ ռազմագերի և քաղաքացիական անձ։

 

Մարտերն էլ ավելի են խորացրել Covid19-ով պայմանավորված դպրոցների փակման պատճառով կրթությանը հասված վնասը: Պաշտոնական տվյալներով հայկական կողմից վնասվել կամ ավերվել է առնվազն 71, իսկ ադրբեջանական կողմից՝ 54 դպրոց։

 

Ռազմական գործողությունների շարունակվող միջադեպերը սպառնում են Լեռնային Ղարաբաղի գյուղերում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հիմնականում հայկական կողմում ապրող խաղաղ բնակչության անվտանգությանն ու կենսագործունեությանը։ Ռուս խաղաղապահները հայտնել են հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի կրակոցներից Մարտակերտի (Աղդարա) շրջանում խաղաղ բնակչի սպանության մասին, երբ վերջինս հողագործությամբ էր զբաղված։ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների անկախ մոնիտորինգի բացակայության պայմաններում չկա միջսահմանային կրակոցների և անվտանգային այլ խնդիրների հետևանքով առաջացած խնդիրները լուծելու մեխանիզմ:

 

Օգոստոսին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ զինադադարից հետո 23 ադրբեջանցի խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 36-ը վիրավորվել է հակահետևակային և հակատրանսպորտային ականներից այն տարածքներում, որոնց վրա Ադրբեջանը վերականգնել էր վերահսկողությունը։ Նրանց թվում են եղել երկու ադրբեջանցի լրագրողներ և մի տեղացի պաշտոնյա, որոնք սպանվել են հունիսի 4-ին: Համաձայն հաղորդագրությունների, Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր յոթ վերադարձված շրջաններում ականապատումը լայնածավալ և համատարած է: Հուլիսին Հայաստանը հանձնեց ականապատման քարտեզները, որոնք մանրամասնում են Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում մոտ 92000 հակատրանսպորտային և հակահետևակային ականների գտնվելու վայրը. Ադրբեջանը քարտեզների դիմաց հանձնեց գերեվարված 15 հայ զինվորների։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն վավերացրել հակահետևակային ականներն արգելող միջազգային պայմանագիրը։

 

«Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» անկախ խմբի զեկույցը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ արձանագրել է «հայ/Լեռնային Ղարաբաղի զինվորների կողմից երկու վիրավոր ադրբեջանցի զինվորների արտադատական մահապատիժների prima facie (առերևույթ) ապացույց»: Խումբը նաև փաստագրել է այս ուժերի կողմից ադրբեջանցի յոթ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներառյալ խոշտանգումները: (Տե՛ս «Ադրբեջան» գլուխը ադրբեջանական ուժերի կողմից հայկական զորքերի մահապատիժների մասին պնդումների համար):

 

Human Rights Watch-ը տեղյակ չէ Հայաստանի իշխանությունների կողմից պատերազմի ընթացքում հայկական ուժերի կողմից կատարված ենթադրյալ պատերազմական հանցագործությունների քննության մասին:

 

Պատասխանատվություն իրավապահ համակարգում չարաշահումների համար

 

Ազատազրկման վայրերում խոշտանգումները և դաժան վերաբերմունքը դեռևս խնդիր է, և դրանք հաճախ անպատիժ են մնում: Նույնիսկ այն դեպքում, երբ քրեական հետաքննություն է սկսվում խոշտանգումների մասին պնդումների հիման վրա, դրանք հազվադեպ են արդյունավետ լինում:

 

Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) տեղական, ոչ պետական կազմակերպության՝ քրեական հետաքննությունը հիմնականում փակվում է այն հիմքով, որ բացակայում է հանցակազմ կամ կասեցվել է կասկածյալի բացակայության պատճառով։ Խումբը հայտնել է, որ ոչ ոք չի դատապարտվել խոշտանգումների համար 2015 թվականից ի վեր, երբ խոշտանգումն ամրագրվեց որպես առանձին հանցագործություն։ Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնյաները պատասխանատվության են ենթարկվել ֆիզիկական բռնության գործողությունների համար, նրանք դատապարտվել են ընդհանուր «պաշտոնեական դիրքի չարաշահման» համար:

 

Խոսքի ազատություն և իրավապաշտպանների պաշտպանություն

 

Վերջին պատերազմը և քաղաքական ճգնաժամը բուռն հանրային քննարկումների տեղիք տվեցին, որոնք հաճախ ներառում էին խորհրդարանի անդամների և այլ պետական պաշտոնյաների բորբոքիչ ելույթները, որոնք երբեմն ուղղված էին իրավապաշտպանների և ակտիվիստների դեմ: Կառավարությունը մի քանի փորձեր ձեռնարկեց, այդ թվում՝ օրենսդրական փոփոխություններ մտցնելով, ատելություն պարունակող և նվաստացնող խոսքի տարածման դեմ պայքարելու համար։

 

2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ տեղական ԶԼՄ-ների շահերի պաշտպանությամբ զբաղվող խումբը, արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք, որոնցում տուժել է 17 անձ՝ ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:

 

Օգոստոսի 11-ի խորհրդարանի նիստի ժամանակ խորհրդարանի խոսնակը լրագրողներին արգելեց նկարահանել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունը։ Հատուկ ծառայության աշխատակիցները  հրահանգեցին լրագրողներին դադարեցնել նկարահանումները, իսկ հետո հրամայեցին նրանց դուրս գալ խորհրդարանում իրենց հատկացված սրահից։

 

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ոչ պետական խմբի նախագահ Սաշիկ Սուլթանյանի դեմ իշխանությունները կեղծ քրեական մեղադրանքներ են առաջադրել: Մեղադրանքը բխում է Սուլթանյանի Yezidinews.am կայքին տված հարցազրույցից, որտեղ նա պնդում էր, որ Հայաստանում եզդի փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն է դրսևորվում։ Մեղադրանք առաջադրած Ազգային անվտանգության ծառայությունը Սուլթանյանի հարցազրույցը, որը պաշտպանված խոսք էր, սխալ կերպով որակել է որպես «հրահրում»։ Այս պահին դեռևս սպասվում է դատական քննություն:

 

Հաշմանդամության իրավունքներ

 

2021 թվականին իշխանությունները շարունակեցին ներդնել ներառական կրթությունն ամբողջ երկրում։ Ապրիլին կառավարությունը հաստատեց նախադպրոցական հաստատություններում ներառական կրթություն ներդնելու ծրագիրը, որը պարունակում է 16 գործողություն, որոնք պետք է ավարտվեն մինչև 2023 թվականը: Այդուհանդերձ, հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ մնում են առանձնացված մանկատներում, հատուկ դպրոցներում կամ մեկուսացված են տանը՝ չկրթվելով կամ ստանալով սահմանափակ կրթություն:

 

Հինգ պետական մանկատներում ապրում է հաշմանդամություն ունեցող 473 երեխա, որոնցից 463-ը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված երեք մանկատներում։ Կառավարությունը չի հայտարարել հաշմանդամություն ունեցող երեխաներին կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու կամ այս երեք հաստատությունները համայնքահեն ծառայություններ մատուցող կառույցների վերածելու համապարփակ ծրագրերի մասին, դեռ ավելին՝ կառավարությունը և դոնորները շարունակում են ներդրումներ կատարել դրանցում: Անհայտ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ նույնպես շարունակում են ապրել վեց մասնավոր մանկատներում, որոնց նկատմամբ կառավարությունը նվազագույն վերահսկողություն ունի:

 

Հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախ անորոշ ժամանակով մնում են հաստատություններում՝ դառնալով չափահաս և զրկված լինելով գործունակությունից ու անկախ ապրելու իրավունքից: Հոգեսոցիալական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող չափահասները կարող են զրկվել գործունակությունից կամ որոշումներ կայացնելու իրավունքից, իսկ Հայաստանում բացակայում են աջակցված որոշումների կայացման մեխանիզմները:

 

Մայիսին խորհրդարանն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որը ներառում է մատչելիության, անկախ կյանքի և արդարադատության հասանելիության երաշխիքներ և արգելում է հաշմանդամության հիմքով խտրականությունը: Նոր օրենքը, սակայն, չի ստեղծում հատուկ մարմին, որը կվերահսկի օրենքի կիրարկումը:

 

Կանանց և երեխաների նկատմամբ բռնություն

 

Ընտանեկան բռնությունը մնում է մշտական խնդիր։ Ընտանեկան բռնության դեպքերի մասին հիմնականում քիչ են հաղորդումներ ներկայացվում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում իշխանությունները քննել են ընտանեկան բռնության 326 քրեական գործ։ 326-ից մեղադրանք է առաջադրվել 145 անձի, որոնցից 90-ի դեպքում ամուսինը համարվել է որպես ենթադրյալ հանցագործություն կատարող։

 

2017 թվականի ընտանեկան բռնության մասին օրենքը պահանջում է, որ ոստիկանությունը շտապ միջամտի երբ «առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին» ընտանիքում: Բայց գործնականում իրավապահ մարմինները չունեն իրազեկվածություն և վերապատրաստում օրենքով նախատեսված պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ, ինչպիսիք են` պաշտպանական որոշումները, և դրանք համարժեք չեն կիրառում:

 

Հայաստանն ունի միայն երկու ընտանեկան բռնության ապաստարան, երկուսն էլ Երևանում, որոնք կառավարում են ոչ պետական կազմակերպությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղավորել հինգ կին և նրանց երեխաներին: Եվրոպայի խորհրդի չափանիշները պահանջում են առնվազն մեկ մասնագիտացված ապաստարան յուրաքանչյուր տարածաշրջանում, և մեկ ապաստարան՝ 10000 մարդու հաշվով: Հայաստանում բացակայում է նաև ընդհանուր թեժ գծի ծառայությունը ընտանեկան բռնություն վերապրածների համար:

 

Հայաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) 2018թ., սակայն վավերացման գործընթացը մնացել է փակուղում։

 

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն (ՍԿԳԻ)

 

Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք շարունակում են բախվել ոտնձգությունների, խտրականության և բռնության: Քրեական օրենսգիրքը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատելությունը չի ճանաչում որպես ատելության հանցագործության ծանրացուցիչ հանգամանք:

 

Սեռական կողմնորոշման հրապարակման արդյունքում խտրականության և հնարավոր նվաստացման վախը թույլ չի տալիս շատ ԼԳԲՏ մարդկանց հայտնել իրենց դեմ կատարված հանցագործությունների մասին, նույնիսկ եթե դրանք ակնհայտորեն դրդված են ԼԳԲՏ անձանց նկատմամբ կանխակալություններով: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ հաղորդվում է, նման հանցագործությունների քննությունը հաճախ անավարտ է կամ անարդյունավետ:

 

ՓԻՆՔ Արմենիա, ԼԳԲՏ անձանց իրավունքների խումբը, 2020 թվականի հունվարից մինչև հուլիս ամիսը ընկած ժամանակահատվածում, փաստագրել է սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ֆիզիկական հարձակման 12 դեպք, և սպառնալիքների, ֆիզիկական և հոգեբանական բռնության 10 դեպք։ 13 դեպքով բռնությունը և բռնության սպառնալիքը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից։

 

Չորս հարձակումներից տուժածները բողոքներ են ներկայացրել ոստիկանություն, որը մերժել է նրանցից երեքին՝ պատճառաբանելով, որ հանցագործություն չի կատարվել: Չորրորդի մասին ՓԻՆՔ Արմենիան տեղեկություն չունի։ Ոստիկանությունը նախազգուշացում է տվել երեք դեպքերից երկուսի դեպքում, երբ բռնությունը կատարվել է ընտանիքի անդամի կողմից, սակայն խափանման միջոց չի կիրառվել։

 

2021 թվականի հունիսի նախընտրական շրջանում քաղաքական գործիչները օգտագործում էին հոմոֆոբիան իրենց քարոզարշավներն առաջ մղելու համար, ԼԳԲՏ մարդկանց ներկայացնելով որպես սպառնալիք ընտանիքի, ազգային ինքնության և նույնիսկ ազգային անվտանգության համար: Ընդդիմադիր որոշ ուժեր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մեղադրեցին ազգային արժեքները ոչնչացնելու և ԼԳԲՏ «քարոզչություն» տարածելու մեջ:

 

Հայաստանը չունի խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն:

 

Հիմնական միջազգային դերակատարներ

 

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, կրկին ներգրավվել են Լեռնային Ղարաբաղի բանակցություններում: 2021 թվականի ընթացքում համանախագահները մի քանի հայտարարություն են տարածել պատերազմի հետևանքների վերաբերյալ՝ վերահաստատելով տարածաշրջան այցելելու իրենց պատրաստակամությունը և կողմերին կոչ անելով վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ ազատազրկվածներին. փոխանակել «հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տվյալները» և վերացնել «Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար». պահպանել և պաշտպանել կրոնական և մշակութային ժառանգությունը. և խթանել «ուղղակի շփումներն ու համագործակցությունը հակամարտությունից տուժած համայնքների միջև»: Երկար դադարից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ։

 

Եվրամիությունը ևս կոչ է արել կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և ազատազրկվածներին։

 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի 2021 թվականի նոյեմբերի հուշագրում, ի թիվս այլ բաների, առաջարկվել է «ապահովել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ»։

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան բանաձևը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր ազատազրկվածներին և կոչ է արել Հայաստանի իշխանություններին հրապարակել ականների բոլոր քարտեզները: Այն նաև կոչ է արել կողմերին պատասխանատվություն ապահովել պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների համար։

 

Իրենց օգոստոսյան համատեղ հայտարարության մեջ փոքրամասնությունների հարցերով, իրավապաշտպանների իրավիճակի և խոսքի ազատության իրավունքի խրախուսման և պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները Հայաստանին կոչ են արել հանել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքները:

 

Իր մայիսի զեկույցում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն քննադատել է հաշմանդամություն ունեցող անձանց փաստացի ազատազրկումը, ովքեր հարկադրաբար մնում են հոգեբուժական հաստատություններում համապատասխան համայնքային ծառայությունների բացակայության պատճառով: Կոմիտեն հորդորել է կառավարությանը՝ առաջնահերթություն տալ այս ծառայություններին և ապաինստիտուցիոնալացմանը:

 

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն իր հունվարյան եզրակացություններով քննադատել է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակարանների և հասարակական տրանսպորտի Հայաստանի անբավարար հասանելիությունը. սեռական կողմնորոշման հիմքով աշխատանքային խտրականությունը չարգելելը. և հավասար աշխատանքի համար կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության հստակ օրենսդրական երաշխիքի բացակայությունը:

 

Մարտին ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է դրույթներ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման վերաբերյալ։

 

Նաև մարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների կարևորությունը։

 

hrw.org

Դիտումներ՝ 251

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????