Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատախազների առաջխաղացման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերում կան խնդիրներ․ ՀՔԱՎ-ը առաջարկություններ է ներկայացնում

September 4, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» (IFES) աջակցությամբ իրականացվող «Հակակոռուպցիոն պայմանագրերի և չափանիշների իրականացում» ծրագրի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերլուծում է կոռուպցիայի համատեքստն՝ ըստ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ներկայացված առաջարկությունների։ Ծրագրի շրջանակում ընտրել ենք ՀՀ վերաբերյալ միջազգային կազմակերպությունների 5 առաջարկություններ և իրականացնում ենք գործողություններ, որոնցով կնպաստենք առաջարկությունների կատարմանը։ Ընտրված առաջարկություններից մեկը՝ «Բարեփոխել դատախազների հավաքագրման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերը, այդ թվում i) Մեծացնելով Որակավորման կոմիտեում որոշումների կայացման գործընթացի թափանցիկությունը՝ սահմանափակելով Գլխավոր Դատախազի հայեցողական լիազորությունները և պահանջելով, որ վերջինս գրավոր բացատրություն տա իր որոշումների վերաբերյալ, և ii) թույլ տալով չընդունված թեկնածուներին դիմել դատարան՝ իրավական հստակ և կոնկրետ դրույթների հիման վրա: Առաջարկություն ներկայացվել է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) կողմից։ 

 

1․ Վերը նշված առաջարկությամբ բարձրացված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ դատախազության մասին օրենքով և ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ․ ապրիլի 26-ի թիվ 44, 2018 թ ապրիլի 26-ի թիվ 43 և 2021 թ․ ապրիլի 26-ի թիվ 42 հրամաններով։  

 

Նշված իրավական նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատախազների առաջխաղացման և պաշտոնի բարձրացման ընթացակարգերում կան բացթողումներ, օրենսդրական խութեր, որոնց պատճառով չի ապահովվում գործընթացի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, գլխավոր դատախազն ունի բազում հայեցողական լիազորություններ։ 

 

Այսպես՝ Դատախազության մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ 1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց և փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը, որպես կանոն, տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ: Դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց և փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:

 

Դատախազության մասին ՀՀ օրենքն ու մրցույթի անցկացման Կարգը նախատեսում են, որ Դատախազների թեկնածությունների ցուցակները համալրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել դատախազների հավակնորդների փակ մրցույթ: Փակ մրցույթի մասին հրապարակային հայտարարություն չի տարածվում, դրա մասին դատախազները իմանում են անհատական հրավերի միջոցով։ Այսինքն՝ գլխավոր դատախազը կամ իր հանձնարարությամբ որևէ այլ դատախազ որոշ դատախազների տեղեկացնում է փակ մրցույթի անցկացման մասին, որից հետո բնականաբար հնարավորություն ունի ընտրելու և պաշտոնի նշանակելու իր հավանությանն արժանացած մասնագետին։ Այս տարբերակով կարող են գլխավոր դատախազությունում իրականացվել կարևոր նշանակումներ, և որևէ մեկի միջամտությունը այս ընթացակարգում բացառված է։ Հասարակությունը որևէ ձևով չի տեղեկանում պաշտոնների թափուր լինելու կամ դրանց համալրման համար անհրաժեշտ պայմանների մասին։  

 

Փակ մրցույթը այս տարբերակով իրականացնելը իր մեջ կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Դատախազների հավակնորդների ցուցակի համալրման համար գլխավոր դատախազի ցուցումով իրականացվող փակ մրցույթը չի ապահովում գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը, բացի դրանից՝ այս մրցույթի պայմաններում տեսանելի ու չափելի չեն հավակնորդների մասնագիտական կարողությունները։ Հետևաբար՝ պարզ էլ չէ, թե ընտրությունը ինչ հատկանիշնեերով է իրականացվում։ Այս տարբերակում մրցույթի անցկացման անաչառությունը արդեն կասկածի տակ է դրվում։ 

 

Այսպիսով՝ առաջարկում ենք փոփոխել «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված փակ մրցույթին վերաբերելի կարգավորումներն ու ըստ այդմ՝ վերացնել համակարգում պաշտոնի փակ մրցույթով նշանակումները: 

 

2․ Դատախազության համակարգում դատախազների պաշտոնի նշանակումը կատարում է գլխավոր դատախազը, այս գործընթացում կարևոր դերակատարում ունի նաեւ որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովի գործունեության եւ կազմավորման կարգավորումները նախատեսված են «Դատախազության մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես՝ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազին առընթեր գործում է էթիկայի եւ որակավորման հանձնաժողովներ:

 

Վկայակոչված հոդվածով սահմանվում է նաեւ որակավորման հանձնաժողվի կազմը: Մասնավորապես՝ Որակավորման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ տասնմեկ անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում արդարադատության ակադեմիայի ռեկտորը, գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, չորս դատախազ և երեք իրավաբան-գիտնական, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի դեպքում՝ նաև երկու փորձագետ, որոնց նշանակում է գլխավոր դատախազը: Փորձագետները պետք է ունենան ապօրինի ակտիվների վերադարձի ոլորտում գիտական կամ պրակտիկ աշխատանքի կամ կոռուպցիոն հանցագործությունների քննության առնվազն երեք տարվա փորձառություն:

 

Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:

 

Օրենքով սահմանված է նաեւ, որ հանձնաժողովների գործունեության, ինչպես նաև դատախազ անդամների ընտրության կարգը սահմանում է գլխավոր դատախազը: 

 

Համալիր կարգավորումների այս ներկայացումը ցույց է տալիս, որ ինչպես գլխավոր դատախազի նշանակման, այնպես էլ վերջինիս կողմից դատախազների նշանակման գործում արտաքին անկախ փորձագիտական մասնակցություն չկա։

 

Դատախազների նշանակման գործընթացում թեպետեւ նախատեսված է որակավորման հանձնաժողովը, սակայն վերջինս առավելապես կազմված է դատախազներից։ Ընդ որում՝ ինչպես վերջիններս, այնպես էլ իրավաբան-գիտնականները նշանակվում են գլխավոր դատախազի կողմից։ Այսինքն՝ չնայած հանձնաժողովի առկայությանը, բոլոր որոշումների կայացման մեջ հիմնական դերակատարումը վերապահված է գլխավոր դատախազին և բոլոր որոշումները կայացվում են նրա կողմից:

 

Օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված չեն նաեւ սկզբունքները կամ չափանիշները, որոնց հիման վրա տեղի է ունենում հանձնաժողովի դատախազ անդամների եւ իրավաբան-գիտնականների ընտրությունը, ինչը նշանակում է, որ որակավորման հանձնաժողովի ձեւավորման եւ անդամների ընտրության ու նշանակման գործում էական դերակատարումը տրված է գլխավոր դատախազին: Նման կագավորումներն ու ձևավորման ընթացակարգը չի ապահովում հանձնաժողովի անաչառությունը և դրա ձևավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը։ 

 

Համակարգում նշանակումների նկատմամբ հանրային վստահության բարձրացման եւ առավել անկախ ու արդյունավետ գործունեություն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել որակավորման հանձնաժողովի կազմը, ձևավորման ընթացակարգն ու անդմաներին ներկայացվող պահանջները:

 

Գտնում ենք, որ պետք է վերացվեն գլխավոր դատախազին տրված անսահմանափակ լիազորություններն ու մենաշնորհը, ինչի համար պետք է ձևավորվի նաեւ որակավորման հանձնաժողովի անդամներին ընտրող մրցութային հանձնաժողով, իսկ վերջինիս կազմում կլինեն՝

 

  • Գլխավոր դատախազության երկուական ներկայացուցիչ

  • 2 իրավաբան գիտնական

  • քաղհասարակության 2 ներկայացուցիչ

 

Մրցութային հանձնաժողովի կողմից որակավորման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է անցկացվի հրապարակայնության, թափանցիկության ու օբյեկտիվության սկզբունքների հիման վրա՝ որպես հիմնական չափանիշ ընդունելով թեկնածուների մասնագիտական կարողություններն ու ունակությունները:

 

Մրցութային հանձնաժողովի կողմից ձևավորվող որակավորման հանձնաժողովը կազմված կլինի 9 անդամից՝

 

  • չորս դատախազ

  • ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորը

  • երեք իրավաբան-գիտնական 

  • քաղհասարակության մեկ ներկայացուցիչ

 

Հանձնաժողովի բոլոր անդամները պարտադիր անցնում են բարեվարքության ստուգում: 

 

Դատախազության մասին Օրենքի դրույթների համաձայն՝ դատախազության համակարգում նշանակումների հիմնական պատասխանատուն եւ էական դերակատարում ունեցող անձը գլխավոր դատախազն է: Վերջինիս որոշման հիմքում ընկած են առաջխաղացման ցուցակները: Առաջխաղացման ցուցակները կազմվում են ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսուցման արդյունքների ամփոփման ավարտին եւ դրա հիման վրա։ Ոչ «Դատախազության մասին», ոչ էլ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքները ըստ էության լրացուցիչ չեն հստակեցնում, թե ինչ սկզբունքով եւ ընթացակարգով է տեղի ունենում ցուցակներից ընտրությունն ու նշանակումը, ինչ չափանիշի հիման վրա են ուսումնառությունն ստացած թեկնածուները նախապատվություն ստանում եւ նշանակվում գլխավոր դատախազի կողմից։ 

 

Այսինքն՝ հաստատված ցուցակներից թեկնածուի ընտրության ու դատախազի պաշտոնի նշանակման գործում գլխավոր դատախազին տրված է չափազանց մեծ հայեցողություն, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի եւ մեծացնել նշանակումների եւ ըստ այդմ՝ նաեւ համակարգի նկատմամբ անվստահության:

 

Նշված խնդիրն ու դատախազության համակարգում պաշտոնի նշանակման գործընթացը առավել վստահելի ու կանխատեսելի դարձնելու նպատակով առաջարկվում է գործող կարգավորումներում կատարել լրացում եւ նախատեսել գլխավոր դատախազի կողմից ցուցակից թեկնածուի նշանակում՝ ըստ Արդարդատության ակադեմիայում կրթության եւ ավարտի հանրագումարային միավորների նվազման կարգի: Այսինքն՝ առաջնահերթությամբ պաշտոնի նշանակվում է առավել բարձր միավոր հավաքած թեկնածուն՝ ըստ հերթականության, իսկ հավասար միավորների պարագայում առաջնահերթությունը տրվում է ավելի երկար փորձառություն ունեցող թեկնածուին: 

 

3․ Ինչպես թվարկված մյուս հարաբերություններում, Դատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում եւս հիմնական դերակատարումը եւ որոշման կայացումը վերապահված է գլխավոր դատախազին։ Դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացում դերակատարում ունի նաեւ էթիկայի հարցերով հանձնաժողովը։

 

Օրենքով եւ կարգով նախատեսվող գործառույթների եւ կարգապահական պատասխանատվության ընթացքի արդյունավետ անցկացման համար կարեւոր են դրանում ներգրավված մարմինների գործունեության երաշխիքները։ Այս առնչությամբ առանձակի կարեւորություն ունի էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ձեւավորման կարգն ու կազմը։

 

Կարգապահական եւ էթիկայի հարցերով հանձնաժողովի ձեւավորումը կատարվում է բացառապես գլխավոր դատախազի կողմից, որը նաեւ առանցքային դերակատարում ունի դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այս դեպքում ևս բացակայում են հստակ չափանիշները, թե ինչ կարգով է տեղի ունենում անդամների ընտրությունը։ 

 

Կարգապահական հանձնաժողովի գործառույթները էլ ավելի թափանցիկ դարձնելու համար նախ առաջարկվում է Էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության նպատակով ձևավորել մրցութային հանձնաժողով՝ մրցութային հանձնաժողովի կազմում ներգրավելով երկու դատախազ, երկու իրավաբան-գիտնական եւ քաղաքացիական հասարակության մեկ ներկայացուցիչ: Մրցութային հանձնաժողովը լիազորված կլինի ձևավորելու կարգապահական հանձնաժողովի հետևյալ կազմը՝ չորս դատախազ եւ չորս իրավաբան-գիտնական։ 

 

4․ Առաջխաղացման ցուցակի կազմման մեխանիզմը կարևոր նշանակություն ունի հավասար հնարավորություններ ունեցող, կամ հավասար ցուցանիշներ հավաքած մասնակիցների նշանակման տեսանկյունից։ Այն դեպքում, երբ օրինակ հավասար միավորներ հավաքած մի քանի հավակնորդ կլինեն ու ցուցակը կազմված կլինի այբբենական հերթականությամբ՝ առաջին համարից սկսած, ընտրություն կատարելը կդիտվի անաչառ, իսկ եթե ցուցակը կազմված լինի կամայական հերթականությամբ (կամ ոչ կամայական՝ որևէ մեկի կողմից սահմանած հերթականությամբ), այս դեպքում նույն սկզբունքով ընտրությունը կարող է անաչառության որոշակի խնդիրներ առաջացնել։  

 

Սույն փաստաթղթում թվարկված իրավական խնդիրները և բացերը հանգեցնում են  որակավորման հանձնաժողովում որոշումների կայացման գործընթացի թափանցիկության խաթարման, գործող կարգով մեծ են ՀՀ գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունները և ազդեցությունը՝ որակավորման հանձնաժողովի որոշումների վրա։ Իսկ առաջարկվող փոփոխություններից հետո կմեծանա հանձնաժողովի թափանցիկությունն, ու կնվազի Գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը, և ըստ էության կատարված կլինի GRECO-ի առաջարկության պահանջը։ 

Դիտումներ՝ 87

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????