Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը՝ 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

June 21, 2021

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Անկախ դիտորդը» մոտ 700-հոգանոց առաքելությամբ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը:

 

Ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

 

Մեթոդաբանություն

 

Առաքելության կողմից առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը 2-ական դիտորդներով դիտարկում է իրականացվել ամբողջ հանրապետությունում ձևավորած 2008 տեղամասերից ավելի քան 200 ընտրական տեղամասերում: Երևանում և բոլոր մարզերում գործել են դիտորդների ավելի քան 40 շրջիկ խմբեր: Առաքելությունում աշխատել են մոտ 30 իրավաբաններ և մոտ 90 հոգի այլ անձնակազմ: Երեկոյան Ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, տեղամասերում տեղակայված բոլոր (շուրջ 1500) տեսախցիկների աշխատանքը և ընտրությունների օրվա լուսաբանումը լրատվամիջոցներում:

 

Արձանագրված հիմնական խախտումները

 

Քվեարկության օրը դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տարատեսակ խախտումներ: Մասնավորապես, դիտարկված 208 տեղամասերի 52 տոկոսում արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, 30 տոկոսում քվեասենյակ են մուտք գործել կամ մուտք գործելու փորձ կատարել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք: Դիտարկված տեղամասերից 30 տոկոսի շրջակայքում այս կամ այն եղանակով իրականացվել է քարոզչություն, ընդ որում՝ այդ դեպքերի 37․5 տոկոսում քարոզչությունն իրականացվում էր «Հայաստան» դաշինքի օգտին, 15․7 տոկոսում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14 տոկոսում՝  ՔՊ-ի, իսկ 4․7 տոկոսում՝ ԲՀԿ և ԱԺԲ օգտին:

 

Տեղամասերի 10 տոկոսում գրանցվել են ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկները տալու դեպքեր, իսկ 10 տոկոսում՝ քվեաթերթիկները դուրս հանելու դեպքեր:

 

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 31.5%-ում (70 տեղամաս)։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:

 

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների նիստի ժամանակ արձանագրված խախտումներին, ապա ձայների հաշվարկի գործընթացը հիմնականում ընթացել է առանց խախտումների, սակայն առանձին տեղամասերում տեղի են ունեցել վիճաբանություններ և այլ խախտումներ։ Մասնավորապես, 8 տեղամասերում ոստիկանների կամ հանձնաժողովի նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել է հաշվարկի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտքը։ 17 տեղամասային կենտրոններում քվեարկության ամփոփման նիստն ընդհատվել է միջադեպերի պատճառով։

 

Ընտրատեղամասերում, ցավոք սրտի, դիտարկվել են լուրջ վիճաբանություններ և նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր: Այդուհանդերձ, դրանք եղել են հատուկենտ, տեղի են ունեցել ձայների հաշվարկի ընթացքում և չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա:

 

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում և մեկ վարչական բողոք: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրավապահ մարմիններին է  ներկայացվել հանցագործության մասին 30 հաղորդում:

 

Ընտրողների ազատ կամարտահայտումը

 

«Անկախ դիտորդի» կողմից իրականացված երկարաժամկետ առաքելությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր կապված ընտրակաշառքի բաժանման, գործատուների կողմից ընտրողներին վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ: Մասնավորապես, բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը, ինչպես նաև մի խումբ խոշոր ձեռնարկություններում ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը: Այդպիսի ձեռնարկությունների թվին են պատկանում «Գազպրոմ Արմենիան», Հայաստանի էլեկտրական ցանցերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և այլն: Նույն ուժի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու և այդ ուժի օգտին քվեարկելու պարտադրանքը եղել է նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կառույցներում:

 

Էապես ավելի հազվադեպ եղել են նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հավաքներին ու ժողովներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը:

 

Վերոնշյալ մտահոգություններն էապես ավելանում են ընտրությունների օրն արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու բազմաթիվ դեպքերի ֆոնին (այս կոնտեքստում այդ դեպքերին ենք դասում նաև որոշ տեղամասերում ընտրողներին «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը չտալու պրակտիկան): Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ խախտումները կրում էին լատենտային բնույթ և, որպես կանոն, եզակի դեպքերում են նկատվել դիտորդների կողմից, կարող ենք ենթադրել, որ նման դեպքերը եղել են շատ ավելի շատ, քան արձանագրվել են, հետևաբար՝ այդ առումով ամբողջական պատկերը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ, հնարավոր չէ նաև ճշգրիտ թվային գնահատական տալ, թե հանրապետության ընտրողների քանի տոկոսը չի կարողացել քվեարկության խցիկներում իրականացնել իրական կամարտահայտում՝ կաշկանդված լինելով ստացած ընտրակաշառքով կամ իրենց նկատմամբ կիրառված ապօրինի այլ լծակներով:

 

Առանձին մարմինների դիտարկման արդյունքներ

 

Առաքելության կողմից ամբողջությամբ խաչաձև որոնվել են ընտրողների ցուցակում անձանց կրկնման դեպքեր, որոնք չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, արձանագրվել է Լոռվա մարզի մի շարք ընտրատեղամասերում ընտրողների ցուցակների կազմման ընթացքում կատարված տեխնիկական վրիպակ, որի հետևանքների վերացման ուղղությամբ ոստիկանությունը կատարել է անհրաժեշտ գործողություններ:

 

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Հանրային հեռուստատեսությունը կազմակերպել է մի շարք հեռուստաբանավեճեր, թեև դրա օրենսդրական պահանջը չկա: Ավելին, Հանրայինը նաև օրենքով սահմանված առավելագույնից էապես ավելի էժան սակագնով է եթերաժամանակ առաջարկել կուսակցություններին, ինչը որոշակիորեն նվազեցրել է ընտրությունների վրա քաղաքական ուժերի ֆինանսական կարողությունների ազդեցությունը: Հանրայինը նաև անվճար եթերաժամանակ է տրամադրել թե՜ ԿԸՀ-ի և թե՛ մեր պատրաստած սոցիալական գովազդի հոլովակների համար:

 

Մի շարք խնդիրներ են արձանագրվել վարչական դատարանի դիտարկման ժամանակ: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի և Միհրան Պողոսյանի բողոքների քննության արդյունքում դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ՝ բավարարելով անհիմն հայցադիմումները:

 

Թեև քվեարկության օրվա սկզբում չէր աշխատում տեղամասերում տեղադրված 1519 տեսախցիկների մոտ 5 տոկոսը, սակայն օրվա ընթացքում այդ թիվը նվազեց՝ հասնելով մոտ 3 տոկոսի: Տեսախցիկների միակ զանգվածային խափանումը եղել է ժամը 22:00-ի միջակայքում․՝ մոտ 15 րոպեով չի աշխատել դրանց մոտ 29 տոկոսը: Սա պայմանավորված էր հանրապետության մի շարք հատվածներում եղած հոսանքազրկմամբ և հնարավորություն է տալիս նաև արձանագրելու, թե քանի ընտրական տեղամասերում են եղել էլեկտրամատակարարման անջատումներ:

 

Ընտրությունների արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տեղամասերում հաշվարկն իրականցվել է առանց էական շեղումների: Այդուհանդերձ, մի քանի առանձին վերցրած տեղամասերում դիտվում է անտրամաբանական բարձր մասնակցություն, որը զուգորդվում է «Հայաստան» դաշինքի՝ ընդհանուր պատկերից էապես տարբերվող բարձր ցուցանիշներով: Այդ մի քանի տեղամասերում հնարավոր է տեղի ունեցած լինի քվեարկության արդյունքների կեղծում՝ հօգուտ «Հայաստան» դաշինքի, ինչը, սակայն, պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն:

 

Եզրահանգումներ

 

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց մասնակցում էին 25 կուսակցություններ և դաշինքներ, անցել են մրցակցային պայմաններում: Չնայած թե՛ քվեարկությանը նախորդող օրերին, թե՛ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին ահազանգերին, որոնց մի մասի հիմքով հարուցվել են քրեական գործեր, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։

 

Չնայած նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի լայնածավալ կիրառմանը, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների սկզբունքներին հակասող խոսույթի կիրառմանը, այնուամենայնիվ, քվեարկության ընթացքում դրանք անմիջական դրսևորումներ, որպես կանոն, չունեցան, բացառությամբ առանձին տեղամասերում ընդհարումների և առավոտյան ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի նկատմամբ արձակված հրազենային կրակոցի փաստի։

 

Ընտրական օրենսդրության այդպես էլ չվերացված թերությունները հնարավորություն տվեցին որոշ մասնակից քաղաքական ուժերի, հատկապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին և ԲՀԿ-ին՝ ֆինանսատնտեսական ու վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ինչպես նաև կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների կիրառմամբ ապօրինի ազդեցության փորձեր կատարել ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա: Այս ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին ազատ և արդար ընտրության երաշխավորման համար օրենսդրական կարգավորումների ամբողջական ձևավորման անհրաժեշտությունը։

 

Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ քվեարկության օրն արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա:

 

Թեպետ առերևույթ էր ընտրական հանցագործությունների դեմ պայքարի քաղաքական կամքի առկայությունը, սակայն ակնհայտ է դատական և իրավապահ մարմիններում համակարգային և արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա երաշխավորել արդարադատության իրականացումն ու հանրային վստահության ձևավորումը՝ կանխելու ընտրական խախտումները, ինչպես նաև անվիճելի և վստահելի իրավական գնահատական տալ ընտրական իրավունքների արձանագրված խախտումներին և խախտում կատարողների գործողություններին։

 

Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը․ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով առանձին տեղամասերում չէր ապահովվում ընտրական ընթացակարգերի գրագետ, անխափան իրականացումը, որը կապահովեր քվեարկության բնականոն ընթացքը։

 

Գտնում ենք, որ ընտրական հանցագործություններ գործած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որի մասով «Անկախ դիտորդը» իրականացնելու է հետևողական վերահսկողություն: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, համակարգը և վարչարարությունն էական բարեփոխման կարիք ունեն:

 

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

 

Ներբեռնել՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 1432

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????