0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ «Բարեգործություն» և ընտրակաշառքի այլ դրսևորումներ

June 15, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

 

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

 

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

 

Թե՛ դիտորդներից, թե՛ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ ահազանգեր աննախադեպ բարձր և մեծ թվով ընտրակաշառքների վերաբերյալ։ Սակայն զեկույցի պատրաստման պահի դրությամբ, կանխիկ վճարվող կոնկրետ ընտրակաշառքի դեպք արձանագրված չէ դիտորդների կողմից։ Հարկ է նշել, որ սա չի ենթադրում, որ առկա չէ ցուցակագրում կամ նույնիսկ կանխավճարում։ Ընտրակաշառքի առավել հաճախ կիրառվող սխեմայի պարագայում բազմանդամ ընտանիքների անդամներին ձևակերպում են որպես նախընտրական շտաբի աշխատողներ։ Այս մեթոդն ըստ էության ընտրակաշառքի նպատակով վճարվող գումարի լեգիտիմացում է, որի դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախընտրական շտաբների ծախսերը չեն հայտարարագրվում, հիմնականում չկան աշխատանքային պայմանագրեր և արդյունավետ վերահսկողություն։ Հստակ չէ, թե այդ անձինք ինչ կարգավիճակով են գտնվում շտաբներում, ինչ աշխատանք են կատարում կամ ընդհանրապես որևէ տեսակի աշխատանք կատարում են, թե՝ ոչ։ Միաժամանակ արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ ընտրակաշառքի նպատակով աշխատանքի վարձատրությունը ձևակերպվում է ոչ թե որպես քարոզչության հետ կապված գործունեության աշխատավարձ, այլ մրցակցող ուժերի բիզնեսներում ներգրավվածություն, որի միջոցով փաստացի ոչ միայն օրինականացվում է ընտրակաշառքը, այլ նաև աշխատանքային հարաբերություններով առավել երկարաժամկետ  կախվածության հիմք է ստեղծվում։

 

Ընտրակաշառքի վերաբերյալ մինչև նախընտրական քարոզչության փուլը ստացված ահազանգերի գերակշիռ մասը վերաբերում է Սյունիքի և Կոտայքի մարզերին՝ «Հաաստան»  դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը․

 

  • Ընտրակաշառքի հետ ասոցացվող բարեգործության դեպք է գրանցվել Քարահունջ գյուղում։ Գորիսի քաղաքապետի կողմից բնակիչներին տրամադրվել է դրամական օգնություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մի շարք բնակիչներ նաև օգտվում են քաղաքապետին պատկանող շինանյութի խանութից՝ անվճար կամ զգալի զեղչերով։

  • Գորիս համայնքում, սոցիալական աջակցության ծրագրերը 2021 թ․ մայիս ամսին գրեթե կրկնապատկվել են նախորդ ամսվա համեմատ` հասնելով շուրջ ութ միլիոն դրամի։ Համայնքի ղեկավարը առաջադրված է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

  • Նույն Գորիս համայնքում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Վահե Հակոբյանի միջոցներով որոշակի վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

  • ԲՀԿ-ի հետ ասոցացվող կառույցը վերագործարկել է Սիսիանի սպորտդպրոցը։ Դպրոցը մինչ այդ գործել է ընդհատումներով։ Այս փուլում բացվել են անվճար բարեգործական խմբակներ։

  • Գորիսում, սահմանամերձ համայնքների օգնության հիմնավորմամբ, «Հայաստան» դաշինքի հետ ասոցացվող անձինք դիմահարդարման դասընթացներ են կազմակերպում սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար։ Այս դասընթացների տրամադրման կապը ընտրությունների հետ պարզվել է նրանով, որ խմբերից մեկից փորձել են հեռացնել 17-ամյա մի աղջկա։ Հեռացնելու որոշումը չեղարկվել է, երբ պարզել են, որ աղջկա 18 տարին լրանում է  մինչև 2021 թ․ հունիսի 20-ը։

  • Վայոց Ձորում ԲՀԿ գրասենյակը օգնություն է տրամադրել պատերազմի մասնակիցների ընտանիքներին։ Այս միտումն առկա է մի շարք այլ մարզերում ևս։ Հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմի հետևանքները՝ այս գործելաոճն ունի աճման միտում։

  • Հունիսի մեկին Արմավիրի քաղաքային զբոսայգում կազմակերպվել է միջոցառում՝ մուլտհերոսներով, անվճար ատրակցիոններով, պաղպաղակի մատակարարմամբ, փուչիկներ բաժանելով ու երգ-երաժշտության կազմակերպմամբ։ Այս մասին տոնի նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարինե Հովհաննիսյանը, որը հանդիսանում է «Արմավիրի կանանց խորհուրդ» ՀԿ–ի ղեկավարը։ Նա հունիսի մեկի հանդիսության ժամանակ մի քանի անգամ նշել է, որ այս ամենը կազմակերպվել է ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի կողմից։ Եվ հենց կազմակերպության էջում տեղադրել է իր լուսանկարը, հետևում ԲՀԿ դրոշի պատկերմամբ և կատարել գրառում՝ «Արտահերթ ընտրություններին ընտրում ենք 14 համարի քվեաթերթիկը» (ԲՀԿ)։

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն Ավան վարչական շրջանում առնվազն 2 վայրում (Հին Ավանի 87-րդ դպրոցի բակում, ապա Դուրյան 33 շենքին հարող խաղահրապարում) համերգ-միջոցառումներ է կազմակերպել՝ օգտվելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի ընձեռած առիթից։ Ընդ որում՝ համանման միջոցառումներ խաղավարների ներգրավմամբ կազմակերպել էր նաև Երևանի քաղաքապետարանը (իր ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների բակերում)։ ԲՀԿ-ն մանկապարտեզի և դպրոցահասակ հարյուրավոր երեխաների բաժանել է ԲՀԿ դրոշակներ, երեխաների և նրանց ծնողների համար կազմակերպել են անվճար հյուրասիրություն։ Միջոցառումներին անձամբ ներկա է գտնվել Ավան վարչական շրջանից ԲՀԿ պատգամավորության թեկնածու Գագիկ Պետրոսյանը՝ ԲՀԿ ակտիվի և օպերատորական խմբի մասնակցությամբ։ Նախապես միջոցառման թռուցիկ-հրավերները փակցվել են վարչական շրջանի թաղամասերի էլեկտրասյուներին, վերելակներում ու բազմաբնակարան շենքերի բնակարանների մուտքի դռներին հետևյալ բովանդակությամբ՝ «Սիրելի ավանցիներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության Ավան վարչական շրջանի պատգամավորի թեկնածու Գագիկ Պետրոսյանը հունիսի 1-ին՝ ժամը 18։00-ից մինչև 20։00-ն Ավանի Դուրյան թաղամասի 33 շենքին հարող խաղահրապարակում հրավիրում է բոլոր երեխաներին՝ անցկացնելու ուրախ և անմոռանալի ժամանց հեքիաթային հերոսների հետ։ Սիրով սպասում ենք Ձեզ»։

  • Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կազմակերպվել է մանկական միջոցառում։

  • Երեխաների տոնը քարոզչական նպատակներով օգտագործելուց զերծ չի մնացել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ «Հայրենիք» կուսակցության Վանաձորի կազմակերպությունը՝ մայիսի 28-ին բարեկարգելով բնակելի շենքերից մեկի մանկական խաղահրապարակը և հունիսի 1-ին կազմակերպելով խաղահրապարակի բացումը՝ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի մասնակցությամբ:[1]

  • Հունիսի 4-ին Կոտայքի մարզի 321 շրջանավարտների Գ․ Ծառուկյանի կողմից շնորհավորական բացիկներ, ծաղկեփնջեր և դրամական պարգևներ են տրվել։

  • Կոտայքի մարզի Առինջ համայնքի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցի շրջանավարտներին Գ․ Ծառուկյանի անունից շնորհավորել է «ԵՌԿ»-ի ղեկավար Լիաննա Բաբայանը և փոխանցել խոշոր դրամական պարգևներ և ծաղկեփնջեր:

  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը շրջանավարտներին նվիրել է «Իշխանություն» ֆիլմի տոմսեր և տեղեկացրել, որ անձամբ է սպասելու շրջանավարտներին Մոսկվա կինոթատրոնի մուտքի մոտ։ Հաշվի առնելով այդ ֆիլմի քաղաքական բովանդակությունը՝ սա սովորողներին քաղաքական գործընթացների և քարոզչության մեջ ուղղակիորեն և ակնհայտորեն ներքաշելու փորձ է։

  • Արարատի մարզի Մասիս համայնքում փակցվել են հայտարարություններ այն մասին, որ տնտեսվարողների հետ խաղողի մթերման պայմանագրերը կկնքվեն անձնական այցերով։ Սա առաջին անգամ կիրառվող պրակտիկա է՝ տնտեսական լծակի օգտագործմամբ։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ այս մասին հրահանգել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գ․ Ծառուկյանը։

  • Դիտորդական առաքելությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիրի մարզի Քարակերտ, Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում «Հայաստան» դաշինքի և մասնավորապես Արծվիկ Մինասյանի հետ ասոցացվող անձինք վճարել են մի շարք բնակիչների կուտակած հողի հարկերը և ջրի պարտքերը։

  • «Որդուս» ՀԿ–ն հրապարակել է, որ Սյունիքի սահմաններ են տարվել զինվորների համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ զինվորական վրաններ, քնապարկեր, հագուստ, սնունդ և հիգիենայի միջոցներ։ «Որդուս» ՀԿ–ի հիմնադիրն է «5165» նախաձեռնության ցուցակի 1-ին համար Կարին Տոնոյանը։

  • Երևանի Չարբախ թաղամասում ընտրակաշառքի առաջարկ է արվել ԲՀԿ-ի համակիրներ ներկայացող անձանց կողմից։ Մեր տեղեկություններով այս դեպքով զբաղվում է ոստիկանությունը։

  • Տիգրան Արզաքանցյանն իր բարեգործական հիմնադրամի միջոցով հունիսի 6-ին Գավառ քաղաքում կազմակերպել է միջոցառում երեխաների համար, որը նվիրված էր մանկական զվարճանքի կենտրոնի բացմանը։ Այստեղ հստակորեն նույնանում են հիմնադրամի և առաջադրված թեկնածուի գործունեությունը՝ թե՛ արգելված ժամանակահատվածում բարեգործություն իրականացնելու, թե՛ Հիմնադրամի կողմից քարոզչություն իրականացնելու մասով, քանի որ երեխաներին բաժանվել են քարոզչական բուկլետներ, նվերներ, վերնազգեստներ, որտեղ առաջադրված թեկնածուի կուսակցության համարն ու լոգոն են, և հրապարակային կոչ է արվել ծնողներին տեղեկացնել քվեարկել հյուրասիրվող տորթի վրա գրված համարի օգտին։

  • Դիտորդական առաքելությունն ահազանգ է ստացել Արարատի մարզի Ավշար գյուղից՝ Արայիկ և Մայիս Գրիգորյանների կողմից՝ ի նպաստ «Հայաստան» դաշինքի ընտրակաշառքի բաժանման դեպքի վերաբերյալ։

  • Տարբեր ուժերի կողմից ընտրակաշառքի առաջարկի և ցուցակների հավաքագրման մի շարք ահազանգեր են ստացվել Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայից։

Դիտումներ՝ 33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????