Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախնական եզրակացությունները 2018 թ․ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

December 10, 2018

Ընտրական գործընթաց | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

 

 Մեկնարկային իրավիճակ

 

2017 թ․ դիտարկելով Ազգային ժողովի ընտրությունները՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրել էր, որ 2016թ. ընդունված ընտրական օրենսգիրքը որևէ պատասխան չէր տվել մինչ այդ բարձրաձայնված հիմնախնդիրներին, որոնք էին վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումները, ընտրախախտումների և քվեարկության արդյունքների արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ու հնարավորությունների բացակայությունը:

 

Համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարավորությունը՝ Օրենսգիրքն առավել խորացրեց վարչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարավորությունը` քաղաքական և գաղափարական պայքարը ստորադասելով առանձին թեկնածուների հեղինակությանը և հնարավորություններին:

 

2018 թ․ տեղի ունեցած հեղափոխությունը հնարավորություն էր ստեղծել հիմնովին վերանայելու ընտրական օրենսդրությունը և ապահովելու վերոնշյալ խնդիրների համակարգային լուծումը՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ և առավել արդարացի դարձնելով մեկնարկային հնարավորությունները (շեմի նվազեցում, գրավի նվազեցում և այլն)։

 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի նախապատրաստման աշխատանքների թերություններով հանդերձ՝ նախագծի ընդունումը կարող էր որակապես այլ ընտրություններ կազմակերպելու հիմք հանդիսանալ, սակայն փոփոխությունների նախագիծը չընդունվեց, և Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները կազմակերպվեցին և անցկացվեցին գործող ընտրական օրենսգրքով։

 

Դիտորդական առաքելություն

 

Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ» դաշինքի շուրջ 90 դիտորդներ 2018 թ․ նոյեմբերի 26-ից իրականացնում են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզչության և քվեարկության նախապատրաստման ու անցկացման երկարաժամկետ դիտարկում ՀՀ ողջ տարածքում։ Զանգվածային լրատվության միջոցների մոնիթորինգ իրականացրել է 10 դիտորդ։ Իսկ դեկտեմբերի 9-ին շուրջ 800 դիտորդ իրականացրել է քվեարկության դիտարկում հանրապետության բոլոր ընտրական տարածքների բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում և 300 տեղամասում (տեղամասերի 15 %):

 

Երկարաժամկետ դիտարկումը շարունակվում է և կամփոփվի քվեարկության ավարտից հետո, սակայն նախնական դիտարկումներն արդեն իսկ ակնհայտ են դարձնում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման ակնհայտ բարելավումը, որի հիմքում, ըստ էության, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման քաղաքական կամքն է։

 

2017 և 2018թթ. Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ եզրակացությունների նախնական համեմատություն

 

Քարոզչություն

 

Ընտրությունների նախապատրաստման և քարոզչության փուլի դիտարկման ընթացքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրել է, որ

 

1․ 2018 թ․ քարոզարշավի ընթացքում դիտորդների կողմից չի արձանագրվել  նախընտրական քարոզչության ընթացքում կիրառված բռնությունների և ճնշումների որևէ դեպք։ Մինչդեռ 2017 թ․ նախընտրական քարոզչությունն ուղեկցվել էր բռնություններով և ճնշումներով, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ: Փոխարենը արձանագրվել է ատելության խոսքի տարածման 18 դեպք, որի վերաբերյալ եղել են մի շարք հայտարարություններ մրցակցող ուժերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։

 

  1. Գրանցվել է վարչական ռեսուրսի հավանական կիրառման 62 դեպք, որոնք կազմակերպված և զանգվածային բնույթ չեն կրել: Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերում ակնհայտ է եղել ապակենտրոնությունը և ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այն հիմնականում օգտագործվել է տարածքային ցուցակներում միևնույն ուժի ներկայացրած թեկնածուների կողմից միմյանց դեմ պայքարում։ Այս առումով մտահոգիչ է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ պայքարը հիմնականում տարբեր ուժերի միջև էր, մեկ ուժի ներսում պայքարի մասին ընտրական գործընթացի մասնակիցները նախընտրել են լռել և առկա տեղեկատվությունը բավարար չէ խնդրի ծավալների գնահատման համար։
  2. Քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումն, ըստ էության, չսահմանված վայրում քարոզչական պաստառների տեղադրումն է եղել, որի առնչությամբ ընտրական վարչարարություն իրականացնող մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները փորձել են գործողություններ ձեռնարկել, սակայն խնդիրը համակարգային և օրենսդրական լուծման կարիք ունի։ Ինչպես նաև հիմնական խախտումներից է եղել քարոզչական նյութերի վնասումը: Ընդհանուր առմամբ դիտորդների կողմից արձանագրվել է 85 դեպք:

4․ Քարոզչության ընթացքում արձանագրվել են գումարով կամ բնամթերքով ընտրակաշառքի խոստման կամ տրման 4 դեպք, մինչդեռ 2017 թ․ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ ահազանգերը զանգվածային բնույթ են կրել։ Արձանագրված դեպքերը վերաբերել են Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակացության կողմից խոստումներին։ 2017 թ․ արձանագրված ընտրակաշառքների վերաբերյալ զանգվածային ահազանգերի եզակի դեպքերով որոշակի քննություն իրականացվել է միայն հեղափոխությունից հետո:

5․ Զանգվածային լրատվության միջոցների կողմից թեկնածուների և կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման տեսանկյունից խնդրահարույց է եղել քարոզչության պաշտոնական մեկնարկին նախորդող ժամանակահատվածում ուժերի անհավասար լուսաբանումը հեռուստատեսությամբ։ Սակայն քարոզչության փուլում այդ անհավասարությունը որոշակիորեն վերացվել է: Ավելին՝ գործընթացի վրա դրական ազդեցություն է ունեցել հեռուստաբանավեճերի թիվը (առաջին հերթին՝ դաշինքների և կուսակցությունների ցուցակները գլխավորող թեկնածուների միջև բանավեճը)։ Լրատվամիջոցները հիմնականում չէին կաշկանդվում իշխանությանը քննադատելուց:

 

Քվեարկություն

 

2017 թ․ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից դիտարկված 200 տեղամասերի 67 տոկոսում գրանցվել էին քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր, երբ քվեարկության խցիկում եղել են այլ չափահաս անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Քվեարկության գաղտնիության նմանատիպ խախտումներ գրանցվել են 2018 թ․ դիտարկված տեղամասերի 27,2 տոկոսում։ 2017 թ․ դիտարկված տեղամասերից 50,5 տոկոսում գրանցվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Նման դեպքեր գրանցվել են 2018 թ․ դիտարկված տեղամասերի  25,8 տոկոսում։ Հարկ է նշել, որ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելությունների միջոցով տեղամասային կենտրոնում կուսակցությունների կողմից լրացուցիչ վերահսկողություն ապահովելու միջոցը կիրառվել է միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, ինչը արտահայտվել է նրանով, որ մասնավորապես «Միացյալ առաջնորդների պալատ» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունների կողմից հավատարմագրված դիտորդները տեղամասերում ներկայացել են որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ։

 

2017 թ․ դիտարկած տեղամասերի 29,5 տոկոսում գրանցվել են քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց քվեարկության մասին տեղեկացնելու կամ բարձրաձայնելու դեպքեր: 2018 թ․ նմանատիպ դեպքեր գրանցվել են տեղամասերի 17․2 տոկոսում։

 

Վիճաբանություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 10.2 տոկոսում։ 2017 թ․ նման դեպքեր գրանցվել էին դիտարկված տեղամասերի 49,5 տոկոսում։

 

Նշենք, որ քվեարկության օրվա ընթացքում տեղամասային կենտրոնների դիտարկումների արդյունքում առավել տարածված խախտումներն են եղել՝ տեղամասային կենտրոնների և քվեարկության անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար, տեղամասային կենտրոններում կուտակումները (դիտարկված տեղամասերի մոտ 18 տոկոսում), վիճաբանությունները (դիտարկված տեղամասերի մոտ 5 տոկոսում), քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայությունը (դիտարկված տեղամասերի մոտ 5 տոկոսում), այլ անձի փոխարեն քվեարկությունները/քվեարկության փորձերը (դիտարկված տեղամասային կենտրոնից մոտ 1 տոկոսում), դիտորդի իրավունքների խախտումները (դիտարկված տեղամասերի մոտ 2 տոկոսում):

 

Միաժամանակ, թեև տեղամասային ընտրական հանձնաժողովների պատրաստվածության և պատրաստակամության առումով զգալի փոփոխություն չի գրանցվել, սակայն զգալի է եղել վերադաս ընտրական հանձնաժողովների և ոստիկանության կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարման պատրաստակամությունը և արձանագրված խախտումների օպերատիվ վերացումը։

 

 

Ելնելով վերոգրյալից` «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է.

  1. Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց կանխման, վերացման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից արձագանքը զգալիորեն բարելավվել է, ինչը որակական ազդեցություն է ունեցել դիտորդական առաքելության և այդ մարմինների միջև համագործակցության վրա:
  2. 13 ընտրական տարածքներից յուրաքանչյուրում տարածքային ցուցակներով առնվազն 5 թեկնածու առաջադրելու պահանջը, ընտրվելու բարձր շեմը և բարձր ընտրագրավը պահպանեցին մեկնարկային անբարենպաստ պայմանները, որ գոյություն ունեին նոր կուսակցությունների համար: Արդյունքում Ազգային ժողովում ներկայացվեցին նվազագույն քանակի ուժեր։ Բացի դրանից՝ քաղաքական փոքրամասնությանը տրվող լրացուցիչ մանդատների բաշխման շնորհիվ  երկրորդ և երրորդ ուժերի ստացած մանդատներն ըստ էության չեն արտացոլի ընտրողների կողմից նրանց տրված ձայների հարաբերակցությունը՝ այսպիսով ստորադասելով Ազգային ժողովի ներկայացուցչականության սահմանադրական նորմը ընտրական օրենսգրքի նորմին։
  3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունն ընթացել է նվազագույն խախտումներով և քվեարկողների ազատ կամարտահայտման հնարավորության պայմաններում:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ընթացել են ՀՀ օրենսդրության և ժողովրդավարության և ընտրական գործընթացների միջազգային չափանիշներին համահունչ և քվեարկության արդյունքները հիմնականում արտացոլում են ընտրողների ազատ կամքը:

 

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝

  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
  • Իրազեկ քաղաքացիների միավորման

ԵՎ դաշինքի գործընկերներ

  • Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի
  • Գորիսի մամուլի ակումբի
  • Սոցիոսկոպ հասարակական հետազոտությունների կենտրոնի
  • «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության
  • «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի

                                                          

 

 

                                                           ***

«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի նախնական եզրակացությունները 2018 թ․ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Դիտումներ՝ 2246

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????