Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Համատեղ հայտարարություն՝ մանկատան՝ հաշմանդամություն ունեցող շրջանավարտների նկատմամբ խտրական որոշման մասին

November 15, 2021

Համատեղ | Հայտարարություններ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի Հայաստանի հատուկ մանկատների շրջանավարտների զգալի մասը չի կարողանա օգտվել «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառումից։ Որոշումը խտրական կերպով սահմանում է, որ բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն «ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները», ուստի Կառավարությունը պետք է վերանայի այն։ 

 

«Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակում ՀՀ կառավարությունը 2019 թվականին մանկատան 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացրել էր 1.9 մլրդ դրամ։ Մինչ օրս բնակարանի գնման վկայագիր են ձեռք բերել 210 շրջանավարտներ։ 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը մշակել է նշված որոշումը, նշում է, որ ստացել է դիմումներ Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտներից, որոնք, չնայած իրենց չափահասությանը, մինչ օրս բնակվում են Խարբերդի մանկատանը, և նույնպես ցանկանում են օգտվել բնակարանի վկայագիր ձեռք բերելու հնարավորությունից։ Ըստ նախարարության՝ «ելնելով ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող մանկատան շրջանավարտների լավագույն շահից` նախարարությունը գտնում է, որ իրենց բնակապահովումը պետք է իրացվի ոչ թե բնակարանի գնման վկայագրի, այլ փոքր տների և որոշակի խնամքի ապահովման մեխանիզմով»։ 

 

Հայաստանի Սահմանադրությամբ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) արգելվում է հաշմանդամության հիմքով խտրականությունը։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) և Կոմիտեն արձանագրում են հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման և այս նպատակով աջակցություն ստանալու իրավունքը։ Բացառիկ դեպքերում, երբ առավելագույն և պիտանի աջակցության միջոցների գործադրմամբ հնարավոր չէ պարզել անձի կամքը, թույլատրելի է առաջնորդվել հաշմանդամություն ունեցող անձի կամքի և նախապատվությունների լավագույն մեկնաբանմամբ։ Ո՛չ Կոնվենցիան, ո՛չ Օրենքը չեն սահմանում հաշմանդամություն ունեցող չափահաս անձի լավագույն շահով առաջնորդվելու պետության պարտավորություն և լիազորություն։ 

 

Միևնույն ժամանակ, Օրենքով սահմանված պետական քաղաքականության ուղղություններերից է բնակավայր ընտրելու իրավունքի իրականացման ապահովումը։ 

 

Իսկ բոլորովին վերջերս Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակարանային ապահովման հասանելիության, ոլորտում գործող խտրական օրենսդրության և համայնքում ապրելու համար առկա շատ սահմանափակ աջակցության միջոցների վերաբերյալ և դիմել Կառավարությանը` մեկնաբանելու այդ իրավիճակը։

 

Փաստացի այս որոշումը կարող է հիմք ստեղծել մանկատներում խնամք ստացած և բնակարանի գնման վկայագրի ձեռքբերման բոլոր պահանջներին համապատասխանող հաշմանդամություն ունեցող անձանց դիմումները մերժելու (կամ չհաստատելու) համար բացառապես իրենց հաշմանդամության և, ըստ այդմ, աջակցության կարիք ունենալու պատճառով։ Այն հիմնավորումը, որ նրանք, չունենալով այս կամ այն հմտությունը, կարող են հայտնվել վտանգավոր իրավիճակներում, չի կարող արդարացնել խտրականությունը։ Հակառակը՝ դա ապացուցում է պետության՝ մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու և պաշտպանելու պարտականության համար ջանքերի անհրաժեշտությունը։ Տվյալ դեպքում անձինք կարող են իրենց կենսակերպը կազմակերպել իրենց նախընտրած վայրում՝ ստանալով անհրաժեշտ սոցիալական և այլ ծառայություններ։ 

 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը տվյալ որոշմամբ ամրագրել է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական կարգավորում, ինչն արգելված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով։ 

 

Հորդորում ենք կառավարությանը՝

 

  • հրաժարվել այս կարգավորումից և ձեռնպահ մնալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին և ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին հակասող ցանկացած գործողությունից,

  • վերականգնել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ «ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող անձանց» բնակարանի գնման վկայագրի ձեռքբերման իրավունքը հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասար հիմունքներով,

  • բացառել կառավարության նորմատիվ որոշումների նախագծերի ընդունումն առանց հանրային քննարկման, ինչպես սահմանված է օրենսդրությամբ,

  • հարգել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց որոշումների կայացման իրավունքը և աջակցել նրանց այդ որոշումներն իրականացնելիս,

  • աջակցել բնակարանի գնման վկայագրի միջոցով հաստատություններից իրենց բնակարաններ տեղափոխված անձանց՝ բնակարանի հարմարեցման, տնային խնամքի, անձնական օգնականի և (կամ) սոցիալական օգնականի ծառայության հրատապ կազմակերպման և տրամադրման միջոցով:

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ

«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա 

 

Դիտումներ՝ 56

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????