0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Շուրջ 4մլն դրամ վատնման եղանակով հափշտակելու համար քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Լեռնավանի դպրոցի տնօրենի նկատմամբ

February 27, 2019

Աշխատանքային իրավունքներ | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նորություններ

Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ 2018թ. դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացումը կամ վատնումը՝ առանձնապես խոշոր չափերով):

 

Քրեական գործը հարուցվել է նույն դպրոցի աշխատակից Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Հաղորդումը 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

 

Գ. Գ.-ն հաղորդման մեջ նշել էր, որ Պայծառ Վարդանյանը որպես գիշերային պահակ աշխատանքի է ընդունել եղբոր հարսին, ապա՝ եղբոր կնոջը: Երկուսն էլ աշխատանքի չեն գնացել:

 

Բացի դրանից՝ նա աշխատավարձեր է վճարել ուսուցիչների, որոնք աշխատանքի չեն գնացել և ատեստատներ է տրամադրել աշակերտների, որոնք դպրոց չեն հաճախել: Գ. Գ.-ի փոխանցմամբ՝ մյուսների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ իջեցրել է իր և նույն դպրոցում աշխատող քրոջ՝ Ն. Գ.-ի աշխատավարձերը, անհարգալից վերաբերմունք է դրսևորել իրենց նկատմամբ:

 

Այդ վերաբերմունքի պատճառը, նրա պնդմամբ, իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի՝ իրենց վերաբերյալ փաստաթղթեր ստանալու՝ տնօրենին ուղղված հարցումն է եղել:

 

Նշենք, որ Պ. Վարդանյանը ամիսներ շարունակ խուսափում էր ստանալ փաստաբանի հարցումները, և դրանց պատասխանել է միայն այդ հարցով վերադաս մարմիններին ուղղված բողոքներից հետո:

 

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ավագ օպերլիազոր Ե. Դանիելյանը, քննարկելով տնօրենի ապօրինությունների վերաբերյալ Գ. Գ.-ի հաղորդումը, պարզել է, որ Պայծառ Վարդանյանը 2014թ. սեպտեմբերի 24-ին որպես գիշերային պահակ աշխատանքի է ընդունել իր եղբոր հարսին, իսկ 2015թ. ապրիլի 29-ից՝ եղբոր կնոջը: Երկուսն էլ աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց աշխատավարձերը, հարսի մասով՝ նաև նախածննդյան և հետծննդյան նպատակային արձակուրդի վճարները (ընդհանուր՝ 3.963.615 ՀՀ դրամ) ստացել է տնօրեն Պ. Վարդանյանը: Այսինքն՝ Պ. Վարդանյանը վատնման եղանակով հափշտակել է այդ գումարը:

 

Հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննության:

 

Հավելենք, որ Պ. Վարդանյանն աշխատանքից ազատել է իր ապօրինությունների մասին բարձրաձայնող Գ. Գ.-ին:

 

Դիտումներ՝ 1202

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը