Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կիսատ են, պետք է սպասել մյուս փուլերին». ի՞նչ կտա մեծ փաթեթի ընդունումը. Արթուր Սաքունց

April 5, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Այն, որ պետք է անցում կատարել համամասնական ընտրակարգի և չկիրառել ռեյտինգային ընտրակարգը, միանշանակ ճիշտ է։

 

Բայց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կիսատ են իրականացվել, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն սպասում են մյուս փուլերով իրականացվելիք փոփոխություններին։

 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ չբացառելով, որ մինչև հունիսի 20-ը նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է կատարել այդ փոփոխությունները։

 

«Ռեյտինգայինը՝ որպես ընտրության մեխանիզմ, արատավոր է, պետք է հանվեր։ Բայց միայն դա չէ արատավոր, այլ փոփոխություներ էլ պետք է արվեն»,- ասում է Սաքունցը։

 

Նշենք, որ ապրիլի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

 

Այս փոփոխությամբ հանվում է ռեյտինգային ընտրակարգը, ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով, քաղաքացիները միայն քաղաքական ուժերին են ընտրելու։ Նախքան այս փոփոխությունը՝ Հայաստանում գործում էր համամասնական ընտրակարգ՝ ռեյտինգային համակարգի հետ միասին։

 

Բացի «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ մյուս խմբակցությունները կողմ չեն արտահայտվել այս փոփոխություններին։

 

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս կիսատ լուծում են որակում այս փոփոխությունը։ 

 

Շուրջ երկու տարի ԱԺ պատգամավորների, արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների ու պետական տարբեր մարմինների մասնակցությամբ քննարկումներ են տեղի ունեցել Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ 

 

Արդյունքում՝ մշակվել էր մի նախագիծ, որը, Սաքունցի խոսքով, անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծը նաև ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

 

«Իմ քայլը» խմբակցությունը, սակայն, այս փուլում զերծ մնաց մեծ փաթեթը քննարկելուց ու ընդունելուց։

 

Արթուր Սաքունցն ասում է՝ պետք է սպասել, որ կյանքի կոչվեն նաև Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթով նախատեսված մյուս փոփոխությունները։ «Քանի որ ասում են՝ փոփոխությունները փուլերով են անելու, սպասենք բոլոր փուլերի ավարտին՝ վերջնական եզրակացություն կազմելու համար»,- հավելում է նա։

 

Սաքունցի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթը պետք է ընդունել, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է ապահովել, որ նախընտրական պայքարում վարչական ռեսուրսի օգտագործումը նվազագույնի հասնի։ Քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից, բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից, անհավասար մրցակցությունից և անձնակենտրոն ապաքաղաքական գործունեությունից նույնպես հնարավոր է զերծ մնալ առաջարկվող կարգավորումներով։

 

Այդ փաթեթով նաև նվազեցվել են կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները։

 

Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստում դժգոհել էր արդեն ընդունված փոփոխություններից։

 

«Սիրելի՛ ժողովուրդ, ձեր անունից՝ Ազգային ժողովի ամբիոնից արվում է հերթական սխալ քայլը։ Ի՞նչ է անում իշխող քաղաքական մեծամասնությունը, առանց ընդդիմադիր ուժերի ընդունում է Ընտրական օրենսգիրք։

 

Եվ Ընտրական օրենսգիրք այսպես ընդունելով՝ այսօրվանից սկսած կասկածի տակ է դնում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, որովհետև խաղի կանոնները փոխվում են։

 

Սիրելի՛ ժողովուրդ, ձեզ զրկել են հանրապետության նախագահ ընտրելու իրավունքից, ձեզ զրկել են Երևանի քաղաքապետ ընտրելու իրավունքից և ձեզ հիմա զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նշենք, որ ԼՀԿ-ն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը։

 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին ԱԺ նիստում հայտարարել է, որ այս փուլում քաղաքական մեծամասնությունը նպատակահարմար գտավ ավելի պարզեցնել ընտրական գործընթացը և անցում կատարել ամբողջապես պարզ համամասնական ընտրակարգին։

 

«Բայց սա չի նշանակում հրաժարում Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթից, և մենք առաջիկայում անպայման քննարկելու ենք նաև համապարփակ փաթեթը»,- ասել էր Մակունցը։

 

medialab.am

 

Դիտումներ՝ 17

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????