Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության վեցերորդ նպատակն ուղղված էր հոգեբուժական ծառայությունների որակի և մատչելիության բարելավում։
Պետք է փաստել, որ ծառայությունների և մասնավորապես արտահիվանդանոցային ծառայությունների բարելավման երկու միջոցառում, որոնցով նախատեսվում էր ընդլայնել ծառայությունները Երևանում և մարզերում, չեղարկվել են՝ «Աջակցություն Հայաստանում հոգեբուժական ծառայության բարեփոխումների» վարկային ծրագիրը չհաստատվելու հիմքով։ Չեն ձևավորվել տարբերակված մասնագիտացված հոգեկան առողջության ծառայություններ առանձին թիրախային խմբերի համար։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավում համայնքային ծառայություններ ստեղծելու միջոցով նույնպես տեղի չի ունեցել։
Այս եզրահանգմանն է եկել ՀՔԱՎ-ը՝ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման մշտադիտարկման արդյունքում։
ՀՀ Կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ին ընդունեց հոգեկան առողջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կարևոր որոշումներից մեկը՝ հաստատելով Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։
Այդ փաստաթուղթը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը ներառում էր միջոցառումներ՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին, մարդկային ներուժի ապահովվածությանը, մասնագետների կրթությանը, հոգեկան առողջության ծառայությունների ապահովմանը, հանրության իրազեկության բարձրացմանը։
Ռազմավարության նպատակն է՝ «հոգեկան առողջության պահպանման և բարելավման համակարգի զարգացումը և բնակչության հոգեկան առողջության խնդիրների առաջացման կանխարգելումը»: Նշված հիմնական հեռահար նպատակին հասնելու համար Միջոցառումների ցանկում նախատեսվել է 7 նպատակ և 32 միջոցառում, սահմանվել են դրանց իրականացման պատասխանատուներն ու համակատարողները, ժամկետները, ակնկալվող արդյունքները և ֆինանսավորման աղբյուրները։
Բոլոր 7 նպատակների իրականացման մշտադիտարկման արդյունքներին և բացթողումների ուղղությամբ ՀՔԱՎ-ի առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ