Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Նարինե Ավետիսյան | Նորություններ
Այսօր՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսեց Լոռի հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա, երբ Նարինե Ավետիսյանը փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) մեղադրանք է առաջադրվել Շինպլյուս ընկերության տնօրեն Տիգրան Նազարյանին ու նույն ընկերության աշխատակից Վրեժ Խաչատրյանին:
Նարինե Ավետիսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցն ու փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում նրա ներկայացուցիչներն են:
Դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տուժողին և վկաներին հարցաքննելուց հետո, դատավորի փոփոխությամբ պայմանավորված, Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ գործի քննությունը վերսկսվել է: Այսօր դատարանը կողմերի ինքնությունը և միջնորդություններ ներկայացնելու հարցը ճշտելուց հետո սահմանեց դատաքննության կարգը: Ամբաստանյալները շարունակեցին պնդել, որ մեղադրանքը չեն ընդունում:
Քանի որ տուժող Նարինե Ավետիսյանն առողջական խնդիրների պատճառով դատական նիստին չէր ներկայացել, նիստը հետաձգվեց և նշանակվեց 2019 թ. փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին: Դատարանը առաջինը կլսի տուժողին:
Leave a Reply