Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ
2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները:
Մասնավորապես՝ տվյալ նամակով տեղեկացրել ենք, որ Թուրքիայի աջակցությամբ և միջնորդությամբ Սիրիայից Ադրբեջան են ուղարկվել հազարավոր վարձկաններ, այդ թվում՝ միջազգային հանրությանը հայտնի ահաբեկչական միավորումների զինյալներ՝ անմիջականորեն մասնակցելու էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Այս տեղեկությունները բացահայտվել են ինչպես մի շարք լրատվամիջոցների հետաքննությունների արդյունքում, այնպես էլ հաստատվել են բազմաթիվ պետությունների՝ ներառյալ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, ինչպես նաև ԱՄՆ, Եվրոպական խորհրդարանի և ՄԹ պաշտոնատար անձանց կողմից: Ի լրումն՝ համացանցում արդեն իսկ հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք վկայում են վարձկանների, այդ թվում՝ ահաբեկիչների, ներգրավումը պատերազմական գործողություններին:
Բացի վարձկան ահաբեկիչների ներգրավումից, միջազգային առաջատար իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ կիրառվում են միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինամթերք, այդ թվում՝ կասետային ռումբեր, բալիստիկ հրթիռներ, տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ, որոնք վերլուծվել և հաստատվել են նաև միջազգային լրատվամիջոցների կողմից։ Օրինակ՝ հայ ռազմագերիների նկատմամբ նվաստացումներ, խոշտանգումներ և սպանություն, սպանված զինծառայողների դիակների փոխանակման մերժում հրադադարի հաստատումից հետո և այլն։ Ավելին՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք պետությունների նախագահների կողմից միջնորդած և կնքված երեք հրադադարների հաստատմանը՝ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը յուրաքանչյուր դեպքով խրախուսել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղի դեմ, անմիջական պատասխանատվություն վերցնելով նաև հրադադարի ռեժիմի հաստատման խոչընդոտմանը։
Չնայած վերոնշյալ հանցագործությունների և խախտումների ներկայացմանը՝ մինչ օրս հասարակական կազմակերպությունների դիմումի վերաբերյալ ՆԱՏՕ-ից և ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից որևէ արձագանք չենք ստացել, չի ներկայացվել դաշինքի դիրքորոշումը իր անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:
Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ն, հանդիսանալով միջազգային ահաբեկչության դեմ պայքարող ռազմաքաղաքական կառույց, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել կանխելու հետագա ահաբեկչական գործողությունները, ահաբեկչական միավորումների տեղակայումը Հարավային Կովկասում և ընդհանրապես ողջ տարածաշրջանում:
Հյուսիսատլանտյան դաշնագրի համաձայն՝ Միավորված ազգերի կանոնադրությամբ նախատեսված՝ կողմերը պարտավորվում են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով՝ չվտանգելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ինչպես նաև արդարությունը: Կողմերը պարտավորվում են նաև իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միավորված ազգերի նպատակին: Հայաստանը՝ որպես Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության ոլորտում՝ Աֆղանստանում և Կոսովոյում, և քաղաքականության ու անվտանգության ոլորտներում՝ ժողովրդավարության չափանիշներ, իրավունքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար։ Այս լույսի ներքո` ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ՆԱՏՕ-ի գործընկեր պետության նկատմամբ, ինչպես նաև մեկ գործընկեր պետության (Ադրբեջանի) կողմից մեկ այլ գործընկեր պետության (Հայաստանի) նկատմամբ ռազմական գործողությունը խարխլում են ՆԱՏՕ-ի հանուն խաղաղության համագործակցության ոգին և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը՝ խրախուսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։
Քաղաքացիական հասարակությունը մտահոգություն է հայտնում, որ ՆԱՏՕ-ի և նրա անդամ պետությունները Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի անդամ, իրենց գործընկեր պետության Թուրքիայի կողմից ձեռնարկվող ահաբեկիչների ներգրավման, և ահաբեկչության ծավալմանն ուղղված գործողությունների կանխման, կասեցման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել, որը կարող է դիտարկվել անգործություն և անտարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնարար սկզբունքների պահպանման նկատմամբ:
Ակնկալում ենք, որ անհրաժեշտ միջոցառումներ այնուամենայնիվ կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար պրն․ Ստոլտենբերգի կողմից Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների և դրանց հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ հայտնած մտահոգություններից կոնկրետ և իրական գործողություններ, քայլեր կատարելու ուղղությամբ:
Ուստի, սույն նամակով վերստին դիմում ենք Ձեզ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք իրապես շահագրգիռ են լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման սկզբունքներին համապատասխան, առաջարկելով ՆԱՏՕ կանոնադրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում հրատապ կարգով քննարկման դնել հետևյալ հարցերը՝
📌ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ուղղակի և անուղղակի կերպով ներգրավման կանխում,
📌Թուրքիայի կողմից ահաբեկիչներ վարձելու և Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողություններին ներգրավելու բացառում,
📌Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական գործողություններում պատերազմական հանցագործությունների օբյեկտիվ քննության անցկացում և կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում։
Ստորագրյալներ՝