Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում

October 14, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

Դիմումը ուղարկվել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի (Բրյուսել) Կովկասի պատասխանատուԴեսպինա Աֆենտուլին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին։

 

Դիմումին միանալ ցանկացողները կարող են դիմումը իրենց անունից ուղարկել հասցեատերերին՝ հետևյալ հասցեներով՝  afentouli.despina@hq.nato.int, puglisi.rosaria@hq.nato.intAppathurai.James@hq.nato.int և Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին։

 

Խնդրում ենք նամակին CC տարբերակով նշել communication@hcav.am էլփոստի հասցեն։ 

 

Տեքստը կարելի է ներբեռնել՝ ԱՅՍՏԵՂ (հայերեն) և ԱՅՍՏԵՂ (անգլերեն)

 

————

1949 թ․ ընդունված Հյուսիսանտլանտյան դաշնագրի հիման վրա ստեղծված Դաշինքի նպատակն է երաշխավորել իր անդամների ազատությունն ու անվտանգությունը քաղաքական և ռազմական միջոցներով:

 

Դաշինքը ստեղծվել է հավաքական պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների նկատմամբ հանձնառության հաստատմամբ։ Դաշնագրի ներքո անդամ պետությունները, այդ թվում 1951թ․ միացած Թուրքիան պարտավորվել են ցանկացած միջազգային հակամարտություն լուծել խաղաղ ճանապարհով և իրենց միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքների կամ ուժի այնպիսի կիրառումից, որը հակասում է Միացյալ ազգերի նպատակին: Դաշինքը խթանում է ժողովրդավարական արժեքները և հնարավորություն է տալիս անդամներին խորհրդակցել և համագործակցել պաշտպանության և անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, լուծել խնդիրներ, ձևավորել վստահություն և երկարաժամկետ հեռանկարում կանխել հակամարտությունները: Դաշինքի անդամ երկրների համար առանցքային է համարվում ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը։

 

2020թ․ իրականությունը տարբերվում է դաշնագրի մշակման և փոփոխությունների ժամանակաշրջանի ռիսկերի և դերակատարների առումով, սակայն վերոնշյալ սկզբունքներն այնուամենայնիվ պետք է անփոփոխ լինեն։

 

Եվրոպական մայրցամաքում հաճախ ուղիղ ռազմական վտանգին փոխարինում է տեղեկատվական պատերազմի վտանգը, ինչի ուղղությամբ դեռևս պատշաճ գործողություններ չեն իրականացվում։ Միևնույն ժամանակ իրական ռազմաքաղաքական սպառնալիքները տեղափոխվել են Միջին Արևելք և դեպի Կենտրոնական Ասիա։ Այս տարածաշրջանների գրեթե բոլոր հակամարտություններում առանցքային դերակատար է Թուրքիան, որն ուղղակի ռազմական միջամտությամբ սրում է իրավիճակը մասնավորապես Լիբիայում, Սիրիայում, Կիպրոսում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում։ 

 

Ըստ անկախ հետաքննությունների, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից Ադրբեջան է ուղարկել հազարավոր վարձկան ահաբեկիչների, որոնք ուղղակիորեն մասնակցում են էթնիկ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ՝ մասնակցելով Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, մինչ Դաշինքի անդամ պետությունը ահաբեկիչների է հավաքագրում և օգտագործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խրախուսելով ահաբեկչության տարածումը և առավել ապակայունացնելով իրավիճակը։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն ռազմական և քաղաքական աջակցություն է տրամադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2020 սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակման համար, այլ նաև պատերազմի ընթացքում քննադատել և խոչընդոտել է Ղարաբաղյան հակամարտությամբ խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ հայտարարելով, որ զինադադարի կոչերն անընդունելի են։[1] Պատերազմի անցած երկու շաբաթների ընթացքում ամեն օր ադրբեջանական ռազմական բեռնատար օդանավերը թռիչքներ են կատարել դեպի Թուրքիա։ Թուրքիայի միջամտությունը հանգեցրել է զոհերի և տուժածների նաև խաղաղ բնակչության շրջանում։  

 

Դրանով հանդերձ Թուրքիայի վարչակազմն իր անթաքույց ագրեսիվ գործողություններով ոչ միայն նպաստում է Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի ռազմական ագրեսիային, այլև ձգտում է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Սա ոչ թե ուղղակի միջազգային այդ մեխանիզմի կարգավիճակի և ձևաչափի փոփոխություն է ենթադրում, այլև վտանգի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի  հիմնարար սկզբունքներից մեկը, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով։

 

2020 հոկտեմբերի 12-ին թուրքական Հաբեր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիմնավորելով, թե ինչու Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր ունենա, ասել է, որ՝  «Այսօր Թուրքիան ուժային կենտրոն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով: Արևմուտքում շատերը չեն ցանկանում դա ընդունել, դա նրանց զայրացնում է: Նրանք սովոր են նրան, որ, ցավոք, անցյալ դարում, երբեմն նրանց խոսքերը բարձր արժեք ունեին թուրքական քաղաքականության մեջ: Բայց այսօր Թուրքիան բացարձակապես անկախ քաղաքականություն է վարում և դարձել է համաշխարհային մասշտաբի ուժ: Առանց Թուրքիայի ո՞ր հարցն է լուծվում մեր տարածաշրջանում: Տեսեք, Թուրքիան իր խոսքն է ասում Սիրիայում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում, և սա իրականություն է: Նրա հետ պետք է հաշվի նստել»:[2]

 

Այս հայտարարությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Թուրքիան տարածաշրջանում իր քաղաքականությունը վարում է միայն սեփական շահերի, այլ ոչ թե Դաշնագրում ամրագրված սկզբունքների առաջմղման կամ մյուս անդամ պետությունների հետ փոխօգնության ոգով։ Նման քաղաքականության շարունակումը կհանգեցնի ոչ միայն ՆԱՏՕ-ի որպես անվտանգության և խաղաղության երաշխավոր կազմակերպության  հեղինակազրկմանը տարածաշրջանում, այլև ահաբեկչության տարածմանը Կովկասում՝ խորացնելով հումանիտար աղետը։

 

 Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք․

 

📌Հրատապ միջոցներ ձեռնարկել կանխելու Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիայի շարունակությանն ուղղված խրախուսող հռետորաբանությունը, գործնական քայլերը և անմիջական ներգրավվածությունը,

 

📌Հետաքննել Թուրքիայի միջամտության իրավաչափությունը տարածաշրջանի հակամարտություններում և նրա գործողությունների համատեղելիությունը Դաշինքի սկզբունքների հետ՝ տալով ռազմաքաղաքական գնահատական,

 

📌Կիրառել պատժամիջոցներ և հստակ արգելանքներ՝ բացառելու այդ միջամտության շարունակականությունը,

 

📌Վերանայել Հյուսիսատլանտյան դաշնագրի իրավասության տարածքը՝ ապահովելով սկզբունքների և պաշտպանության մեխանիզմների տարածումը երրորդ երկրներում անդամ պետությունների միջամտության դեպքերի համար,

 

📌Նախատեսել սկզբունքներ և մեխանիզմներ՝ հետագայում կանխելու ՆԱՏՕ-ի կանոնադրության և հիմնարար սկզբունքները ոտնահարող անդամ պետության ոչ իրավաչափ գործունեությունը, պատժամիջոցներ կիրառելու նման գործունեության իրականցման դեպքում, ապահովելու տուժած երրորդ կողմերի հետ արդյունավետ համագործակցությունը և խախտված իրավունքների վերականգնումը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամ Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

Իրավունքի Զարգացման և Պաշտպանության Հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

____

[1] https://www.al-monitor.com/pulse/originals/2020/10/intel-turkey-armenia-azerbaijan-ceasefire-russia-macron-us.html

[2] https://moscow-baku.ru/news/politics/ilkham_aliev_dal_intervyu_turetskomu_telekanalu_haber_global/?fbclid=IwAR3mCsdH1svdWsfZ7_VdiKCs5ws_O1zRcVo__IH1IyZad0mHkirqBJ0jJKY

Դիտումներ՝ 4961

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????