Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։
Նա տեղեկացրել է, որ անտեսելով հոկտեմբերի 10-ին մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի/ԼՂ ՊԲ ստորաբաժանումները դիմել են պատասխան միջոցների՝ կասեցնելու ադրբեջանական զինուժի գրոհը։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կիրառել է հարվածային ԱԹՍ ԱՀ/ԼՂ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղական համայնքի, նաև ՀՀ Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Արծվանիկի համայնքապետ Անուշավան Հարությունյանն հայտնել է, որ հրթիռակոծությունը սկսել է ժամը 9:30-ին, շարունակվել մինչև 11-ը։ Կա 1 զոհ։
Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ նույն օրն առավոտյան հրթիռակոծվել են նաև Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները:
Միաժամանակ տեղեկացվել է, որ Ադրբեջանի զինված ուժերն անցել են օդային հարձակման՝ կիրառելով մեծաքանակ ԱԹՍ-ներ: Նրանք կրկին թիրախավորել են ԱՀ/ԼՂ Հադրութ քաղաքը։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ՝ մինչ հումանիտար հրադադարի հաստատումը: Չնայած հրադադարի հաստատումից ժամեր են անցել՝ զինված գործողությունները շարունակվում են:
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել է մարդասիրական նպատակներով հայտարարված հրադադարի և ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ու վերջինիս չափանիշների համաձայն գործողությունների իրականացման ընթացակարգը, որը համակարգվելու է Արցախի/ԼՂ իշխանությունների հետ: