Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հոկտեմբերի 12: Խաղաղ բնակչության թիրախավորման արդյունքում Հայաստանում և Արցախում/ԼՂ կա առնվազն 34 զոհ

Արցախի/ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում արձանագրվել է 31 զոհ: Կա առնվազն 102 վիրավոր։ Ադրբեջանական կողմի զինված հարձակման հետևանքով մինչ օրս խաղաղ բնակչության շրջանում ևս 3 զոհ է գրանցվել ՀՀ տարածքում։ Ընդհանուր՝ Արցախում/ԼՂ և Հայաստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասավ 34-ի։

 

Հոկտեմբերի 12-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացրել է, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:

 

Ավելի վաղ կենտրոնը տեղեկացրել էր, որ ԱՀ /ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին թիրախավորվել է։

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱՀ/ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների կապակցությամբ նամակ է հղել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսին: Նախարարը, մասնավորապես մտահոգություն է հայտնել ԼՂ-ի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների ու դպրոցների թիրախավորման վերաբերյալ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում կան բազմաթիվ զոհեր խաղաղ բնակիչների շրջանում և ավերածություններ:

 

Հոկտեմբերի 11-ին, արդեն իսկ հայտարարված հրադադարի պայմաններում, Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան: Նախարարն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը մեծապես խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:

 

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի/ԼՂ և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի: 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր