0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Հոկտեմբերի 22: Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

October 22, 2020

Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Սակայն  ԱՀ/ԼՂ-ի Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը: Արդեն երկրորդ օրն է՝ թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են: Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել։

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է հրադադարի շարունակվող խախտումներով, որոնք մարդկային կյանքեր են խլել։ ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության համար կարևոր է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, դադարեն տառապանքներն, ու գտնվի խաղաղ կարգավորում։ Կենսական կարևորություն ունի այն, որ բոլոր կողմերն այժմ զսպվածություն ցուցաբերեն, հետևեն հրադադարին և լարվածության թուլացմանը։ Քաղաքացիական բնակչության ցանկացած թիրախավորում անընդունելի է և պետք է դադարեցվի։ Բոլորը պետք է աշխատեն՝ հասնելու խնդրի կայուն քաղաքական լուծման։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակում են լինել կարևոր:

 

Հոկտեմբերի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարություն է տարածել՝  անհանգստություն հայտնելով ԼՂ-ում կորոնավիրուսային հիվանդության աճի հետ կապված: Հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի վերջից՝ ԼՂ հակամարտության գոտում սրման հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք են տեղափոխվել, հարյուրավորները վիրավորվել, շատերը՝ սպանվել:  Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը:  Շարունակական բռնությունը և բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջապահական իրավիճակի անորոշությունը»: Նա նշել է, որ ռազմական գործողությունները խաթարում են բնակիչներին առողջապահական օգնություն ցույց տալը, ավելացնում ծանրաբեռնվածությունը համաճարակով արդեն իսկ լարված առողջական համակարգերի վրա: ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի և ապրուստի միջոցները հանրային առողջության սպառնալիքներից, որոնք աննախադեպ են: «ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին հորդորում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանել խաղաղ բնակչությանը և առողջապահական հաստատությունները, որոնք զբաղվում են վիրավորներին և հիվանդներին խնամելով:  COVID-19- ի համատեքստում հատկապես կարևոր է, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի  կարողանան պահպանել համաճարակային համապատասխան արձագանքը: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, այն մարդու հիմնարար իրավունք է»,- ասվում է հայտարարության մեջ:

 

ԱՀ/ԼՂ նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ ռազմական գործողություններն ակտիվորեն շարունակվում են առաջնագծի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում:


Մինչ օրս ադրբեջանական ագրեսիային զոհ է գնացել ընդհանուր թվով 38 խաղաղ բնակիչ. 37-ը՝ ԱՀ-ում, 1-ը՝ ՀՀ-ում:

 

Լուսանկարը՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Դիտումներ՝ 187

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Private: Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը