Գործունեություն | Խաղաղասիրություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2020 | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Հրապարակումներ | Նորություններ
Հոկտեմբերի 26-ին ԱՀ/ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժը, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը, «Գրադ» և «Սմերչ» կայանքներից հրթիռակոծել է ԱՀ/ԼՂ-ի Մարտունու շրջանը` ներառյալ Մարտունի քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի 1 տուն։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալները ճշտվում են։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, ադրբեջանական զինուժը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ԱՀ/ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, հրետակոծվել է ԱՀ/ԼՂ-ի Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության 1 օբյեկտ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան։
Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել ԱՀ/ԼՂ-ի քաղաքացիական բնակավայրերը: Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է 1 քաղաքացիական անձ, ևս 2-ը՝ վիրավորվել:
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայ գերիների նկատմամբ ադրբեջանական կողմի պահվածքը և հայերի նկատմամբ ատելության խոսքը վկայում է, որ խնդիր են դրել էթնիկ զտում իրականացնել Արցախում»,-ասել է Մարդու իրավունքների պաշտպանը հարցազրույցի ժամանակ:
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրել է, որ արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերման որևէ գործընթաց դեռևս չի սկսվել։
Ներգրավված կողմերի երկկողմանի համաձայնություն է պետք, որպեսզի Կարմիր Խաչը սկսի իր գործողություններն իրականացնել։
Ամերիկյան Fox news հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկրի բանակը մինչև հոկտեմբերի 9-ը ռմբակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակիչներին, դրանից հետո, իբր, չեն կրակել խաղաղ բնակիչների վրա: «Մեր հարձակումները եղել են հոկտեմբերի 9-ից առաջ։ Դրանից հետո ԼՂ-ի խաղաղ բնակչության և քաղաքների վրա մենք չենք հարձակվել»,- ասել է Ալիևը։ Ըստ էության, սա արցախահայության դեմ պատերազմական հանցագործության խոստովանություն է:
Այսպիսով՝ մինչ օրս ադրբեջանական ագրեսիային Արցախում/ԼՂ և Հայաստանում զոհ է գնացել ընդհանուր թվով 41 խաղաղ բնակիչ։